HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բագրատաշենի մաքսային տեսուչներից պահանջում են 680 մլն դրամի փոխհատուցում. հարազատները բարձրաձայնում են «գործ սարքելու» մասին 

Բագրատաշենի մաքսային կետի տեսուչների գործողությունների հետևանքով պետությանը պատճառված մոտ 700 մլն դրամի վնասի վերաբերյալ գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է: Տեսուչներից Արծրունի Գևորգյանի հարազատներն ու փաստաբանը նշում են, որ փաստերի խեղաթյուրման հետևանքով է Գևորգյանին մեղադրանք առաջադրվել, ինչի հետևանքով արդեն 5 ամիս կալանավորված է:

2024թ. ապրիլին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի տեսուչներ Աշոտ Մովսիսյանն ու Արծրունի Գևորգյանը նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բեռնատարների վարորդների օժանդակությամբ, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և առանց համապատասխան ապրանքների առկայությունը ստուգելու, թույլատրել են դատարկ բեռնատարների ելքը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 700 մլն դրամի գույքային վնաս:

«Մասնավորապես՝ 2023թ. դեկտեմբերի 25-ին և 26-ին մաքսային տեսուչ Ա. Մ.-ի մտերիմ Ռ. Գ.-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծել է 87,6 տոննա շարժիչային յուղեր, սակայն ներքին սպառման նպատակով ներմուծված հիշյալ ապրանքների համար շուրջ 69 մլն ՀՀ դրամի չափով մաքսատուրքեր, հարկեր և այլ տուրքեր վճարելու պարտավորությունից ազատվելու համար տնտեսվարողը դրանք ձևակերպել է «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: Այնուհետև դրանք տեղափոխող բեռնատարները, մինչև Բագրատաշենի մաքսակետ հասնելը, դատարկվել են և առանց բեռների՝ մուտք գործել արտահանման ուղղության վրա տեղակայված հսկողության տարածք: Նույն պահին արտահանման տեղամասում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն առանց բեռնատարները կշռելու և դրանցում համապատասխան ապրանքների առկայությունը ստուգելու, դիտավորյալ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և վերոհիշյալ տրանսպորտային միջոցների վարորդների օժանդակությամբ թույլատրել են իրականում չարտահանվող ապրանքների տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից երրորդ երկրներ՝ այդ կերպ Ռ. Գ.-ին ազատելով հարկերը վճարելու պարտականությունից»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահատվել է նույն մեխանիզմով հանցանքների կատարման ևս 15 դեպք:

Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելու, իր ծառայողական պարտականությունը չկատարելու արդյունքում պետությանն էական վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր արարք կատարելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի հաղորդման հիման վրա 2024թ. հունվարի 10-ին Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթով հսկող դատախազը որոշում է կայացրել Արծրունի Գևորգյանի նկատմամբ 16 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Ա. Գևորգյանը զբաղեցրել է ՊԵԿ-ի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի կետ-բաժնի 1-ին բաժանմունքի ավագ մաքսային տեսուչի պաշտոնը, և ի թիվս այլնի, ունեցել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից երրորդ երկրներ արտահանվող բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մաքսային հսկողություն իրականացնելու, դրա արդյունքում միության մաքսային տարածքից ապրանքների մեկնումը թույլատրելու լիազորություն: 

Արծրունի Գևորգյանը ձերբակալվել է 2024թ. փետրվարի 22-ին և կալանավորվել 23-ի գիշերը: Դատարանը երկրորդ անգամ է երկարացրել Ա. Գևորգյանի կալանքի ժամկետը: Վերջին անգամ 3 ամսով ժամկետը երկարացվել է հուլիսի 12-ին:

Ա. Գևորգյանի որդին՝ Արմեն Գևորգյանը, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հորը վերագրվել են անգամ այնպիսի դրվագներ, երբ նա գտնվել է արձակուրդի մեջ կամ ծառայություն է իրականացրել այլ կետում, հետևաբար չէր կարող կապ ունենալ դրանց հետ:

Փաստաբան Հարություն Հարությունյանն ասում է, որ որևէ ցուցմունք, փաստ կամ տվյալ չկա, որ Արծրունի Գևորգյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքին: Մասնավորապես, որ նա տեղեկացված է եղել, թե  մաքսային տարածքի մեկնման վայրով անցնող բեռնատարներում բացակայում են մաքսային հայտարարագրերում նշված տեսակի և քանակի բեռները: Չկա որևէ ապացույց Աշոտ Մովսիսյանի հետ նախնական համաձայնության վերաբերյալ, ենթադրյալ օժանդակողների՝ բեռնատարների 11 վարորդների հետ Ա․Գևորգյանը առնչություն չի ունեցել, և որևէ տվյալ այդ մասին քրեական վարույթում չկա:

Արծրունի Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցի տեսակին՝ կալանքին անդրադառնալիս դատարանը նշել է, որ քրեական գործի նյութերի ուսումնասիրումից հնարավոր է հիմնավորված ենթադրություն անել՝ բարձր է հավանականությունը, որ Գևորգյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քրեական վարույթին՝ որպես հիմնավորում նշելով, թե Արծրունի Գևորգյանը երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՊԵԿ-ում, և վերջինիս մեղսագրվող արարքը կապված է նրա գործունեության հետ, ուստի Ա. Գևորգյանը, մնալով ազատության մեջ, կարող է ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով խոչնդոտել գործի քննությանը։

Կալանքի ժամկետը երկարացնելու հուլիսի 12-ի նիստի ժամանակ փաստաբան Հարություն Հարությունյանը նշեց՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արծրունի Գևորգյանը գործով անցնող անձանց (բացի իր գործընկերներից) ոչ ոքի չի ճանաչում, և վերջիններիս հետ որևէ առնչություն չի ունեցել։ Փաստաբանի խոսքերով՝ Ա․Գևորգյանը 2024թ. հունվար ամսից իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որը, պաշտպանական կողմի դիտարկմամբ, պետք է համարվի որպես իրադրության փոփոխություն։ Առաջ քաշված տրամաբանությամբ՝ բոլոր աշխատակիցները, որոնք ներգրավված են եղել արտահանման բաժնում, պետք է կալանավորվեն, պարզվի նրանց ենթադրյալ ներգրավվածությունը գործին, որից հետո կորոշվի՝ նրանց բաց թողնել, թե ոչ։ 

Նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը միջնորդել էր առերես հարցաքննել Արծրունի Գևորգյանին իր դեմ ցուցմունք տված անձանց հետ՝ ապահովելով իր հակընդդեմ հարցման իրավունքը, սակայն քննիչն այն մերժել է: Փաստաբանն արձանագրում է, որ փաստացի Ա. Գևորգյանի դեմ ցուցմունք տված անձինք չկան, ինչն էլ հիմք է հանդիսացել այդ միջնորդությունը մերժելու համար։ 

«Եթե Արծրունի Գևորգյանի դեմ ցուցմունք տված անձինք չկան, քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, ապա հռետորական հարց՝ նախկին պաշտոնատար անձ լինելն ինչ կապ ունի խոչընդոտման հանգամանքի հետ, եթե ապացույցներն արդեն հավաքված են, որոնք հիմնականում իրենցից ներկայացնում են փաստաթղթեր, տեսագրություններ, ապա ապացուցման գործընթացին ի՞նչ եղանակով խոչնդոտելու մասին է խոսքը»,- նշում է փաստաբան Հ. Հարությունյանը:

Արծրունի Գևորգյանի որդին՝ Արմեն Գևորգյանը, կարծում է, որ հայրն անօրինական է կալանքի տակ պահվում: 

Հայտնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում վարույթը քննվել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վահե Մարտիրոսյանի, Արթուր Խլղաթյանի, Շահեն Շիրինյանի և ՀԿԳ քննիչ Վիգեն Մարգարյանի կողմից: Վերջինս նշանակված է եղել քննչական խմբի ղեկավար։

Ըստ Արմեն Գևորգյանի՝ քննչական խումբը, վերլուծելով Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետի թիվ 16 տեսախցիկի` 2023թ. դեկտեմբերի 29-ի կոնկրետ ժամանակահատվածի տեսագրությունը, արձանագրել է, որ Արծրունի Գևորգյանը, նստած տեղից կանգնում է և կիսով չափ բացելով սենյակի դուռը, ձեռքի շարժումով ուղղորդում է վարորդներից Հայկ Բալինյանին և վերջինիս հետ կանգնած մյուս անձին, գնալ ինչ-որ ուղղությամբ, որից հետո վերջիններս, քայլելով այդ ուղղությամբ, դուրս են գալիս տեսանկարահանող սարքի նկարահանման տիրույթից։ Արձանագրվել է նաև, որ Բալինյանը վերադառնում և կրկին կանգնում է նույն տեղում։ Այդ ժամանակահատվածը նկարագրվել է 2 րոպե 10 վայրկյան:

Մինչդեռ տեսագրության վերին աջ անկյունում ընթացիկ ժամը ֆիքսող նշումներից ակնհայտ է, որ Բալինյանը դուրս է գալիս տեսանկարահանող սարքի նկարահանման տիրույթից և նորից հայտնվում է տեսանկարահանող սարքի նկարահանման տիրույթում ընդամենը 5 վայրկյան անց։ 

«Խեղաթյուրելով տեսագրության ժամանակագրությունը՝ ստեղծվում է տպավորություն, որ այդ ժամանակահատվածում հնարավոր է՝ կատարվել է գործի համար էական նշանակություն ունեցող գործողություն։ Տեսանկարահանող սարքի նկարահանման տիրույթից դուրս գալուց Հայկ Բալինյանի ձեռքին կար ծխախոտ, իսկ վերադառնալիս՝ ոչ։ Հայրս ընդամենը հորդորել է այլ տեղում ծխել կամ հանգցնել ծխախոտը: Այսպիսով, 5 վայրկյանը փոխարինելով մի քանի րոպեով՝ ՀԿԳ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորած քննչական խումբը խեղաթյուրել է նախաքննության համար էական նշանակություն ունեցող տեսագրության ժամանակագրությունը»,- ասում է Արմեն Գևորգյանը։

Անդրադառնալով մեղադրանքի հիմքում ընկած փաստերին՝ Արմեն Գևորգյանն ասում է, որ շարժիչային յուղերի՝ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված արտահանման գործընթացի համար Երևանում «ՄԵՏԷՔՍԻՄ ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊԸ-ում ընտրվել է մաքսային հսկողության «Կարմիր ուղի» ընթացակարգը։ Այդ ընթացակարգին համապատասխան՝ համակարգի կողմից տրվել է 9 ցուցում, որոնց կատարմամբ անհամապատասխանություններ և խախտումներ չեն հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ ընթացակարգը «դե ֆակտո» դարձել է «Կանաչ ուղի»։ Դրանից հետո բեռնատարները կապարակնքվել են և ուղևորվել Բագրատաշենի մաքսային կետ: 

Արմենի փոխանցմամբ՝ Բագրատաշենի մաքսային կետ-բաժին հասնելու պահին բեռնատարների կնիքները եղել են անվնաս, հետևաբար որևէ կասկած չի առաջացել: Հաշվի առնելով «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ընթացքում համապատասխան միջոցների անցկացման և խախտումների չհայտնաբերման հանգամանքը՝ Բագրատաշենում հավելյալ ստուգումը եղել է ոչ պարտադիր և թողնվել է տեսուչների հայեցողությանը։ 

Այսինքն, ըստ Արմենի՝ քննիչները, հիշատակելով մաքսային հսկողության «Կարմիր ուղի» ընթացակարգը, անաչառ դիտորդի մոտ ստեղծում են տպավորություն, որ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում «Կարմիր ուղի» ընթացակարգով սահմանված գործառույթները չեն իրականացվել տեսուչ Արծրունի Գևորգյանի կողմից, այսինքն՝ բեռնատարները չեն ստուգվել, չեն կշռվել և այլն: Մինչդեռ «ՄԵՏԷՔՍԻՄ ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊԸ-ում համապատասխան գործընթացն անցնելուց հետո և Բագրատաշենի մաքսային կետ-բաժին հասնելու պահին կապարակնիքների անվնաս լինելու հանգամանքը, փաստաթղթային անճշտությունների բացակայությունը, ինչպես նաև կոնկրետ ապրանքների կամ ընկերությունների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն դարձնելու ցուցումի բացակայությունը բավարար հիմք են մաքսային տեսուչի համար, ըստ իր հայեցողության, թույլատրելու ապրանքի բացթողումը։ Այսինքն՝ պարտադիր ցուցում չի եղել, ոչ էլ կասկած՝ կապարակնիքները բացելու և ապրանքը ստուգելու համար:

Արմեն Գևորգյանը ևս մեկ կարևոր հանգամանք է առանձնացնում: Նրա խոսքերով՝  ՊԵԿ նախագահի՝ 2020թ. հուլիսի 9-ի թիվ 1/684-Ա հրամանով սահմանվել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի ավագ մաքսային տեսուչի մաքսային ծառայության պաշտոնի անձնագիրը, և թվարկված են պաշտոնի անձնագրի «աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները»: 

Հետագա դատողություններում քննիչներն, Արմենի խոսքերով՝ ակնհայտորեն խեղաթյուրել են պաշտոնի անձնագրում նշված իրավունքներն ու պարտականությունները՝ մի շարք իրավունքներ ներկայացնելով որպես պարտականություններ: Դրա հետևանքով տեղծվում է տպավորություն, որ մաքսային տեսուչ Արծրունի Գևորգյանը չի կատարել իր ծառայողական պարտականությունը, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Արծրունի Գևորգյանի որդին նշում է նաև, որ քրեական գործում առկա է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի պարտականությունների կատարող, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Վաթյանի՝ 2024թ. հունվարի 22-ի գրությունը, որտեղ նշված է, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վահան Ապրեսյանի ֆեյբուքյան էջի ուսումնասիրությունից պարզվել է, որ 2022թ. նոյեմբերի 26-ին տեղադրված լուսանկարներում առկա անձանցից մեկն Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսատան աշխատակից Արծրունի Գևորգյանն է։ Նշենք, որ այդ լուսանկարը կարևոր դեր է խաղացել սկզբնական հատվածում Ա. Գևորգյանին կալանավորելու որոշում կայացնելու հարցում, քանի որ լուսանկարում պատկերված այլ անձինք կապ ունեն քրեական գործի հետ:

«Անհերքելի է, որ դա ևս իրականության հետ որևէ աղերս չունի․ նախ իմ հայրը չէ այդ լուսանկարում, երկրորդը՝ նա բացի իր գործընկերներից, այլ անձանց չի ճանաչում: Այնուամենայնիվ, տվյալ հանգամանքը ևս անուղղակիորեն ներառվել է հորս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ քննիչների միջնորդությունում, ինչպես նաև արծարծվել է դատավարական նիստի ընթացքում։ Եթե նշանակվի համապատասխան փորձաքննություն քննչական խմբի անդամների ճանաչողական ֆունկցիոնալությունը գնահատելու համար, և այդ փորձաքննությունը չարձանագրի որևէ ակնհայտ շեղում, ապա դա կվկայակոչի, որ հիշյալ լուսանկարներում առկա անձանցից մեկի հետ Արծրունի Գևորգյանին նույնականացնելու ցանկությունը եղել է կանխամտածված՝ նախաքննության ընթացքը ճշմարտության ուղեծրից շեղելու նպատակով։ Իսկ հակառակ դեպքում, պետք է ստուգել քննչական խմբի անդամների համապատասխանելիությունը իրենց պաշտոններին»,- ասում է Արմեն Գևորգյանը։

Ա. Գևորգյանը նաև հայտնում է, որ ակնհայտ անճշտություններից և դիտավորյալ ներկայացված փաստական սխալներից զատ՝ հորը կալանավորելու միջնորդությունում տեղ են գտել նաև տրամաբանական շղթան համալրող, սակայն մոլորեցնող և ճշմարտությունը խեղաթյուրող մի շարք ձևակերպումներ։ Մասնավորապես՝ ըստ Արմեն Գևորգյանի՝ նշվել է, որ 2023թ. դեկտեմբերի 29-ի կոնկրետ ժամանակահատվածում իրենց աշխատասենյակում ծառայողական պարտականություններ կատարող մաքսային ծառայողներ Աշոտ Մովսիսյանը և Արծրունի Գևորգյանը հեռախոսային կապի միջոցներով շփվել են դեռևս չպարզված անձի կամ անձանց հետ։ Մինչդեռ այդ ընթացքում Արծրունի Գևորգյանը որևէ մեկի հետ հեռախոսային կապ չի հաստատել։ Ավելին, նշված ժամանակահատվածում Արծրունի Գևորգյանն իր հեռախոսին դիպել է մեկ անգամ՝ սեղանի մի հատվածից մեկ այլ հատված տեղափոխելու նպատակով, ինչը տեսագրված է։ Արմեն Գևորգյանի պնդմամբ՝ արարքի վերագրման՝ հոգնակի թվով ձևակերպման նպատակը մոլորեցնելն ու Արծրունի Գևորգյանի մասով մեղադրանքն այդ կերպ հիմնավորելն է։

Միջնորդության մեջ նշվել է, որ քննության առարկա հանդիսացող «բոլոր դեպքերում Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի սահմանային անցման կետում վերոնշյալ ապրանքների ելքագրման գործողությունները մշտապես կատարվել են նույն մաքսային տեսուչների՝ Աշոտ Մովսիսյանի և Արծրունի Գևորգյանի կողմից»։ Մինչդեռ, Արմեն Գևորգյանի դիտարկմամբ՝ ոչ միայն քննության առարկա դեպքերում, այլ ընդհանրապես բոլոր դեպքերում Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի սահմանային անցման կետում ապրանքների ելքագրման գործողությունները մշտապես կատարվել են մաքսային տեսուչներ Աշոտ Մովսիսյանի և Արծրունի Գևորգյանի կնիքներով, քանի որ տվյալ հերթափոխում միայն նրանք են ունեցել համապատասխան կնիք։ 

«Նման ձևակերպումը մղում է ենթադրելու, որ միայն քննության առարկա դեպքերում են ելքագրումները կատարվել բացառապես Աշոտ Մովսիսյանի և Արծրունի Գևորգյանի կողմից, ինչից չի հասկացվում, որ քննիչների հիշատակած հանգամանքը վերաբերելի է բոլոր դեպքերին, այլ ոչ թե միայն քննության առարկա դեպքերին։ Ավելին, 2023թ. դեկտեմբերի 29-ի կոնկրետ ժամանակահատվածում Արծրունի Գևորգյանի կնիքն օգտագործվել է այլ աշխատակցի կողմից։ Կնիքի պատկանելիությունն անշուշտ կարևոր գործոն է, բայց միևնույն ժամանակ կնիքը անձի հետ նույնացնելը անհեթեթություն է այն դեպքում, երբ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետի թիվ 16 տեսախցիկի տեսագրությունը հանդիսանում է անհերքելի ապացույց առ այն, որ կնիքն օգտագործվել է այլ աշխատակցի կողմից»,- նշում է Արմեն Գևորգյանը:

Հուլիսի 12-ի դատական նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Ա. Մովսիսյանի և Ա. Գևորգյանի խափանման միջոցի երկարաձգման հարցը, հանրային մեղադրող Խորեն Մեջլումյանը պնդեց, որ դեռևս պահպանվում են այն ռիսկերը, որ նշված անձինք կարող են ազդեցություն ունենալ գործի քննության վրա, սակայն թե ինչպիսի ազդեցություն, չմանրամասնեց: Ավելին, Ա. Գևորգյանի փաստաբանի՝ դրան վերաբերող հարցերը մնացին անպատասխան: Մեղադրող դատախազը որևէ հարցի հստակ չպատասխանեց:

Այնուամենայնիվ սա չխանգարեց դատավոր Սարգիս Դադոյանին 3 ամսով երկարաձգել կալանքի ժամկետը:  Նրա կայացրած որոշումը գրեթե նախորդ որոշումների կրկնությունն է: 

Դատախազությունը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել գործով անցնող 6 անձից՝ Ա. Մովսիսյանից, Ա. Գևորգյանից և 4 վարորդներից պետությանը պատճառված՝ 680 մլն դրամ վնասը համապարտության կարգով բռնագանձելու պահանջով:

Պաշտպանական կողմը պատրաստվում է հերթական անգամ խափանման միջոցի փոփոխության հարցով հատուկ վերանայման բողոք ներկայացնել վերաքննիչ դատարան: Նախորդ բողոքները վերաքննիչ դատարանի կողմից մերժվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter