HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Խաչատրյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է տուժողի ծանոթը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Արամ Խաչատրյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել են մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 1975թ. ծնված Գ.Ա.-ն:

«2024թ. հուլիսի 20-ին հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի 37-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերջինս հրազենային վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բակում:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ա.-ն, անձնական հարցի կապակցությամբ նախկինում տեղի ունեցած վիճաբանության պատճառով, մտադրվել է կյանքից ապօրինի զրկել 37-ամյա ծանոթին:

Այդ նպատակով դեպքի օրը՝ ժամը 15:22-ի սահմաններում, Գ.Ա.-ն քննությամբ դեռևս չպարզված օրը և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք բերված ու իր մոտ պահած հրազենով զինված, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում կանգնեցրել է նույն հատվածով երթևեկող 35-ամյա տուժողի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, ապա վերջինիս կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, բաց պատուհանից հրազենով կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Գ.Ա.-ն հայտնաբերվել է և, հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով և մեղադրանք առաջադրվել: 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան՝ Գ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter