HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի գլխավոր հատակագծի մասին հանրային քննարկումներն` առանց հանրային մասնակցության. ԹԻՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» Հակակոռուպցիոն կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Երևանի գլխավոր հատակագծի մասին հանրային քննարկումներն իրականացվում են առանց հանրային մասնակցության։

«Ս.թ. ապրիլի 9-ին Երևանի քաղաքապետարանը կայքում տեղադրել է «Հանրային քննարկման հրավեր»՝ տեղեկացնելով, որ 2024 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում նախատեսվում է կազմակերպել Երևան համայնքի կողմից ներկայացված «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծ» հիմնադրույթային փաստաթղթի վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված առաջին հանրային լսումը:

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող փաստաթղթերը պետք է ենթարկվեն ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և բնապահպանական փորձաքննության: Նույն օրենքով սահմանվում է ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացների մեկնարկը և հանրության մասնակցության իրավունքի մասին տեղեկատվության տարածումը, ՌԷԳ-ի փաստաթղթերի մատչելիության ապահովումը, լսումներին հանրության մասնակցության պայմանների ստեղծումը և պաշտոնական կայքերով ու այլ միջոցներով փաստաթղթի նախագծի վերաբերյալ հանրության իրազեկումը:

Հանրային լսումների ծանուցումը պետք է պարունակի՝

  1. նախաձեռնողի անունը
  2. փաստաթղթի նախագծի անվանումը
  3. ամփոփ նկարագիրը
  4. փաստաթղթի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը
  5. հանրային լսումների ժամանակը և վայրը
  6. տեղեկատվություն ստանալու վայրը և առաջարկություններ ներկայացնելու ժամկետները

Երևանի քաղաքապետարանի կողմից ս.թ. ապրիլի 9-ին հրապարակված ծանուցումը չի բավարարում Օրենքի պահանջներին, և այդպիսով գործընթացի սկիզբն արդեն իսկ խնդրահարույց է։ Մասնավորապես՝ հրապարակված հայտարարության մեջ ապահովված չեն 3-րդ (նկարագիրը), 4-րդ (գլխավոր հատակագծի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը) և 6-րդ (տեղեկատվություն ստանալու վայրը և առաջարկություններ ներկայացնելու ժամկետները) կետերի պահանջները:

Ծանուցման տեքստում նշվում է երկու հեռախոսահամար՝ մեկը տեղեկատվություն ստանալու («Երևաննախագիծ» ՓԲԸ), մյուսը՝ առաջարկությունները հավաքագրելու համար (Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն), որոնցով բազմակի զանգեր անելուց հետո ԹԻՀԿ աշխատակիցներին այդպես էլ չի հաջողվել հասանելիություն ունենալ նախատեսվող փաստաթղթին: 

ԹԻՀԿ-ի նամակին ի պատասխան քաղաքապետարանից արձագանքեցին, որ օրենքի սահմանված կարգով կատարվել է շահագրգիռ կողմերի պատշաճ իրազեկում, ծանուցումը հրապարակվել է «Առավոտ» օրաթերթի տպագիր տարբերակում, քաղաքապետարանի կայքում և փակցվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրի հայտարարությունների ցուցատախտակին։ 

Հանրային լսումներին մասնակցել է ընդամենը տասնմեկ ներկայացուցիչ քաղաքապետարանից և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներից։ Լսումների ժամանակ մասնակիցների մոտ հարցեր չեն առաջացել։

Հետագայում «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ այս փուլում որևէ թուղթ չեն կարող տրամադրել, թեև փաթեթն արդեն տրամադրվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը փորձաքննության նպատակով։

Այսպիսով, հայտարարության մեջ նշված գերատեսչություններից գլխավոր հատակագծին առնչվող որևէ փաստաթուղթ հնարավոր չէր ստանալ։

Թերևս արժե այս համատեքստում համեմատության համար հիշատակել, որ 2005 թ-ին Երևանի գլխավոր հատակագիծը անցել է ռազմավարական էկոլոգիական գնահատման մի քանի ամիս տևողությամբ ինտենսիվ գործընթաց, որի շրջանակում իրականացվել է 7 հանրային ու մասնագիտական լսում/քննարկում՝ մոտ 270 մասնագետների, հասարակական գործիչների և շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ։ 

Ի լրումն Օրենքի խախտումներին, Երևանի գլխավոր հատակագծի ընդունման ուղղությամբ իրականացվող գործընթացը նաև հակասում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի պահանջներին։

ԹԻՀԿ-ն առաջարկել է քաղաքապետարանին վերսկսել Երևանի գլխավոր հատակագծի վերաբերյալ հանրային ծանուցման և ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացը՝ ապահովելով բավարար պայմաններ շահագրգիռ հանրության արդյունավետ և բովանդակային մասնակցության համար՝ հաշվի առնելով ներկայացվող առաջարկները և դրանց հիման վրա կատարելագործելով Երևանի զարգացման գլխավոր քաղաքաշինական փաստաթուղթը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter