HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Սահակյան

Նիհարելը դեռ չի նշանակում, որ մարդն ավելի առողջ է 

Վերջին տարիներին սոցիալական հարթակներում գովազդվում են նիհարեցման տարատեսակ միջոցներ։ Առաջարկվում են մարզումների ծրագրեր և դետոքս հյութեր, անհայտ ծագում ունեցող կամ արտերկրից անհատների ներկրած նիհարեցնող հաբեր, թեյեր և այլ հավելումներ: Բոլորն էլ խոստանում են գերարագ արդյունք։ Բժիշկները և սննդաբանները նշում են, որ չնայած արագ արդյունքին, նման միջոցները հաճախ հոգեբանական և ֆիզիկական վնաս են պատճառում՝ հանգեցնելով նաև սննդային վարքի խանգարման:

Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի սննդային վարքի խանգարումների բուժման ուղեցույցի, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սննդային վարքի խանգարման դեպքերը հաճախակիացել են։ Դրանց առաջացման պատճառները բազմաշերտ են, իսկ ռիսկային գործոններից են կրկնվող դիետաները, սննդից հրաժարումը, ֆիզիկական գերակտիվությունը ու գերծանրաբեռնվածությունը

Սնունդը՝ որպես պատժի և խրախուսման միջոց

«Վլադ Ֆիթնես» մարզասրահի հիմնադիր Վլադ Խառատյանը մարզում է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ ճարպակալում ունեցող երեխաների` առաջարկելով նիհարեցման իր ծրագրերը։ 

Դրանք գովազդելու նպատակով իր մարզասրահի՝ հազարավոր հետևորդներ ունեցող սոցիալական հարթակներում մարզվողների մասնակցությամբ տեսանյութեր է տեղադրում։ Վերջերս հրապարակված նման տեսանյութերից մեկում մարզիչը երեխաներից մեկին խոստանում է «առողջ» բաղադրությամբ քաղցրավենիք տալ ևս 1 կգ նիհարելուց հետո։ «Ես ամեն պարապմունքին քեզ կտամ Fit Food-ի խմորեղեններից, դու կօգտագործես ու կնիհարես, բայց խոստանում ես, որ մյուս մարզման ժամանակ նիհարած ես գալու։ Եթե ևս 1 կգ նիհարես, քեզ տալու ենք Fit Food-ից սննդամթերքներ նվեր, որպեսզի դու ամեն օր խմորեղեն օգտագործես ու նիհարես»,- տեսանյութում ասում է Վլադ Խառատյանը։

Նա հրաժարվեց մեզ հարցազրույց տալ՝ ժամանակ չունենալու պատճառաբանությամբ:

Սննդաբանները մերժում են նիհարեցման նման մեթոդները։ 

«Սնունդը որպես պարգևատրում չպետք է օգտագործվի, քանի որ հետագայում կարող է պատժի և պարգևատրման առարկա դառնալ, մինչդեռ այն մեզ անհրաժեշտ է սննդարար նյութեր ստանալու ու մեր առողջությունը պահպանելու համար»,- ասում է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը։ 

Վլադ Խառատյանի հրապարակած տեսանյութը սոցիալական հարթակների բազմաթիվ օգտատերերի քննադատությանն արժանացավ, նրանք մտահոգություն էին հայտնում երեխային թիրախավորելու և նրա մարզվելու կադրերը որպես գովազդ օգտագործելու համար։

Երեխաների մասնակցությամբ տեսանյութերը սոցիալական ցանցերում տարածելու համար անհրաժեշտ է ծնողների համաձայնությունը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակել է երեխաների հիմնախնդիրների լուսաբանման էթիկական չափորոշիչներ, որոնք, ըստ Երեխաների պաշտպանության ցանցի գործադիր տնօրեն Էլեն Հարությունյանի, հիշատակված տեսանյութում խախտվում են։

«Առհասարակ, երեխաներին վերաբերող ցանկացած տեսանյութ հրապարակելուց առաջ աչալրջություն ու մեծ ուշադրություն է պահանջվում, քանի որ նրանք, տարիքով պայմանավորված, խոցելի են։ Մեծահասակի դերն է տեսանյութը հրապարակելուց առաջ հասկանալ, թե ինչո՞ւ է այն արվում և ինչպե՞ս կարող է երեխային վնասել», - նշում է Հարությունյանը։

Էլեն Հարությունյանը նաև խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին պաշտպանել նմանօրինակ իրավիճակներից․ «Եթե երեխան որևէ սոցիալական հիմնախնդիր կրող է, և առաջարկ կա նրա մասնակցությամբ տեսանյութ նկարահանել, ապա ծնողները կարող են այն մերժել, մտածել, թե դա որքանով հիմա կամ հետագայում կարող է վնասել երեխային։ Իսկ եթե նույնիսկ համաձայնել են առաջարկին, կարող են խնդրել կամ պահանջել, որ հրապարակելուց առաջ այն անպայման դիտեն և լուսաբանման շեշտադրումները չհավանելու դեպքում թույլ չտան, որ այն հրապարակվի»,- նշում է Երեխաների պաշտպանության ցանցի տնօրենը։

Քաշ կորցնելը առողջության միակ երաշխիքը չէ

Նիհարեցման ծրագրերից բացի, Վլադ Խառատյանը կազմակերպում է նաեւ սեմինարներ, որտեղ խոսում է նիհարելուն առնչվող թեմաներով:

«Եթե մենք ունենք քաշի խնդիր, ունենք նաև սննդային վարքի խանգարում։ Սննդային վարքի խանգարում՝ նշանակում է ունենալ քաշի խնդիր և դեռ գնալ ճարպակալման»,- սեմինարներից մեկում ասում է Վլադ Խառատյանը: 

Սննդաբան Լիդիա Այվազյանը «Հետքի» հետ զրույցում անդրադառնում է նաև սննդային վարքի խանգարման մասին թյուրըմբռնումներին. «Ճարպակալման պատճառների 30-40%-ը կարող է պայմանավորված լինել անկառավարելի, նոպայանման սնունդընդունման խանգարմամբ, բայց ճարպակալումն առանձին հիվանդություն է ու պարտադիր չէ, որ սննդային վարքի խանգարման պատճառով առաջանա»։

Բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը ներկայում աշխատում է բազմաթիվ մարդկանց հետ, որոնք  մարզումներից հետո սննդային վարքի խանգարում են ձեռք են բերել և սկսել են մարզասրահներից խուսափել, քանի որ այնտեղ ունեցել են տրավմատիկ փորձառություններ՝ բուլլինգ, ուտելիքից զրկում և տանջալի մարզումներ։ Նման մարդկանց հետ երկարատեւ աշխատանք է տարվում, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ առողջ ապրելակերպի։

«Վլադ Ֆիթնես»-ում մոտավորապես մեկ ու կես տարի մարզված երիտասարդը, որը ցանկացավ անանուն մնալ, ասում է․ «Վլադը պարապմունքների ժամանակ բոլորի ներկայությամբ հարցնում էր, թե ինչքան ենք նիհարել, ու եթե պատասխանը նրան չէր գոհացնում, կոպիտ տոնով սկսում էր թվել, թե ինչ պետք է արած լինեինք ու ինչն ենք, հավանաբար, սխալ արել»: 

Նա հավելում է, որ մարզչի կոպիտ վերաբերմունքի պատճառով եղել են մարզվողներ, որոնք ստիպված մի քանի օր շատ քիչ են սնվել, որպեսզի նիհարեն ու նրա սպասելիքներն արդարացնեն։

                  Դետոքս հյութեր և օրգանիզմում սննդարար նյութերի պակասորդ

Լիդիա Այվազյանը բացատրում է, որ նիհարելու համար պետք է ստեղծել կալորիաների ընդունման պակասորդ, որը պետք է լինի շատ մեղմ։ Օրինակ՝ 2000 կկալ ծախս ունեցող մարդը պետք է ունենա առավելագույնը 500 կալորիայի պակասորդ։ 

«Խնդիր է ստեղծվում, երբ 1000 և ավելի կալորիայի պակասորդ է ստեղծվում։ Մոտ 600 կկալ սննդարար արժեքով դետոքս հյութերի դեպքում ստեղծվում է շատ մեծ պակասորդ, և հավանականությունը, որ այն օգտագործողը մի քանի օրից մեծ պոռթկում է ունենալու, շատ մեծ է։ Իսկ մինչ այդ նա չի ստանում իրեն հարկավոր սպիտակուցները, միկրոէլեմենտները և այլ սննդարար նյութեր»,- նշում է նա։

Վլադ Խառատյանի «Fit Food» առողջ սննդի ցանցը ունի նաև դետոքս հյութեր։ Մարզիչը առաջարկում է մինչև 5-օրյա դետոքս ծրագրեր, որոնցով երաշխավորում է մոտավորապես 7 կգ քաշի կորուստ։ Ըստ սննդաբանի՝ մի քանի օր միայն դետոքս հյութեր սպառած մարդիկ, իհարկե, կունենան քաշի կորուստ, բայց այդ ընթացքում նրանց օրգանիզմը զրկված կլինի մի շարք սննդարար նյութերից, իսկ դիետայի ավարտից հետո շատ դեպքերում կլինեն մեծ քանակի սննդընդունման պոռթկումներ։ Քաշի նվազումը դեռ չի նշանակում, որ մարդն ավելի առողջ է դառնում, ու օրգանիզմն իրեն ավելի լավ զգում։

Բժիշկ Այվազյանի հավաստմամբ, ճարպակալում ունեցող մարդկանց համար դետոքս հյութերով քաշ նվազեցնելու եղանակը շատ վտանգավոր կարող է լինել ու կարող է էլ ավելի սրել ճարպակալման խնդիրը։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Լուսանկարը՝ «Վլադ Ֆիթնես»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter