HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԲ Խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7.75%

2024 թվականի հուլիսի 30-ի նիստում ԿԲ Խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%: ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։

«2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8%: 12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0.0%:

2024 թ-ի երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը: Ձևավորված աշխարհաքաղաքական անորոշությունները, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկայում գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ ԴՊՀ-ն, ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա դեռևս պահպանվում են: 

2024 թ-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է: Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։ Աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի աճի տեմպի նվազմամբ: Զուգահեռաբար, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները շարունակում են նվազել: 

ԿԲ Խորհուրդը, առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, ԿԲ Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ գործընկեր երկրներում ավելի երկար պահպանվող խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաև աշխարհաքաղաքական և հարկաբյուջետային քաղաքականությունից բխող՝ երկրի ռիսկ-հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից, ԿԲ Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունների և աշխատաշուկայի պայմանների թուլացման համատեքստում ցածր պահանջարկի ձևավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:

Արդյունքում՝ նշված սցենարներից բխող հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու մոտեցման ներքո, հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, ԿԲ Խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպերով իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը։ 

ԿԲ Խորհուրդը հայտնում է իր հանձնառությունը համարժեք գործողություններով միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter