Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան
Իրանի մայրաքաղաք Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ արմատական խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիան։ Այդ մասին հայտնում են Reuters-ը, CNN-ը և The New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարություններին։
Հանիայի մահվան մասին հայտնել են նաև իրանական Tasnim և IRNA գործակալությունները։ Վերջինիս տվյալներով, որը մեջբերում է ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը` Իսմայիլ Հանիան սպանվել է հուլիսի 31-ի առավոտյան Թեհրանում իր նստավայրի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ միասին զոհվել է նաև նրա թիկնապահը։ Իսրայելական Ynet-ի տվյալներով՝ Հանիան սպանվել է գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում։
روابط عمومی کل سپاه: آقای دکتر #اسماعیل_هنیه رئیس دفتر سیاسی حماس و یکی از محافظان وی در اثر اصابت قرار گرفتن محل اقامت آنان در تهران به شهادت رسیدند pic.twitter.com/sYjJPv5YXU
— خبرگزاری تسنیم 🇮🇷 (@Tasnimnews_Fa) July 31, 2024
Նախօրեին Հանիան մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Ավելին, ՀՀ կառավարության մամուլի ծառայության հրապարակած լուսանկարում ևս երևում է, որ Հանիան կանգնած է առաջին շարքում։
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուքը Հանիայի սպանությունն անվանել է «վախկոտ գործողություն» և հայտարարել, որ այն «անպատասխան չի մնա»։
Իսրայելում Հանիայի մահը դեռևս չեն մեկնաբանել։ Իսրայելցի զինվորականները CNN-ին հայտնել են, որ «չեն արձագանքում օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրություններին»։ Իսրայելի պաշտպանության բանակը ևս այս մասով դեռևս որևէ հաղորդագրություն չի տարածել։
Իսմայիլ Հանիան 62 տարեկան էր։ Նա ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոն ու կենտրոնական դերակատարում ուներ Իսրայելի հետ ՀԱՄԱՍ-ի բանակցություններում։ Հանիան ՀԱՄԱՍ-ի առաջնորդությունն ստանձնել էր 2006 թվականին, երբ խմբավորումը Գազայի հատվածում եկավ իշխանության։
Վերջին տարիներին Հանիան բնակվում էր Կատարում և Թուրքիայում։ Նա ժամանել էր Թեհրան` մասնակցելու Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։ Նախօրեին նա հանդիպել էր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։
Հիշեցնենք՝ նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ էր հասցրել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին։ Հարվածների հետևանքով զոհվել էր Հեզբոլահի բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Ֆուադ Շուքրը։ ՑԱԽԱԼ-ում (Իսրայելի պաշտպանության բանակի հրեական անվանումը՝ խմբ.) նրան մեղավոր էին ճանաչել Գոլանի բարձրունքներում մի քանի օր առաջ տեղի ունեցած հարվածների հետևանքով երեխաների ու դեռահասների մահվան մեջ։
Լուսանկարը՝ Bloomberg գործակալությունից
Մեկնաբանել