HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանների սահմանազատման գործընթացի շուրջ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը՝ պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում «Եվրոպայի ապագայի» վերաբերյալ լսումների ժամանակ տրված հարցերին:

Ավելի ուշ ամերիկացի դիվանագետը իր ասածը մեկնաբանել է հետևյալ կերպ.

«Կողմերը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ։ Նրանք պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանները։ Կան որոշ հատվածներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են: Բայց նրանք, հավանաբար, հետ կքաշվեն համաձայնեցված սահմանների պատճառով, և այդ առումով առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում բարձրլեռնային շրջանները։ Բայց ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ սա գործընթաց է, որի վրա աշխատում են երկու կողմերը։ Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ եթե սահմանին որևէ փոփոխություն լինի, պետք է կիրառվի համաձայնեցված սահմանը, եթե երկու կողմերն էլ համաձայն չեն։ Բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի շուրջ, ինչպես նաև բանակցություններ են ընթանում սահմանազատման այլ ուղիներով»։

Օ’Բրայենը նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 

«Ռուսաստանը փորձում է համոզել, թե խաղաղություն չկա։ Ռուսաստանը փորձում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում այդ տարածաշրջանում, տեղի ունենա իր պայմաններով։  Կարծում եմ, որ,  ճիշտն ասած, երկու երկրներն էլ որոշ չափով տարակուսած են ռուսական ներկայությունից: Մենք շատ ենք ջանում, որպեսզի խաղաղության արտահայտվող ձգտումն արտացոլվի նաև պայմանագրում»,- ասել է նա։

Ամերիկացի պաշտոնյան խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տնտեսական ներուժի մասին։ «Ես կասեմ նաև այն մասին, թե ինչու է խաղաղության պայմանագիրն այդքան կարևոր: Նայեք քարտեզին, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները աներևակայելի հարուստ են: Այժմ նրանց միակ մուտքը համաշխարհային շուկա հիմնականում անցնում է Ռուսաստանի կամ Չինաստանի միջով։ Եթե մենք կարողանանք բացել երթուղին Ադրբեջանի և Հայաստանի տարածքով, ապա նրանք մուտք կունենան համաշխարհային շուկաներ։ Դա նաև կնվազեցնի կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից: Այսպիսով, այս ամենը նշանակում է երկրներին հնարավորություն ընձեռել ընտրելու համաշխարհային շուկաներ դուրս գալու իրենց սեփական ուղիները»,- ընդգծել է պետքարտուղարի տեղակալ Օ’Բրայենը։

Ամերիկացի պաշտոնյան անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների ու Հայաստանի հարաբերությունների խորացմանը՝ նշելով, որ դրանով Վաշինգտոնը պայմաններ է ստեղծում Մոսկվայից Երևանի կախվածության թուլացման համար։ 

«Պետքարտուղար Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ ամիսներ առաջ հանդիպել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ստեղծելու նոր հարթակ, որը կօգնի Հայաստանին նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից: Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից՝ էներգետիկայի և տնտեսության տեսանկյունից։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք դա, ինչպես նաև սահմանների անվտանգության խնդիրը։ Այսպիսով, վարչապետ Փաշինյանի ձեռնարկած համարձակ քայլերը թույլ են տալիս Հայաստանին կտրվել Ռուսաստանից: Ռուսաստանը երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը։  Սակայն Ադրբեջանի հետ 2020 թվականի պատերազմից հետո և դրանից առաջ այդ երաշխիքը ձախողվեց։ Ռուսաստանը մեջքով շրջվեց դեպի Հայաստանը, մինչդեռ Ադրբեջանը հետ վերցրեց Ղարաբաղն ու հարակից տարածքները։ Սա հանգեցրեց լուրջ իրավիճակի, երբ Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում էր հեռանալ Ռուսաստանից (ի նկատի ունի փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը՝ խմբ.)։ Այսպիսով, մենք պայմաններ ենք ստեղծում դրա համար»,- հավելել է պետքարտուղարի տեղակալը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter