HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Քաղաքապետարանի հաշվարկով` շուրջ 50 կառուցապատող օդի աղտոտումը կանխող կահավորում չունի

Երևանի քաղաքապետարանը կառուցապատող ընկերություններից շուրջ 130 դիմում է ստացել՝ շինհրապարակներում օդի որակը դիտարկող սարքեր տեղադրելու վերաբերյալ, այս պահին մոտ 60 սարք է տեղադրված։ Այս մասին ասուլիսի ընթացքում այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական yerevan.am կայքում այս տարվա հունիսից առցանց քարտեզի միջոցով հնարավոր է տեսնել, թե օդի՝ փոշով աղտոտվածության ինչ մակարդակ է գրանցվել մայրաքաղաքի այն շինհրապարակներում, որտեղ կառուցապատողները օդի որակը դիտարկող սենսորային սարքեր են տեղադրել։ Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից, ավագանու որոշմամբ, բազմաբնակարան բնակելի շենքերի շինհրապարակներում այս սարքերի առկայությունը պարտադիր է։ Այս պահին քաղաքապետարանի կայքում հասանելի են 58 չափիչ սարքի տվյալներ։ Ըստ Գորիկ Ավետիսյանի՝ յուրաքանչյուր շինհրապարակում երկու սարք պետք է տեղադրված լինի՝ աղտոտման աղբյուրից քամու ուղղությամբ վերև և ներքև։

Սարքերը չափում են մեկ խորանարդ մետր օդում մինչև 1, 2.5, և 10 միկրոմետր մեծությամբ փոշու հատիկների պարունակությունը, օդի խոնավությունն ու ջերմաստիճանը։ Կարելի է տեսնել ինչպես միջինացված, այնպես էլ առանձին սարքերի ցուցանիշները։

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը նշեց, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին Երևանում 534 արձանագրություն է կազմվել, որից 147-ը՝ փոշեկլանիչ ցանցերի, 78-ը՝ օդի մոնիթորինգի սարքերի բացակայության մասով, իսկ 24 դեպքում շինհրապարակների կահավորման այս երկու բաղադրիչներն էլ առկա չեն եղել։

Տուգանքը նախատեսված է Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով՝ 70-100 հազար դրամի չափով։ Խոջայանը ամիսներ առաջ «Հետք»-ին հայտնել էր, որ տուգանքների չափը բարձրացնելու որոշման նախագիծ է ներկայացվել, որը քննարկման փուլում է։

Խոջայանի խոսքով՝ այս պահին Երևանում 248 ընթացիկ շինարարություն կա։ Ասում է՝ կահավորման ենթակա կառուցապատման օբյեկտներն ավելի քիչ են. մի մասի դեպքում կահավորման անհրաժեշտություն արդեն չկա, քանի որ աշխատանքներն ավարտական փուլում են։

«Կահավորման ենթակա կառուցապատվող օբյեկտների թիվը շատ ավելի քիչ է, այսինքն՝ կառուցապատողները, որոնք չեն իրականացրել էդ որոշման պահանջները, մեր վերջին ամփոփ տվյալների համաձայն, 50-ն են, որ օբյեկտները ենթակա են կահավորման, բայց ընդհանրապես ոչինչ արված չէ»,- ասաց Ռուբեն Խոջայանը։

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը նշեց, որ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից դիմում են ստացել՝ համատեղ քննարկում կազմակերպելու առաջարկով։

«Երևան քաղաքում կան կառուցապատողներ, որոնք պատշաճ կահավորել են, այսինքն՝ մենք ունենք նախադեպեր, որ այդ կահավորումը հնարավոր է, և այդ պահանջն անհնարինություն չի առաջացրել»,- ասաց Խոջայանը։

Գորիկ Ավետիսյանն էլ ընդգծեց՝ քաղաքապետարանը հետքայլ չի անելու, ուղղակի տեխնիկական որոշ հարցերի վերաբերյալ պատրաստ են քննարկումներ անել։

Երևանի օդի աղտոտվածության հիմնական աղբյուրները, ըստ էկոլոգի, նաև տրանսպորտն ու հանքարդյունաբերությունն են, ամենամեծը՝ շինարարությունը։

Օդի մոնիթորինգի սարքեր 2022 թվականին ձեռք էր բերել Երևանի քաղաքապետարանը: Մայրաքաղաքում սենսորային 5 տվիչ տեղադրվել էր տրանսպորտային նոր երթուղիների բնապահպանական ռիսկերը գնահատելու համար: Ավետիսյանի խոսքով՝ իրենց դիտարկմամբ, աղտոտվածության առումով դրական միտումներ կան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter