HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքների մակերեսը Երևանում 7-8 քմ է՝ անհրաժեշտ 50-ի փոխարեն

Այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղի ունեցավ «Քաղաքային պլանավորման երևանյան մարտահրավերները» թեմայով ֆորում-քննարկում, որը կազմակերպել էր «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնը։

Հուլիսի 29-ին ԹԻՀԿ-ը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքի գլխավոր հատակագծի վերաբերյալ հանրային քննարկումն անցկացրել է առանց հանրային մասնակցության։ Քննարկման սկզբում բացման խոսք ասաց ԹԻՀԿ տնօրեն Սոնա Այվազյանը։ Նա կարևորեց այս ֆորումի անցկացումը հատկապես այս շրջանում, երբ քննարկվում է Երևանի նոր հատակագծի ընդունման հարցը։ «Սա նաև լավ առիթ է՝ հարցերի լայն շրջանակ քննարկելու և առաջարկներ ներկայացնելու համար»,- ասաց Ս․ Այվազյանը։ Քննարկմանը մասնակցում էին ճարտարապետներ, քաղաքային պլանավորման  մասնագետներ, էկոլոգներ, ավագանու անդամներ և բնապահպանական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հրավիրված էին նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, սակայն քաղաքապետարանի որևէ պաշտոնյա չէր ներկայացել քննարկմանը։

Ֆորումի առաջին հատվածում բանախոսները ներկայացրին Երևանի կառուցապատման հետևանքով առաջացած խնդիրները։ «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի» փորձագետ Դշխուհի Սահակյանը խոսեց մայրաքաղաքի կանաչապատման խնդիրների մասին։ Սահակյանի խոսքով՝ ըստ միջազգային ստանդարտների՝ մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքների մակերեսը պետք է լինի 50 քմ, իսկ Երևանում այս թիվը 7-8 քմ է։ «Կանաչ քաղաք գործողությունների ծրագրով նաև սահմանված էր, որ Երևանի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը պետք է հասցվեր 890 հա-ի, հիմա սակայն ընդամենը 863 հա է»։

Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանն անդրադարձավ քաղաքային պլանավորման խնդիրներին։ Ամիրխանյանի կարծիքով՝ չպետք է խուսափել նոր շինարարություններ անելուց, քանի որ քաղաքում կան խորհրդային տարիներին կառուցված շենքեր, որոնք վթարային են, և այդ շենքերում ապրելը վտանգավոր է բնակիչների համար։ Իսկ այն հարցին, որ նոր շինարարությունը կարող է հանգեցնել արդեն իսկ ծանրաբեռնված ենթակառուցվածքներն ավելի ծանրաբեռնելուն, Ամիրխանյանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է ճիշտ պլանավորումից։ Մենք կարող ենք հիմա ճիշտ օգտագործել, օրինակ, Գետառի հնարավորությունները, կարող ենք չփակել Գետառի հունը»։

Քննարկումից հետո ներկաները մտքեր փոխանակեցին և հարցեր ուղղեցին բանախոսներին։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը, անդրադառնալով Դշխուհի Սահակյանի ներկայացրած թվերին՝ կանաչապատման ծավալների վերաբերյալ հավելեց, որ կանաչապատ տարածքների մակերեսը պետք է լինի 20%, որպեսզի բնակիչները առողջական խնդիրներ չունենան, իսկ Երևանի կանաչապատ տարածքի մակերեսը ընդամենը 4% է։ Մասնակիցները նաև հարցեր ուղղեցին մայրաքաղաքում և շրջակայքում առկա հանքավայրերի առաջացրած խնդիրների, օդի աղտոտվածության, փոշու, ոչ սեյսմակայուն շինարարության և Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ։

Ֆորումի երկրորդ հատվածում քննարկվեցին քաղաքային խնդիրների առաջացման պատճառները։ Բանախոսությամբ հանդես եկան Հայաստանի ճարտարապետների պալատի փոխնախագահ Բորիս Քոչարյանը, փաստաբան Հայկ Մարտիրոսյանը և ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter