HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանը հերքում է

Ես` Սերոբ Տեր-Պողոսյանս, հերքում եմ մամուլում հրապարակված և իրականությանը չհամապատասխանող այն սուտ տեղեկությունները, որոնք արատավորում են իմ և իմ ընտանիքի բարի համբավն ու անունը: Գրեթե 10 տարի, մենք` ես և իմ երեք գործընկերները, գործունեություն ծավալելով հայրենիքում, իրականացնելով մեծածավալ ներդրումներ և դիմակայելով բազմաթիվ խոչընդոտների, ոտքի ենք կանգնեցրել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը` ապահովելով ավելի քան 600 աշխատատեղեր, ինչը կենսական մեծ նշանակություն ունի այս տարածաշրջանում ապրողների համար, եթե հաշվի առնենք գործազրկության վիճակը հանրապետությունում:

Մենք պարբերաբար իրականացրել ենք բազում սոցիալական, կրթամշակութային և մարզական ծրագրեր տարածաշրջանի բնակչության համար, օգնել բոլոր նրանց, ովքեր իրականում դրա կարիքն ունեցել և դիմել են:

Նշեմ, որ 2000 թվականին, երբ մենք սկսեցինք թալանված և ավերված վիճակից վերականգնել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, այն համարվում էր ոչ եկամտաբեր և անհեռանկարային բիզնես-նախագիծ: Սակայն մենք, ռիսկի դիմելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ հաջողության դեպքում տվյալ տարածաշրջանում կլուծվեն բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, նախաձեռնեցինք ծրագրի իրականացումը:

Մինչ այժմ մենք, իրականացնելով ներդրումային ծրագիրը, վերազինեցինք և ընդլայնեցինք գործարանի արտադրական հզորությունները` հասցնելով այն համեմատաբար կայուն վիճակի: Նշեմ նաև, որ մեր ձեռնարկությունը չի դադարեցրել իր գործունեությունը և չի կրճատել որևէ աշխատատեղ նույնիսկ համաշխարհային ճգնաժամի պայմաններում` օրական կրելով հսկայական վնասներ:

Իսկ այժմ, երբ մենք պատվով հաղթահարեցինք բոլոր դժվարություններն ու բարդությունները, հայտնվեցին անձինք, ովքեր ցանկանում են զավթել տարիների ընթացքում ձեռք բերված քրտնաջան աշխատանքի արդյունքը:

Սակայն ամենացավալին կայանում է նրանում, որ այդ անհատները դիմել են շատ ստոր և նենգ մեղադրանքի` գիտակցելով, որ շատերը, լսելով նման մեղադրանքներ, կառաջնորդվեն զուտ զգացմունքներով: Եվ այս բոլորը իրագործվում է որոշ լրատվամիջոցների ձեռքերով, որոնք կատարում են «հատուկ պատվեր»;

Ես ևս մեկ անգամ հրապարակայնորեն հերքում եմ իմ դեմ ուղղված բոլոր մեղադրանքներն ու հայտարարում, որ օրենքով սահմանված կարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին և պահանջելու, որպեսզի բացահայտեն իմ դեմ կազմակերպված «խեղկատակության» հեղինակներին ու պատվիրատուներին:

Իմ և իմ ընտանիքի համար անունից ու պատվից թանկ ոչինչ չկա, որը մենք ձեռք ենք բերել տարիների մեր օրինապահ վարքով և ապրած ազնիվ կյանքով:

Չնայած այս ամենին, Աստծո ներողամտությունն եմ հայցում իրենց արարքների համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter