
«Ֆորտունա» հեռուստաընկերությունը Վանաձոր խոպան է եկել. «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն
«Հետքի» հարցերին պատասխանում է Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, ընկերության համահիմնադիր Նարինե Ավետիսյանը:
Ինչպե՞ս եք գնահատում Վանաձորում գործող քաղաքային «Լոռի», «Միգ», «9-րդ ալիք» և թվային հեռարձակման արտոնագիր ստացած «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերությունների միջև մրցակցությունը:
Ձեր կողմից թվարկված հեռուստաընկերություններից ես կառանձնացնեմ «Ֆորտունան», որն անցած տարիներին Ստեփանավան քաղաքում գրեթե չի դրսևորվել որպես հեռուստաընկերություն, նույնիսկ հիմնադիր տնօրենը՝ Կարեն Արշակյանը, երկար տարիներ Երևանի «Շանթում» էր աշխատում և հանկարծ, ինչպես ինքն է ասում, իր համար էլ շատ անսպասելի ստացավ Լոռու մարզում հեռարձակման միակ թվային լիցենզիան: Ավելին, նա պատրաստվում էր վաճառել հեռուստաընկերությունը, պոտենցիալ գնորդն էլ Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանն էր, դե, իհարկե, 3-րդ անձի միջոցով:
Պարզից էլ պարզ էր, որ Արշակյան Կարենը ֆինանսական այնպիսի միջոցներ չուներ, որ հեռուստատեխնիկա, տարածք գներ կամ վարձակալեր Վանաձոր քաղաքում, 25-30 հաղորդակ տեղադրեր մարզում ծածկույթ ապահովելու համար ՝առանց լուրջ տանիքի և դե ֆակտո հեռուստաընկերության նոր տիրոջ, որը ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն է:
Ես երկար ժամանակ ոչինչ չեմ ասել և մտածել եմ, որ մարդիկ երևի կաշխատեն ու լավ կաշխատեն. չէ՞ որ մրցութային առաջարկ կա, հաղթող են ճանաչվել, իրենք խոստումներ են տվել ՀՌԱՀ-ին: Սակայն այսօր ստացվում է այնպես, որ Արշակյան Կարենը թքած ունի և կոլեգաների ու ոլորտի մարդկանց, և առողջ ու արդար մրցակցության, և «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքների վրա:
Կարեն Արշակյանը, շահարկելով Կարեն Կարապետյանի անունը, պարզապես եկել է Վանաձոր քաղաք՝ խոպան, եկել է թալանի ենթարկելու լոռեցիներին, մարզում գործող մյուս ԶԼՄ-ներին, գովազդային գործակալություններին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ ասելով ՝ մենք իշխանության հեռուստաընկերությունն ենք, ձեր գովազդը հանեք «Լոռիից», «Միգից» կամ «9-րդ ալիքից», բերեք մեզ մոտ դրեք, թե չէ հո գիտեք, հա, մենք Կարեն Կարապետյան ունենք:
Տեղական մյուս հեռուստաընկերությունների հետ էլ փոքր խնդիրներ եղել են: Դե, բնական է, մրցակցային դաշտում լինում են: Բայց որևէ մեկը երբևիցե նման վարքագիծ չի դրսևորել:
«Լոռին» հնարավորություն ուներ մասնակցելու թվայնացման մրցույթին, ինչո՞ւ չմասնակցեց:
Մենք նպատակահարմար չհամարեցինք մասնակցել, իսկ մեր լիցենզիան գործում է մինչև 2015 թվականը: ՀՌԱՀ-ի կողմից հայտարարված մրցույթներում հաղթած ընկերությունների առաջարկներին ցանկացած մարդ կարող է ծանոթանալ և պարզել, թե որ հեռուստաընկերությունը ինչ է առաջարկել և ինչի համար է լիցենզիա ստացել:
Ծրագիրը, որ ներկայացրել է «Ֆորտունան», թեև «արտագրոցի» էր, բայց խոսքը դրա մասին չէ, այլ, թեկուզ արտագրած, բայց պետք է իրականացնեին, չէ՞, ոչ թե Չակ Նորիսի ֆիլմերը ցուցադրեին: Դե, Ստեփանավանում ինչ արեցին, որ մարզում անեին: Այս հեռուստաընկերությունը վանաձորցիների համար շատ խորթ գործելաոճ որդեգրեց, օրինակ ՝լուրերը փողով նկարելը: Փողով լուր նշանակում է ոչ լիարժեք ինֆորմացիա:
Պատկերացրեք ամենասարսափելին. ինչ-որ կազմակերպություն զանգում է իրենց և ասում է, որ գիտեք, այսինչ միջոցառումն ունենք, համեցեք լուսաբանեք, ոչ միայն փող են ուզում, ավելին, եթե այդ կազմակերպությունը «Լոռիում» գովազդ ունի տեղադրած, ասում են՝ ձեր գովազդը «Լոռիում» է, հետևաբար չենք գա ձեր լուրը նկարենք: Ասում են՝ դե լավ, փողը կտանք, դուք փողով եք նկարում, ասում են՝ չէ, գովազդն էլ կբերեք մեր եթերում կդնեք, փողն էլ կտաք, նոր մենք կլուսաբանենք:
Փաստեր ունե՞ք նման հայտարարություններ անելու համար:
Ասածիս վերաբերյալ ապացույցներ, բնական է, ունեմ և շատ: Նույնիսկ մարդիկ կան, որ կհավաստեն, որ իրենցից գումարներ են պահանջել լրատվության համար: Հաստատություններ, որոնց պարտադրել են, որ գովազդը տեղադրեն իրենց եթերում, թե չէ խնդիրներ կունենան: Յուրաքանչյուր իմ տառի ու բառի համար պատասխանատու եմ:
Կոնկրետ այս պահին շատ ակտուալ է խնդիրը: Եվ մենք 3 հեռուստաընկերություններով, ինչպես նաև որոշ շահագրգիռ գովազդային գործակալություններ, որոշեցինք ուսումնասիրել «Ֆորտունա» հեռուստաընկերության հեռարձակման ծածկույթը Լոռու մարզում, և վերջապես հասկանանք, թե ով ում է խաբում: Տեսնենք և բոլորին տեսանելի դարձնենք իրական պատկերը:
Սոցհարցումը կատարվել է անկախ կազմակերպության կողմից. քանի որ դեռ չի ավարտվել, այս պահին անունը չեմ տալիս: Հնարավոր է՝ հիմա էլ նրան ահաբեկեն, ճնշումներ գործադրեն: Հարցումն ավարտվել է, արդյունքներն ամփոփվում են, օրես կհրավիրվի մամուլի ասուլիս: Հարցումը կատարվել է տեսախցիկների միջոցով, որպեսզի լիարժեք լինի պատկերը: Այսինքն՝ ցանկացած գյուղում հարցվածները նկարահանվել են, որպեսզի չստացվի այնպես, որ ուղղակի թվեր ենք հրապարակում: Ամեն գյուղում նկարվել է գյուղի ցուցանակը, հարցազրուց է արվել գյուղացիների հետ: Այսինքն ՝լիարժեք ու փաստացի ուսումնասիրություն է կատարվել:
Հարցում ենք կատարել մարզի գրեթե բոլոր համայնքներում: Պարզվում է, որ «Ֆորտունան» խաբում է հեռուստադիտողին, գովազդատուին, իշխանություններին՝ ասելով, որ մարզային են և հեռարձակվում են ամբողջ մարզում: Ստացվում է այնպես, որ «Ֆորտունան» հեռարձակվում է միայն մի քանի համայնքներում, օրինակ՝ Տաշիրում գրեթե չի հեռարձակվում: Զարմանում եմ. հեռուստատեսության դե ֆակտո տերը տաշիրցի է՝ Կարեն Կարապետյանը, և իր տարածքում իր հեռուստաընկերությունը չի ցուցադրվում: Ավելին ասեմ, օրինակ, եթե Վանաձում էլ հեռարձակվում է, չեն դիտում՝ ցածր վարկանիշի պատճառով:
Գովազդային շուկան ի՞նչ վիճակում է:
Ինչ վերաբերում է գովազդին, գովազդատուն շատ լավ տեսնում է՝ որտեղ տեղադրի իր գովազդը. դատարկ ալիքում գովազդ չեն տեղադրում: «Ֆորտունայի» ներկայացուցիչը շրջում է քաղաքով մեկ, բոլոր հաստատություններն այցելում է՝ խանութներ, ռեստորաններ, ուղղակի պարտադրում է մարդկանց, որ իրենց մոտ գովազդ տեղադրեն, որովհետև իրենք ամբողջ մարզում հեռարձակում ունեն: Սուտ խոսելով տանում են գովազդատու, բայց լսարան չկարողացան տանել: Այ, երբ լսարան կտանեին, ես կընդունեի իմ պարտությունը, որովհետև ես պատվով պարտվել գիտեմ:
Նաև քաղաքի հեռուստաընկերություններից կադրերի արտահոսք եղավ «Ֆորտունա», այդպես չէ՞:
Մյուս երկուսից արտահոսք եղավ, փոքր արտահոսք՝ այն էլ այն կադրերը, որոնք տվյալ հեռուստաընկերությունների ղեկավարների կողմից անտեսված էին կամ աշխատանքից ազատված, կամ էլ հարսանյաց հանդես նկարող 4-րդ օպերատորներ՝ մի քանի հոգի: Վանաձորի հեռուստաընկերություններից ամենամեծ աշխատակազմը «Լոռին» ունի: Կոնկրետ «Լոռիից» որևէ մեկը չի գնացել «Ֆորտունա»: Այնպես չէ, որ աշխատող տարան:
Փորձեցին, չստացվեց. շնորհակալ եմ իմ աշխատակազմին, որ հավատարիմ մնաց, խոհեմ եղան՝ անցյալից լավ ճանաչելով Ստեփանավանի «Ֆորտունային», որ այդ հեռուստաընկերությունը երկար չի դիմանա Վանաձորում, մանավանդ որ ղեկավարությունը մեր քաղաքից չէ: Եվ ընդհանրապես, քաղաքական հենքի վրա ստեղծված հեռուստաընկերությունը երկար կյանք չունի:
Ինչո՞վ է դրսևորվում «Ֆորտունայի» քաղաքականացվածությունը:
ԱԺ ընտրություններին էլ որևէ կերպ մասնակցություն չունեցան, չլուսաբանեցին ընտրական գործընթացները: Պատկերացնո՞ւմ եք, թվային լիցենզիա ստացած մարզային հեռուստաընկերությունը չլուսաբանեց ԱԺ ընտրությունները: Մենք գին չէինք սահմանել, բայց դրամաշնորհային ծրագրեր իրականացրինք՝ ընտրական գործընթացների հետ կապված: Նկատի ունեցեք՝ գին չհայտարարել նշանակում է քաղաքական գովազդ չհեռարձակել: Քաղաքական գովազդ չտվեցինք, պետք է լիներ վերջին 6 ամսվա գովազդի միջինացված գինը, կոմերցիոն առումով ուղղակի ձեռք չէր տալիս, բայց հնարավորություն ստեղծեցինք տարբեր ծրագրերով մարդկանց հրավիրել, նրանց խոսքը լսելի դարձնել ընտրողներին, քաղաքացիներին:
Նույն տրամաբանությամբ «9-րդ ալիքն» էլ է քաղաքական հենքի վրա ստեղծված, քանի որ տերը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն է:
Բայց «9-րդ ալիքը», որպես այդպիսին, չի աշխատում: Ռուսական հեռուստաալիք է վերահեռարձակում՝ НТВ: Մարդիկ չեն աշխատում, բայց չաշխատելով հանդերձ՝ չեն էլ խանգարում մյուսներին:
Քաղաքականացված լինելը միայն հիմնադրի անձո՞վ եք պայմանավորում: Ինքներդ ասացիք, որ ԱԺ ընտրություններին «Ֆորտունան» որևէ ձևով չմասնակցեց:
Մասնակցություն չունենալն էլ այսպես էր. իր տարածքում, որտեղ առաջադրվել էր իրենց ղեկավարը՝ սեփականատերը, նախ չէր ցուցադրվում իր հեռուստաալիքը, և նա իսկապես դրա կարիքը չուներ, որովհետև հենց Տաշիրում հեռուստաընկերություն կա, ինքը կարող էր օգտվել դրանից, և երկրորդ՝ Կարեն Կարապետյանը ԱԺ ընտրություններին քաղաքական ակտիվություն էր ցուցաբերում միայն թիվ 32 ընտրատարածքում: Ընտրություններից առաջ ես Արշակյան Կարենի հետ զրուցել եմ, բայց ստացվեց այնպես, որ իրենք չլուսաբանեցին: Ինչո՞ւ, չգիտեմ:
Եթե աշխատեր, պետք է հավասար պայմաններ ստեղծեր բոլորի համար, ինչը արվեց հանրապետության մյուս հեռուստաընկերությունների կողմից. հավասարաչափ հնարավորություն տվեցին բոլոր թեկնածուներին: Եվ հետո՝ մասնակցելու համար ինքը ռեսուրս չուներ: Մասնակցելու համար լրագրող-օպերատորներից բաղկացած մի քանի խմբեր էին հարկավոր, տաղավարներ էին պետք, որ մի տեղ քննարկում կազմակերպվեր, մի տեղ լուր նկարվեր, մի տեղ բանավեճ, ինքն այդ ռեսուրսը չուներ: Մասնակցությունը հո միայն եթերով չի. աշխատել է պետք, արտադրել է պետք: Չի կարող լրատվամիջոցը գոյատևել, կենսունակ լինել, եթե նրա առաջ քաղաքական խնդիր է միայն դրված:
«Միգը» ունե՞ր այդ ռեսուրսը, որ լուսաբանեց ԱԺ ընտրությունները:
Համենայնդեպս, չես համեմատի:
Փաստորեն, Վահրամ Բաղդասարյանի հեռուստաալիքն էլ որևէ կերպ չանդրադարձավ անցած խորհրդարանական ընտրություններին:
Այո: Գուցե այդ հարցի պատասխանը այլ տեղ փնտրեք. ինչո՞ւ քաղաքականացված կամ ինչ-որ օլիգարխի հեռուստաընկերություններ չաշխատեցին ընտրություններին (0 ցուցանիշ), իսկ «Միգն» ու «Լոռին» աշխատեցին:
Հ.Գ. Հարցազրույցում հնչած հայտարարությունների վերաբերյալ «Հետքը» պարզաբանումներ է խնդրել «Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրենից: Այդ պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում:
Լուսանկարը՝ Ֆեյսբուքից
Մեկնաբանություններ (106)
Մեկնաբանել