HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը հաստատել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Գործադիրը հաստատել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը:

««Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում Վարչապետի կողմից անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 5-րդ կետի 5.1-ին ենթակետի՝ սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականից ու պայմանավորված է սպանդանոցային սպանդը խրախուսելու, շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու նպատակով պետական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։

Որոշմամբ առաջարկվում է որոշման ընդունումից հետո մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսավարողին տրամադրել սպանդանոցային գործունեության արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների դրական տարբերության 75%-ի չափով աջակցություն։

Ընդ որում՝ աջակցությունը չի տրամադրվում՝ ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններից գյուղատնտեսական կենդանիների գնումներ չիրականացնող) սպանդանոցներին և տնտեսավարողին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ) պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման արժեքից հաշվարկված ԱԱՀ-ի մասով, խոշոր եղջերավոր կենդանիների սպանդ իրականացնելու նպատակով մատուցված ծառայության դիմաց։

Որոշման ընդունման արդյունքում կխթանվի սպանդանոցային սպանդը, սպանդանոցները կկայանան որպես լոգիստիկ կենտրոններ, հավասար մրցակցային պայմաններ կստեղծի շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող սպանդանոցների համար, կավելանան սպանդանոցների կողմից մսեղիքի իրացման շրջանառության ծավալները և կբարելավվի ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքի մատակարարման գործընթացը։

Տիգրան Խաչատրյանը, մանրամասնելով, ընդգծել է, որ այս որոշման ընդունումը կարևոր է ոչ միայն սննդի անվտանգության, այլ նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարկային կարգապահության, հարկային կանոններին համապատասխանության տեսանկյունից:

«Մենք ունենք հարկման ռեժիմների տարբերության պատճառով ձևավորված այնպիսի իրականություն, որ այդ տնտեսվարողների համար ավելի շահեկան է չխոշորանալը»,- ասել է փոխվարչապետը և նշել, որ այս եղանակով փորձ է արվում հարկման ռեժիմների տարբերությունը նվազեցնել կամ գործնականում բացառել: «Այս որոշմամբ կառավարությունն ասում է, որ սպանդանոցային տնտեսությունների վճարած յուրաքանչյուր 400 դրամ ավելացված արժեքի հարկից 300 դրամը պետական բյուջեից կվերադարձվի այդ սպանդանոցային տնտեսություններին: Այսինքն՝ մենք այդպիսով յուրաքանչյուր կգ մսի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկին միայն 100 դրամն է, որ թողնում ենք տնտեսվարող սուբյեկտի հաշվին վճարելուն՝ այդպիսով գործնականում հավասարեցնելով այն հարկման բեռը, որը կա շրջանառության հարկ վճարողների և ավելացված արժեքի հարկ վճարողների միջև»,- ընդգծել է Տիգրան Խաչատրյանը և հավելել, որ այս աջակցության ծրագրի համար երկար ժամկետ է սահմանվել՝ մինչև 2027 թվականի ավարտը, որը հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին երկարաժամկետ գործունեություն պլանավորել առանց մտավախության, որ վեց ամիս հետո կրկին կհայտնվեն անհավասար մրցակցային պայմաններում»,- նշված է Կառավարության հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ՍԱՏՄ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter