HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա.Երիցյանը ձերբակալվել է՝ պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով. ՔԿ

Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնից հաղորդում է ստացվել Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցում ծառայություն իրականացնող պարեկների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու, նրանց ծառայողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից։

«ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ 2024թ. օգոստոսի 1–ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության երկու պարեկ, Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցում գտնվող Մերգելյան ինստիտուտի մոտ ծառայություն իրականացնելիս, նկատել են խախտումով կայանված «Ջիպ Կոմպաս» մոդելի ավտոմեքենա և բարձրախոսով կանչել են մեքենայի վարորդին։ Նրանց է մոտեցել Երևանի 27-ամյա բնակիչ Ա.Երիցյանը, ով հայտնել է, որ մեքենան ինքը չի կայանել, բանալիներն իր մոտ չեն։ Պարեկները նրանից պահանջել են, որ վարորդ մոտենա՝ մեքենան տեղափոխելու: Իրենց մոտեցած մեկ այլ քաղաքացի, որը, ըստ մեքենայի սեփականատիրոջ, եկել է մեքենան տեղափոխելու, անխոչընդոտ, առանց բանալիի գործադրման, կարողացել է տեղափոխել նշված տրանսպորտային միջոցը:

Պարեկների մոտ կասկածներ են առաջացել, որ 27-ամյա անձը դրսևորում է կասկածելի վարքագիծ՝ վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ավտոմեքենան իրեն պատկանելու հանգամանքը թաքցնելու նպատակով։ Առաջարկվել է մոտենալ տարածքային ոստիկանության բաժին, սակայն երիտասարդը հրաժարվել է։ Պարեկները փորձել են ձերբակալել նրան, սակայն այդ ընթացքում երիտասարդը սկսել է հարվածներ հասցնել պարեկներից մեկի կրծքավանդակի և գլխի շրջանին, որից հետո պարեկները արցունքաբեր գազ են օգտագործել և երիտասարդին բերման ենթարկել բաժին: 

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հիշյալ ավտոմեքենայի բանալիները, հաշվառման վկայականը։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը, անմիջականորեն հանցանք կատարած լինելու կասկածանքով, Ա.Ե.-ն ձերբակալվել է:

Վերջինս ցուցմունքով ևս հաստատել է իրեն ընդամենը երկու ոստիկանի կողմից  ձերբակալելու հանգամանքը:

Առգրավվել է դեպքի վայրի տարածքում առկա տեսանկարահանող սարքի պարունակությունը, որը, վերաբերելի մասով ենթարկվել է զննության։ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից պահանջվել են դեպքի պահին ոստիկանների և ծառայողական ավտոմեքենայի վրա առկա տեսագրությունները:

Նախաքննությունը շարունակվում է։ 

Օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտե հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նշված միջադեպի ընթացքում պարեկային ծառայության ծառայողների կողմից բռնություն է կիրառվել Ա.Ե.-ի նկատմամբ, որի հետևանքով վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։ Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter