ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց։
«Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։
Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ»,- նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Վերջին մի քանի օրերին Իսրայելը և Լիբանանում գործող Հեզբոլահ խմբավորումը փոխադարձ հարվածներ են հասցրել: Հուլիսի 27-ի երեկոյան Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների հրթիռակոծության հետևանքով զոհվել է 12 մարդ՝ 10-16 տարեկան երեխաներ և դեռահասներ: Իսրայելի իշխանությունները հարվածի համար մեղադրել էին Հեզբոլահին և հայտարարել, որ խմբավորումը «անցել է բոլոր կարմիր գծերը»:
Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ Հեզբոլահը գտնվում է «բարձր պատրաստության» վիճակում և Լիբանանի հարավում «մաքրել է» կարևորագույն մի քանի օբյեկտներ՝ Իսրայելի հնարավոր հարձակման պարագայում։
Մեկնաբանել