
Ռուսաստանը հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ուկրաինային
Ռուսական բանակն օգոստոսի 4-ի գիշերը օդային նոր հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով 4 հրթիռ և 5 անօդաչու։
Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ ռուսական զորքերը С-300-ի զենիթային կառավարվող 2 հրթիռներով հարվածել են Խարկովի մարզին, իսկ Х-59 կառավարվող ավիացիոն ևս 2 հրթիռներով՝ Պոլտավայի մարզին:
Բացի այդ, ռուսական կողմը Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկի շրջանից արձակել է Shahed տեսակի 5 հարվածային անօդաչու։
Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի և Զապորոժիեի մարզերի տարածքներում խոցել են բոլոր 5 անօդաչուները։
Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտարարել է, որ հրթիռային հարվածների հետևանքով Խարկովի մարզի Չուգուև քաղաքում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք։ Տուժածներ չկան։ Չուգուևի շրջանի Պեսչանոյե գյուղում վնասվել է 6 տուն։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 4-ի գիշերը Բելգորոդի մարզի օդային տարածքում ռուսական զինուժը խոցել է ուկրաինական երկու անօդաչու։
Լուսանկարը՝ արխիվային/Yasuyoshi Chiba/AFP/Getty Images
Մեկնաբանել