HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քամալա Հարիսը հավաքել է պատվիրակների անհրաժեշտ թվով ձայները Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հավաքել է պատվիրակների անհրաժեշտ թվով ձայները Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար։ Այդ մասին հայտնում է CNN-ը։

Հարիսին նախագահի թեկնածու առաջադրելու քվեարկությունը ընթանում է առցանց ռեժիմով։ Այն սկսվել է հինգշաբթի՝ օգոստոսի 1-ին, և կավարտվի երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին: Ձայների բավարար քանակի մասին հայտարարությունն արվել է աջակիցների հետ հանդիպման ժամանակ, որը ևս ընթանում էր առցանց ռեժիմով։

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար նվազագույնը պետք է ստանալ 2350 պատվիրակների ձայները, որոնք Հարիսն արդեն հավաքել է։ Ինչպես հայտարարել են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ նրա առաջադրման օգտին պլանավորում է քվեարկել 3923 պատվիրակ։

Ինքը՝ Հարիսը, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու դառնալու հնարավորությունն անվանել է «մեծ պատիվ»։ CNN-ը նշում է, որ Հարիսը կդառնա առաջին սևամորթ կինը և ասիական ծագմամբ առաջին ամերիկուհին, որը կգլխավորի ԱՄՆ երկու խոշորագույն կուսակցություններից մեկի ցուցակը:

Բացի այդ, ինչպես CNN-ին հայտնել է իր աղբյուրներից մեկը, հանգստյան օրերին Հարիսը նախատեսում է հանդիպել փոխնախագահի պաշտոնի թեկնածուների հետ: Դրանց թվում պարբերականը նշում է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին, Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոյին, Արիզոնայից սենատոր և նախկին տիեզերագնաց Մարկ Քելիին, Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրին, տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիչին և Իլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Պրիցկերին:

Հուլիսի 21-ին ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ընտրական քարոզարշավից դուրս գալու մասին և աջակցեց իր փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը: Դեմոկրատական կուսակցությունը խոստացել է իր թեկնածուին պաշտոնապես առաջադրել մինչև օգոստոսի 7-ը՝ Դեմոկրատական կուսակցության Ազգային համագումարից առաջ, որը տեղի կունենա օգոստոսի 19-22-ը՝ Չիկագոյում:

Հուլիսին Հարիսի շտաբը քարոզարշավի համար հավաքել է 310 միլիոն դոլար նվիրատվություն: Դա ավելի քան երկու անգամ գերազանցել է այն գումարին, որը հավաքվել էր հուլիսին Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբի կողմից:

Լուսանկարը՝ Getty Images-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter