Իսրայելն ու ԱՄՆ-ն կարծում են, որ Իրանի պատասխան հարվածը կլինի երկուշաբթի
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատար անձինք ակնկալում են, որ Իրանը հակամարտության սրման ֆոնին կարող է երկուշաբթի հարված հասցնել իսրայելական տարածքին։ Այդ մասին հայտնում է ամերիկյան Axios պորտալը:
«ԱՄՆ-ի և Իսրայելի երեք պաշտոնյաներ հայտարարել են, որ ակնկալում են, որ Իրանը արդեն երկուշաբթի կհարձակվի Իսրայելի վրա»,- նշել է պարբերականը՝ չհայտնելով, թե ովքեր են իր աղբյուրները։
Ինչպես պատմել են ամերիկյան այս լրատվամիջոցի զրուցակիցները, օգոստոսի 3-ին Մերձավոր Արևելք է ժամանել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Քուրիլան։ Եվ չնայած այս ուղևորությունը նախապես պլանավորված էր, ամերիկացի բարձրաստիճան այս զինվորականի շրջագայությունը նպատակ ունի մոբիլիզացնել միջազգային կոալիցիան՝ Իսրայելին իրանական հնարավոր հրթիռակոծությունից պաշտպանելու համար:
Այլ տվյալների համաձայն, որը ներկայացրել է Sky News Arabia հեռուստաընկերությունը, հղում անելով արևմտյան հետախուզությանը, Իրանի հարձակումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 12-13-ը, երբ Իսրայելում նշվում է Տիշա բե ավը` Երուսաղեմի ավերված տաճարի համար հրեա ժողովրդի սգո օրը։
Ամերիկացի պաշտոնյաներն ակնկալում են, որ իրանական հարձակումն իրականացվելու է նույն սցենարով, ինչ ապրիլյան հարձակումն Իսրայելի վրա, սակայն, հնարավոր է, որ այն կլինի ավելի մասշտաբային, այդ թվում՝ գործի կդրվի լիբանանյան Հեզբոլահը:
Լուսանկարը՝ REUTERS/Amir Cohen
Մեկնաբանել