Պատմական փլուզումից հետո ճապոնական Nikkei ինդեքսը աճ է գրանցել
Ճապոնական Nikkei ինդեքսը, որը ներառում է 225 ճապոնական ընկերություններ, օգոստոսի 5-ի ռեկորդային անկումից հետո այսօր 10% աճ է գրանցել։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նախօրեին Nikkei ինդեքսը նվազել էր 12.4%-ով՝ հասնելով 31 458 կետի (օգոստոսի 6-ին բարձրացել է մինչև 34 500 կետի), ինչը պատմական անկում է համարվում 1987-ի «սև երկուշաբթիի» փլուզումից հետո:
Երեկ ամենաթանկ ընկերությունները հսկայական վնասներ են կրել։ Ամեն ինչ սկսվել է Ճապոնիայում՝ Nikkei ինդեսքի անկումից հետո, որին հաջորդել են փլուզումները համաշխարհային մյուս շուկաներում։ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Սեուլում, Սինգապուրում, Թայվանում, Իսրայելում և այլ երկրներում ֆոնդային բորսաները նվազում են գրանցում։
Bloomberg-ի հաղորդմամբ՝ աշխարհի ամենահարուստ 500 մարդիկ մեկ օրում ընդհանուր առմամբ 134 միլիարդ դոլար են կորցրել։ Ամենամեծ կարուստը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսինն է, որի կարողությունը կրճատվել է 15.2 միլիարդ դոլարով։
Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ-ում տնտեսական աճի դանդաղման վերաբերյալ մտահոգությունների, աշխատատեղերի կրճատման, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին։ Մեծ ազդեցություն են ունեցել Իրանի կողմից Իսրայելին հարվածելու հավանականության լուրերը։ Նշված իրադարձությունները խուճապ են առաջացրել ներդրողների շրջանում։
Երեկվա անկումներից հետո այսօր որոշակի կայունացում է նկատվում Ուոլ Սթրիթում. S&P 500 ֆյուչերսներն աճել են 1.5%-ով, Nasdaq-ը՝ 2%-ով, իսկ տարածաշրջանային Euro Stoxx 50 ֆյուչերսները՝ 1.24%-ով։ S&P 500 ինդեքսը օգոստոսի 5-ին 3% անկում է գրանցել, իսկ Nasdaq Composite-ը՝ 3.43%:
Reuters-ի գնահատմամբ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկել շուկաները հանգստացնելու և խուճապը մարելու համար։
Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ի
Մեկնաբանել