
Էջմիածնի ծխացող աղբավայրը
Երեկոյան ժամերին Էջմիածին քաղաքի զգալի հատվածն ու հարակից գյուղերը ծխի մեջ կորչում են: Ամենուր զգացվում է այրված պլաստիկի սուր հոտը, որը քամու հետ տարածվում է փողոցից փողոց: Երեկոյան Խոյ համայնքի Շահումյան, Մոնթեավան, Այգեշատ, Մրգաշատ, Ծաղկունք գյուղերում և Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի մեծ մասում հնարավոր չէ պատուհան բացել. հարակից աղբավայրը գիշեր-ցերեկ ծխում է:
Արմավիրի մարզում գործում է 5 աղբավայր, որից 3-ը կամ պետական գրանցում չունի, կամ հողի նպատակային նշանակությունը փոխված չէ: Մարզի 5 աղբավայրից որևէ մեկը ցանկապատված չէ, ինչը ոչ միայն փաստացի ընդլայնում է աղբավայրի տարածքը, այլև վնաս հասցնում հարևանությամբ գտնվող քաղաքացիների սեփականությանը՝ աղբով պատելով հողատարածքները:
Վաղարշապատ համայնքում առկա է մեկ աղբավայր, որի մակերեսը, ըստ սեփականության իրավունքի գրանցման վկայականի՝ մոտ 6,2 հա է, որից 2,2 հա-ն ընդգրկված է Էջմիածին քաղաքի վարչական տարածքում, իսկ մնացած մոտ 4 հա-ը գտնվում է Խոյ համայնքի Շահումյան գյուղում։
Օրվա ընթացքում Վաղարշապատ համայնքի բեռնատար ավտոմեքենաների մի քանի տասնյակ մուտք են գործում աղբավայրի տարածք: Որոշեցինք նույն ուղղությամբ աղբավայր հասնել ոտքով, ինչը լուրջ փորձություն կարելի է համարել: Մինչև աղբավայրի տարածք հասնելը, ճանապարհի երկու կողմերն արդեն իսկ լցված են աղբով, որոնց անմիջական հարևանությամբ մշակովի հողատարածքներ են: Ճանապարհի եզրերին՝ շինարարական աղբի կողքին, լցված են կենցաղային աղբ, սննդի մնացորդներ ու սպանդի ենթարկված կենդանիների գլուխներ, մարմնի մասեր: Առանց դիմակի հնարավոր չէ տարածքով անցնել, քանի որ արևի ճառագայթների տակ թափված կենդանիների մարմնի մնացորդներից գարշահոտություն էր տարածվում:
Աղբավայր գնալու ճանապարհը բավականին երկար էր, քանի որ ցանկապատված չլինելու պատճառով աղբը լցվում է ամենուր, որտեղ ազատ տարածք կա: Աղբի բլուրները հաղթահարելու ճանապարհին մերթընդմերթ մեր առջև դուրս էին գալիս աղբի տոպրակները քարշ տվող շներ: Լռության մեջ մեկ-մեկ լսվում էին նաև մարդկային ձայներ, ովքեր, աղբի կույտերը քանդելով, իրենց համար օգտակար իրեր էին փնտրում՝ ապակե տարաներ, գունավոր մետաղներ կամ կենցաղային ապրանքներ:
Վազգենին (անունը փոխված է իր խնդրանքով) հանդիպեցինք աղբավայրի վերջնամասում: Ապրում է Էջմիածին քաղաքում և ամեն օր լինում է աղբավայրում: Նա պատմեց, որ արդեն 5 տարի է` աղբավայրում շշեր ու գունավոր մետաղներ է հավաքում: Տանում է տուն, ապակե շշերը լվանում է ու հանձնում տարբեր արտադրամասերի: Մետաղներն էլ՝ հանձնում ընդունման կետերին: Օրական վաստակում մինչև 3-4 հազար դրամ:
«Առաջ զիբիլանոցում 2-3 հոգով էինք, հիմա մարդիկ շատացել են, ստիպված առավոտ ժամը 6-7-ին եմ գալիս, որ մի քիչ ավելի շատ շիշ հավաքեմ»,- ասում է Վազգենը և խնդրում իրեն չլուսանկարել, քանի որ նույնիսկ դպրոցահասակ երեխաները չգիտեն, թե ինչ աշխատանքով է զբաղված:
«Գիտեն, թե շինարարության վրա եմ աշխատում: Ասել եմ՝ շշերը գործարանից եմ բերում լվանում ու տանում, դրա դիմաց ինձ փող են տալիս: Դե գիտեք՝ Հայաստանում ոնց ա, եթե մարդիկ իմանան՝ էրեխեքիս վրա են ծիծաղալու, թե հերդ աղբ ա քջջում: Բացի այդ, չեմ ուզում էրեխեքիս աչքից ընկնեմ, որ էնքան անզոր եմ, աշխատանք չունեմ, աղբից գտածով եմ իրենց պահում»,- ասում է Վազգենը և արագ քայլերով գնում նոր աղբակույտը. «Կներես, չեմ կարա երկար խոսամ, շոգն ընկնում ա»:
Վազգենին ուղեկցում էին ոչ միայն տարածքում շրջող շները, այլև վառած աղբի մոխիրներից սևացած արագիլները, որոնք կանգնած էին աղբի կույտերի վրա: Իսկ տարածքում ծուխ էր:
Մոնթեավան գյուղի տները աղբավայրից մոտ 1 կմ են հեռու: Բնակիչներից պատմեցին, որ երբեմն աղբ թափող ավտոմեքենաների վարորդներն են կույտերն այրում, որպեսզի հաջորդ օրվա համար տեղ ազատվի:
«Աղբավայրը ցանկապատված չէ, քանի որ տվյալ պահին իրականացվում են աղբավայրի ընդլայնման համար սահմանակից հողամասի և արդեն իսկ պետական գրանցում ստացած հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացներ, որից հետո կիրականացվեն ցանկապատի կառուցման աշխատանքներ, և հնարավոր կլինի լիարժեք վերահսկողություն իրականացել աղբավայրի նկատմամբ»,- հայտնում է Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, համայնքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը։
Աղբավայրի շահագործումն ու պահպանումն իրականացնում է համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկը:
Աղբավայրի վերջնամասում նկատեցինք, որ տրակտորները որոշ հատվածներում հարթեցման աշխատանքներ են կատարել՝ ճանապարհ բացելով աղբատար մեքենաների համար, սակայն ընդհանուր վիճակն անմխիթար էր: Աղբն ուղղակի լցվում էր հողի վրա, այլ ոչ թե փոսի մեջ ու հողով ծածկվում:
Արմավիրի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մարզի 8 համայնքից աղբավայրեր չկան 4-ում՝ Արաքսում, Ֆերիկում, Փարաքարում և Մեծամորում:
Մեծամոր և Փարաքար համայնքների հավաքված աղբը «Մաքրություն» ՍՊԸ-ի միջոցով տեղափոխվում է համապատասխանաբար Արմավիրի և Երևան քաղաքի Նուբարաշենի աղբավայրեր։
Մեծամորում թեև աղբավայր չկա, սակայն Արմավիր տանող ճանապարհի կողքին պարբերաբար աղբ է կուտակվում: Մյուս համայնքներում ևս «մինի» աղբավայրեր կան:
Բաղրամյան համայնքի համանուն գյուղում գործում է աղբավայրի համար նախատեսված տարածք, որի օրինականացման փաստաթղթերն ընթացքի մեջ են։
Խոյ համայնքում երկու աղբավայր կա՝ Աղավնատուն և Արշալույս գյուղերի տարածքում։ Աղավնատուն գյուղի աղբավայրն ունի պետական գրանցում և զբաղեցնում է 1 հա տարածք, իսկ Արշալույսի աղբավայրը դեռևս պետական գրանցում չի ստացել, սակայն հանդիսանում է էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ կոմունալ ենթակառուցվածքների հողամաս։
Արմավիր համայնքի համանուն քաղաքում օրինական գրանցված մեկ աղբավայր կա, որը զբաղեցնում է 6 հա տարածք։
Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը տեղեկացնում է, որ նախկինում համայնքի տարածքում գործող 10 աղբավայրերը 2022-2024թթ․ ընթացքում փակվել են։ Իսկ միակ գործող աղբավայրը սպասարկում է «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկը:
Աղբավայրի ծուխը՝ խրոնիկ հիվանդությունների պատճառ
Աղբավայրերը ոչ միայն բնապահպանական տեսանկյունից են վտանգ ներկայացնում, այլև սպառնում են մարդկանց առողջությանը: Տներ լցվող ծուխն ու գարշահոտությունը չեն կարող անհետևանք մնալ:
Էջմիածնի հարակից վերը նշված գյուղերի բնակիչները պարբերաբար դժգոհում են, որ առողջական խնդիրներ են ունենում ծխի պատճառով:
«Խոյի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ տնօրեն Սերոբ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք աղբավայրը վտանգ չի ներկայացնում մարդկանց առողջության համար, ինչին ի պատասխան նշեց, թե այն անհետևանք չի կարող լինել:
Սերոբ Մանուկյանը նշեց, որ անձնավորված որևէ բնակչից բողոք չի ստացել, սակայն ակնհայտ է, որ ցանկացած տեսակի այրման արգասիք, որը չգիտենք՝ ինչի այրման հետևանքով է, պարունակում է թունավոր նյութեր:
«Կախված տվյալ զանգվածի այրվող նյութից՝ տարբեր ազդեցություններ թողնում է, բայց միանշանակ բացասական ազդեցություն է թողնում մարդկանց առողջության վրա: Կախված նյութերից՝ կարող է ազդեցություն ունենալ թոքերի վրա, ամբողջ օրգան համակարգերի վրա և այլն»,- ասում է Ս. Մանուկյանը, հավելելով, որ նորմալ չէ, երբ աղբավայրն այդքան մոտ է բնակելի տներին:
«Խոյի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ տնօրենն ասում է, որ դժվար է ասել, թե մարդկանց առողջական խնդիրների որ մասն է առաջացել աղբավայրի հետևանքով, որը՝ այլ պատճառներով, քանի որ դրա համար լուրջ ուսումնասիրություն է պետք:
«Մարդիկ ասում են, որ տարիներով այդ վիճակն է: Դժվար, թե 10 տարի այդ ծուխը շնչողի մոտ սուր արձագանք լինի, արդեն խրոնիկ բնույթ է կրում»,- հավելում է բժիշկ Մանուկյանը:
Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք նաև Մոնթեավան գյուղի վարչական ղեկավար Վիրաբ Սարգսյանին: Աղբավայրն այս գյուղի բնակելի տներին ավելի է մոտ: Վարչական ղեկավարը հաստատեց, որ աղբանոցի ծուխը տարածվում է ամբողջ գյուղով, սակայն այլ հարցերի չպատասխանեց, ասաց՝ տեղս հարմար չէ:
Մեկնաբանել