Ուկրաինայի ԶՈւ-ն Կուրսկի մարզում գրավել է 3 գյուղ. ռուսական տելեգրամյան ալիքներ
Ուկրաինական զորքերին, որոնք օգոստոսի 6-ին ներխուժել էին Ռուսաստանի Կուրսկի արզի Սուջանի շրջան, հաջողվել է ամրանալ սահմանամերձ գոտում։ Այդ մասին պնդում է ռուսական իշխանամետ «Рыбарь» տելեգրամյան ալիքը, որը մոտ է ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Տելեգրամյան այս ալիքի հեղինակ Միխայիլ Զվինչուկի տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները գրավել են Նիկոլաևո-Դարյինո, Դարյինո և Սվերդլիկովո գյուղերը։ Բացի այդ, ուկրաինական և ռուսական զորքերի միջև մարտեր են ընթանում Գոնչարովկայում և Օլեշնյայում։
«Рыбарь»-ը գրում է, որ, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերի մինչև 400 զինծառայող ներխուժել է Կուրսկի մարզի տարածք, ևս մինչև 2000 զինվորականներ կենտրոնացած են ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով: Զվինչուկը կարծում է, որ Ուկրաինայի զինված ուժերի այս գործողությունը պատրաստվել է երկար ժամանակ և կարող է շարունակվել ևս առնվազն մի քանի օր:
«Архангел спецназа» և «Два майора» ալիքների տվյալներով էլ՝ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի Սուջա։ Վերջինս փաստացի տարհանվել է։ Ռուսական իշխանամետ ալիքներում քննարկվում է, որ ուկրաինական զորքերի նպատակներից մեկը կարող է լինել «Սուջա» գազաբաշխիչ կայանի ոչնչացումը։
Տեղական իշխանությունները և ՌԴ պաշտպանության նախարարությունը մանրամասներ չեն ներկայացնում Կուրսկի մարզում տեղի ունեցող մարտերի մասին: Մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտարարել է, որ մարզը «հերոսաբար դիմակայում է ուկրաինացի նացիստների հարձակումներին», իսկ արտակարգ բոլոր ծառայությունները բերվել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի: Նա նաև կոչ է արել քաղաքացիներին տեղի հիվանդանոցներում արյան դոնոր դառնալ։
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի։ Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան էլ հայտարարել է, որ տուժածներից վեցը երեխաներ են։ Նահանգապետի պաշտոնակատարը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է առնվազն երեք խաղաղ բնակիչ։
Լուսանկարը՝ The Moscow Times-ից
Մեկնաբանել