«Օրդ» ՍՊԸ-ն հանք չի շահագործի Կարմիրսարի տարածքում
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն է տվել «Օրդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին՝ Կարմիրսարի տարածքում կրային մերգելների (կավակրաքարերի) հանքարդյունահանման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ցեմենտի հումք հանդիսացող այս հանածոյի համար մի քանի կազմակերպություն ներկայացրել էր հայտեր Արարատի մարզի Կարմիրսարին հարակից Այգեզարդ և Գինեվետ բնակավայրերի վարչական տարածքներում ընդերքի շահագործման թույլտվություն ստանալու համար։
Իսկ ընկերություններից «Օրդ» ՍՊԸ-ի հետ փոխկապակցված «Օրդ գրուպ» ՍՊԸ-ն հայտ էր ներկայացրել ցեմենտի գործարան կառուցելու համար։ Հանրային չորրորդ լսման ժամանակ պարզ դարձավ, որ ընկերությունը ցանկություն ունի ցեմենտի գործարանը կառուցել նույն Կարմիրսարին հարակից՝ Գինեվետ բնակավայրում։ Բնակիչներից շատերը դեմ էին արտահայտվել իրենց հարևանությամբ հանքի շահագործմանը և գործարանի կառուցմանը։ Դա երևում է նաև պետական փորձաքննության եզրակացությամբ, որտեղ գրված է, որ «Գինեվետում անցկացված չորրորդ հանրային քննարկումն անցկացվել է բազմաթիվ մտահոգիչ ելույթներով և դժգոհություններով»։
Հիշեցնենք նաև, որ որոշ իրավապաշտպաններ և բնապահպանական կազմակերպություններ բողոքել էին Գինեվետում անցկացված չորրորդ հանրային լսման դեմ: «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագյոզյանը հանրային լսումից օրեր անց կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իրենք պահանջում են քրեական վարույթ նախաձեռնել հանրային լսումը կամ, ինչպես իրենք էին կոչում, «չհանրային լսումը» ոչ մասնակցային և անօրինական անցկացնելու համար։
Մեզ հետ զրուցում իրավապաշտպանը նշեց, որ փորձագիտական կենտրոնի որոշումը իրենց հաղթանակն է, որը չէր լինի, եթե իրենք չցուցաբերեին քաղաքացիական ակտիվություն, չկատարեին իրազեկման ակցիաներ: «Չեմ կարծում՝ այդ գնահատականը նույնը կլիներ, եթե ստորագրահավաքը չանեինք, ասուլիսներ չանեինք, իրազեկման ակցիաներ չանեինք, դատախազություն չդիմեինք»,- ասում է Մհեր Կարագյոզյանը։
Իսկ ՇՄԱԳ փորձաքննական հիմնավորումներում նշվում է, որ ընկերության լրամշակված ՇՄԱԳ հաշվետվությունում առկա են մի շարք թերություններ և անհամապատասխանություններ։ Հանքի փակման ծրագրում չի ներկայացվել օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ինչը օրենքի պահանջ է։ Նաև ՇՄԱԳ-ում չի ներկայացվել հայցվող տարածքի հողերի նպատակային և գործառնական նշանակությունների վերաբերյալ ճշտված տեղեկատվություն, իսկ հայցվող հողերի տարածքները պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են։
«Օրդ» ՍՊԸ-ի պատվիրված փորձաքննության համաձայն՝ տարածքում չկան կարմիրգրքային տեսակներ, սակայն Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գրության համաձայն՝ Կարմիրսարի տարածքը հանդիսանում է մի շարք վտանգված բույսերի աճելավայր և կենդանիների ապրելավայր։
«Այդ տեսակներն ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում։ «Նշվածը հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը, համաձայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի»»,- նշված է եզրակացությունում։
Փորձաքննության ընթացում նաև ստացվել են 16 դիմում-բողոքներ՝ հանրագրի ձևով, որոնք նույնպես հիմք են հանդիսացել բացասական եզրակացության համար։ Դժվար է ասել փորձագիտական կենտրոնը կտա՞ր նույն բացասական եզրակացությունը, եթե չլիներ հանրային ճնշումը: Հիշեցնենք՝ Կարմիրսարի տարածքում, որտեղ կա նույն բուսական և կենդանական աշխարհը, տարիներ առաջ տրվել էր դրական եզրակացություն «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին:
Կարմիրսարի տարածքում մեկ այլ ընկերության՝ «Դիգընդիգ» ՍՊԸ-ին ուղարկած հարցմանը, թե ինչ դիրքորոշում ունի ընկերությունը բնակիչների դժգոհության և անցկացված ստորագրահավաքի վերաբերյալ, ընկերության ղեկավարը պատասխանել էր՝ եթե որոշակի փուլում պարզվի, որ աշխատանքները խոչընդոտում են կամ չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, ապա ընկերությունը կհրաժարվի հանքարդյունահանման աշխատանքներ իրականացնելուց իսկ օրենսդրությանը համապատասխանելիության դեպքում պատրաստ են համայնքի հետ քննարկել հետագա գործընթացները։
Ընկերության տնօրենի պնդմամբ՝ ընկերության նախագծային խումբը հետևում է Այգեզարդ գյուղի բնակիչների կողմից մեդիա և սոցիալական հարթակներում կազմակերպվող քննարկումներին:
Արմեն Խեչումյան
Գլխավոր նկարը՝ Վարդուհի Բարսեղյանի
Մեկնաբանել