HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը ֆինանսավորել է Նյու Յորքի քաղաքապետի օգնականների ուղևորությունները Բաքու

Ամերիկյան POLITICO թերթը գրում է, որ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի երկու օգնականներն Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ անցյալ տարի մեկնել են Բաքու:

POLITICO-ի հարցմանն ի պատասխան, Նյու Յորքի քաղաքապետարանը տրամադրել է փաստաթղթեր, որոնցում երևում է, որ Նյու Յորքի քաղաքապետի նախկին օգնական Էդվարդ Մերմելշտեյնը և Ռանա Աբասովան, որն անցած տարի քաղաքապետարանի Միջազգային կապերի վարչության արարողակարգի տնօրենն էր, 2023-ի ապրիլի 29-ից մայիսի 2-ը այցելել են Բաքու։

Ըստ փաստաթղթերի, պաշտոնյաների այցն ունեցել է տնտեսական հարաբերությունների զարգացման նպատակ։

Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի հետ աշխատանքի պետական ​​կոմիտեն ամեն պաշտոնյայի տոմսի համար վճարել է $1650 և տրամադրել է օրական $40 օրապահիկ, Ադրբեջանը հոգացել է նաև Մերմելշտեյնի հյոուրանոցային ծախսերը՝ $540։ Քանի որ Աբասովան ծնունդով Ադրբեջանից է, այցի ընթացքում նա ապրել է ընտանիքի հետ։

Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին Նյու Յորքի քաղաքապետարանը ժամանակավոր դադարեցրեց Աբասովայի լիազորությունները, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկություն կատարեց մի շարք պաշտոնյաների տներում, այդ թվում՝ Աբասովայի։ 

Խուզարկությունները տեղի ունեցան Թուրքիայի կողմից Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման և հնարավոր կոռուպցիոն կապերը պարզելու հետաքննության շրջանակում։ Ադամսը հերքել է, որ որևէ օրենք է խախտել, իսկ Աբասովան, ըստ The New York Times-ի, համաձայնել է համագործակցել իրավապահ մարմինների հետ։

Նյու Յորքի քաղաքապետարանի այս երկու պաշտոնյաների այցը Բաքու տեղի է ունեցել այս խուզարկություններից մի քանի ամիս առաջ։ 

Նախկինում, երբ Էրիկ Ադամսը Բրուքլինի թաղապետն էր, Աբասովան զբաղեցնում էր Թուրքիայի հետ կապերի պատասխանատուի պաշտոնը, որը, ի դեպ, չվճարվող պաշտոն է եղել։

Էրիկ Ադամսը պաշտոնական Անկարայի, Բաքվի և տարբեր թուրքական և ադրբեջանական հաստատությունների ու լոբբիստական խմբերի հետ համագործակցության փորձ ունի։ 

Այսպես, Ադրբեջանի հետ կապված բարեգործական Azzem International Foundation-ի և Brooklyn Baku Friendship Association-ի ղեկավարը գումար է նվիրաբերել Էրիկ Ադամսի նախընտրական քարոզարշավի համար։ Brooklyn Baku Friendship Association-ը Ադամսի քարոզարշավի համար դրամահավաք է կազմակերպել։ 

Էրիկ Ադամսը երկու անգամ՝ 2012-ին և 2016-ին, այցելել է Բաքու։ Այս այցերի ծախսերը հոգացել է Ադրբեջանի զբոսաշրջության նախարարությունը։ Բրուքլինի թաղապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Ադամսը Բրուքլինը և Բաքուն քույր քաղաքներ ճանաչելու որոշում է ընդունել։

Էրիկ Ադամսը ութ տարվա ընթացքում մասնակցել է Թուրքիային նվիրված մոտ 80 միջոցառման, այդ թվում՝ 2015-ին Թուրքիայի դրոշի բարձրացմանը, 2018-ին՝ բարեգործական հանդեսի և 2020-ին՝ Թուրքիայի հյուպատոսի հետ Zoom հանդիպմանը։

Ըստ Daily News-ի, Ադրբեջանից վերադառնալուց հետո Մերմելշտեյնը և Աբասովան հանդիպել են Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու Նյու Յորքի և Բաքվի միջև ուղիղ չվերթների վերականգնման հարցը։ 

Բացի այդ, քաղաքապետ Էրիկ Ադամսի քաղաքական հարցերով խորհրդական Ֆրենկ Քարոնեն անցյալ տարվա սեպտեմբերին հանդիպել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ, հանդիպման ժամանակ քննարկել են աշխարհաքաղաքական հարցեր:

Ավելին, POLITICO-ն և Daily News-ը գրել էին, որ 2022-ի հոկտեմբերին Աբասովան, Մերմելշտեյնը և Քարոնեն մեկնել են Թուրքիա՝ կոնֆերանսի։ Այցի համար վճարել է թուրքական անշարժ գույքի առևտրային մի խումբ: 

Մերմելշտեյնի հայտարարագրում Բաքու կատարած այցը տնտեսական զարգացման նպատակ ունեցող միակ այցն էր, որն ուղղակիորեն ֆինանսավորվել էր օտարերկրյա կառավարության կողմից:

Նյու Յորքի քաղաքապետարանի պաշտոնյաների ուղևորությունները լրացուցիչ մտահոգություններ են առաջացրել քաղաքային իշխանությունների վրա արտաքին ուժերի ազդեցության և թափանցիկության վերաբերյալ:

Գլխավոր լուսանկարում՝ Էրիկ Ադամսը Brooklyn Baku Friendship Association-ի անդամների հետ հանդիպման ժամանակ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter