HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների տրամադրման համաձայնագիր է ստորագրվել

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանին քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով:

«Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

1. հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,

2. պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,

3. պետական գնումների համակարգի արդիականացումը,

4. կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,

5. կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,

6. ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,

7. կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Թեմայի շրջանակում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դիտարկում է արել. «Վերջերս պարբերաբար լրատվամիջոցներով, այսպես ասած, սենսացիաներ են պտտվում այն մասին, թե Հայաստանի Հանրապետության պարտքը ինչ շեմը հատեց։ Ուզում եմ ասել, որ ամեն տարվա բյուջեով, մենք նկարագրում ենք, թե Հայաստանի Հանրապետության պարտքը ինչպես է փոխվելու, ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու։

Մենք նախորդ տարի հրապարակում ենք նաև, թե ինչ չափով պետական պարտատոմսեր ենք թողարկելու, այդ թողարկումների օրացույցն ենք նախանշում, և ամեն տարվա բյուջեի քննարկումների ժամանակ այս բոլոր հարցերը պարզ են բոլորի համար, և որևիցե նորություն չկա։ Այս վարկային ծրագիրը և մյուս վարկային ծրագրերը, որոնք մենք կներկայացնենք կառավարության հաստատմանը, դրանք բոլորը նորություն չեն և նախապես հայտարարված են, աղբյուրները հայտնի են, և այս ծրագրով էլ մենք առաջ ենք շարժվում»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է, որ կարևոր է ներգրավված միջոցների օգտագործման արդյունավետությունը, որը վերաբերելի է ոչ միայն պետությանը, այլև ցանկացած բիզնեսին և անհատին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter