HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Առողջապահության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցը վիրավորվել է «պիտանի չեն» արտահայտությունից

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Յուրի Մնացականյանի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՊՓԲԸ-ի և Վիգեն  Շահինյանի, 3-րդ անձ news.am-ի:

Հայցվոր Յ.Մնացականյանը վիճարկում է 2011թ.-ի նոյեմբերի 26-ին news.am կայքում հրապարակված «Առողջապահության ազգային ինստիտուտի 40-100 աշխատակիցներ կհամալրեն գործազուրկների շարքերը» հոդվածում Վիգեն  Շահինյանի արած արտահայտությունը:

Հոդվածը վերաբերում է Առողջապահության ազգային ինստիտուտի 150 աշխատակիցներին, որոնք աշխատավարձ չեն ստացել՝ հայտնվելով կրճատման տակ:

Հոդվածում Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատանքային խմբի ղեկավար Վիգեն Շահինյանը ասել է. «Հիմա իրավիճակը այսպիսին է. 176 հոգի դեռ շարունակում են աշխատել, որոնց մի մասի վճարումը ձգձգվում է, իսկ մյուսներին ընդհանրապես գումար չի վճարվել: Նման դեպքերում անխուսափելի են վերակազմակերպական կառուցվածքային փոփոխությունները: Ներկա պահին 40 հոգի կրճատման գործընթացի փուլում են, որոնք այս նոր պայմաններում պիտանի չեն ինստիտուտի գործունեության համար»: news.am-ի հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել «պիտանի չեն» ասելով, նա ավելացրել է. «Այսինքն` դեկանատ չկա: Օժանդակ ստորաբաժանումներում 6 հոգի են, իսկ նոր պայմանները թելադրում են, որ 3-ը մնան»:

Հայցվոր Յ.Մնացականյանը հանդիսացել է Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից  և այդ ժամանակ նույնպես գտնվել է կրճատման տակ և վիրավորվել է «պիտանի չեն» արտահայտությունից: Նա պատասխանողից պահանջում է 1 միլիոն դրամ փոխհատուցում վիրավորանքի համար:

Այսօրվա նիստին պատասխանողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց դատարանի պահանջած փաստաթուղթը, որում ասվում էր, որ Յ.Մնացականյանը 4,5 ամիս առաջ ծանուցում է ստացել կրճատման մասին, սակայն այն այդպես էլ չի հաստատվել: Հետագայում` 2012թ.-ի մայիսի 21-ին, հաստատվել է, սակայն այլ հիմքով՝ ժամանակին աշխատանքի չներակայանալու պատճառով, որի համար վերջինիս պայմանագիրը լուծվել է:

Այսպիսով, նախնական դատական նիստերն ավարտվեցին, և կողմերն անցան դատաքննության փուլ: Հերթական նիստի օր նշանակվեց օգոստոսի 21-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter