HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Լողի անվճար պարապմունքներ. ինչպես են ընտրվելու 200 դպրոցականները

Սեպտեմբերից Հայաստանի 5 մարզում 200 դպրոցական լողի անվճար պարապմունքների հնարավորություն կունենա։ Կառավարության հուլիսի 4-ի որոշմամբ` հաստատվել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը, որով որոշվել է պետական բյուջեից գումար հատկացնել 8-ից 17 տարեկան մարզաբնակ դպրոցականների լողի պարապմունքները կազմակերպելու համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչև օգոստոսի վերջ դրամաշնորհային մրցույթ է հայտարարել, որի արդյունքում ընտրված ընկերությունների հետ պայմանագիր կկնքվի։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն կունենան Առողջապահության նախարարության հրամանով հաստատված լողավազանների կառուցվածքին, շահագործմանը, ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, սանիտարահամաճարակային կանոններին և նորմերին համապատասխանող լողավազաններ ունեցող կազմակերպությունները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս պահի դրությամբ կա վերոնշյալ պահանջներին բավարարող մինչև 9 լողավազան, որոնք կարող են մասնակցել մրցույթին։ Նախագծի հիմնավորման մեջ էլ նշվում է, որ 2024 և 2025 թվականներին փորձնական ծրագիրը իրականացնելու համար դիտարկվել են երկուական լողավազաններ Կապանում և Էջմիածնում, մեկական՝ Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում։

Նախատեսվում է պարապմունքներն անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Յուրաքանչյուր լողավազանում լողի պարապմունք կանցկացնի 22 երեխա։ Այսինքն՝ հնարավորությունից կկարողանա օգտվել շուրջ 200 դպրոցական։ Շահառուների ընտրությունը իրականացվելու է բաց հայտարարության միջոցով՝ ըստ դիմելու հերթականության, ընդ որում՝ կարող են դիմել միայն տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում սովորող դպրոցականները: 

Դիտարկվող 7 բնակավայրում, ըստ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների, 3-րդից 12-րդ դասարաններում սովորող (այսինքն՝ ծրագրին համապատասխան տարիքային խմբում գտնվող) շուրջ 32,5 հազար դպրոցական կա։ Խոսքը ոչ թե համայնքների, այլ առանձին բնակավայրերի, այս դեպքում՝ միայն քաղաքների մասին է։ Ստացվում է՝ անգամ լողավազանի տեղակայման բնակավայրում սովորող ամեն 162 դպրոցականից միայն 1-ը ծրագրից օգտվելու հնարավորություն կունենա։

Նախագծի հիմնավորման մեջ նախնական հաշվարկ է ներկայացվել, թե պետական բյուջեից որքան կծախսվի այս ծրագրի համար։ Այս տարվա 4 ամսվա համար նախնական ծախսվելու է 9,5 մլն դրամ, հաջորդ տարվա ուսումնական 9 ամիսներին՝ 21,4 մլն դրամ։

«Մեկ աշակերտի համար սահմանված գինը (12 հազար դրամ) առաջացել է հանրապետության լողավազաններից արված գնահարցումների արդյունքում հաշվարկված միջին թվից: Սակայն հաշվի առնելով, որ կազմակերպությունների ընտրությունը նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցութային դրամաշնորհի միջոցով՝ հենց դրամաշնորհային մրցույթի ընթացքում էլ հստակ կձևավորվեն գները»,- նշված է հիմնավորման մեջ:

Ծրագրի փորձնական շրջանի հաջողության դեպքում Կառավարությունը նախատեսում է ընդլայնել այն՝ ներգրավված լողավազանների թիվը երեք տարում հասցնելով 27-ի։ Այս պահի դրությամբ ԿԳՄՍ նախարարությունը Առողջապահության նախարարության սահմանած պահանջներին համապատասխան 9 լողավազան է դիտարկում, եթե Կառավարությունը հասնի նախագծի հիմնավորման մեջ ներկայացված արդյունքներին, ծախսերը ևս կեռապատկվեն՝ 2027-ին հասնելով 64.2 մլն դրամի։

2023 թվականի հունիսի 16-ին՝ Կառավարության նիստի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարզային այցելությունների ընթացքում արձանագրել են, որ Հայաստանի մարզերի 80%-ում ոչ մի լողավազան չկա։ Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ մարզական կենտրոններ պիտի ստեղծվեն, որոնք կծառայեն թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրերին։ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ մեկ կառույցի ընդհանուր արժեքը կկազմի 1.5-2 միլիարդ դրամ։ Երկու ամիս անց «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողության ընթացքում Փաշինյանը շեշտեց՝ մարզական կենտրոններ պիտի կառուցվեն խոշորացված բոլոր համայնքներում, հետագայում՝ խոշոր համայնքներում: Մեկ տարվա ընթացքում կառավարման վերաբերյալ պատկերացումները կարծես փոխվել են։

«Ստանձնեցինք այդ քաղաքական հանձնառությունն ու սկսեցինք գնալ այդ ուղղությամբ: Հետո եկանք այն եզրակացության, որ եթե միլիոնավոր գումարներ ծախսենք ու ստեղծենք այդ մարզական կենտրոնները, ունենալու ենք կառավարման խնդիր: Պետք էր ունենալ այնպիսի կառավարում, որի արդյունքում կենտրոնն, իսկապես, կծառայեր համայնքին: Արդյունքում, որոշեցինք այդ ենթակառուցվածքների կառավարումը հանձնել այդ ոլորտում մասնագիտացած ընկերությունների: Մասնավոր ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն կա, ուստի որոշվեց գաղափարը կյանքի կոչել համաֆինանսավորման եղանակով»,- հուլիսի 4-ի նիստում ասել է Փաշինյանը: 

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ Չարենցավան, Եղեգնաձոր, Մարտունի, Արարատ քաղաքներում արդեն մեկնարկել են տիպային լողավազանների կառուցման աշխատանքները:

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter