HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զարթիր». աշուղներից մինչև Գուրջիև

Այս տարի գերմանական ECM Records-ում թողարկվեց «Գուրջիև» անսամբլի երրորդ՝ ««Զարթիր»» խորագրով ալբոմը։ Այն վերաիմաստավորում է միստիկ, փիլիսոփա, կոմպոզիտոր, պարուսույց Գեորգի Գուրջիևի երաժշտությունը՝ ժողովրդական գործիքավորմամբ։ Ալբոմում կան նաև անդրադարձներ հայ աշուղներին և բանաստեղծներին` Ջիվանի, Բաղդասար Դպիր, Սայաթ-Նովա։ 

Երաժշտության փիլիսոփա և հնչյունային ակցիոնիստ Լեապոլդո Սիանոն և երաժշտագետ, հնչյունային պերֆորմեր Շուշան Հյուսնունցը զրուցել են Գուրջիև անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանի հետ՝ «Զարթիր» ձայնասկավառակի շնորհանդեսի, Գուրջիևի և աշուղների մասին։ 

Շուշան Հյուսնունց- «Զարթիր»-ը Գուրջիև անսամբլի երրորդ ձայնասկավառակն է: Բոլոր երեքն էլ լույս են տեսել լեգենդար ECM ձայնագրման ընկերությունում: Նրանում տեղ են գտել քո կատարած վերամշակումները հայկական և միջին արևելյան երաժշտական գործիքների համար այն մեղեդիների, որոնք ժամանակին Գուրջիևը հավաքագրել էր և ռուս կոմպոզիտոր Թոմաս դե Հարթմանի օգնությամբ փոխադրել դաշնամուրի համար: Երկրորդ ձայնասկավառակը (2015) նվիրված է Կոմիտասին: Քո՝ ժողովրդական գործիքների համար արված մշակումներում Կոմիտասի թափանցիկ, նրբակերտ դաշնամուրային գործերը ներկայանում են ավելի խիտ, լիամարմին հնչողությամբ: Ու հիմա, ձեր երրորդ ալբոմով, վերադառնում եք կրկին Գուրջիևին ու միևնույն ժամանակ ընդլայնում ձեր նվագացանկը՝ դնելով իր երաժշտությունը ավելի լայն համատեքստում, որում այն երկխոսում է աշուղների՝ Սայաթ-Նովայի, Պաղտասար Դպիրի և Ջիվանի հետ: Ինչպե՞ս է ամենինչ սկսվել: Ո՞րն է եղել Գուրջիևի երաժշտությունը կատարելու առաջին ազդակը:

Լևոն Էսկենյան- Առաջին անգամ լսեցի Գուրջիևի երաժշտությունը՝ թավջութակահարուհի Անյա Լեխների ձայնագրությամբ, հրատարակված ECM Records լեյբլի կողմից: Շատ վառ կերպով եմ հիշում այն առաջին տպավորությունը, որ ունեցանք ես և կինս՝ Լուսինե Գրիգորյանը (ում ծննդավայրն ի դեպ, ինչպես Գուրջիևինը, Գյումրին է), այդ ձայնագրությունը լսելիս: Մենք անմիջապես զգացինք խորը հարազատություն այդ երաժշտության հետ: Այդ ուժեղ կապի մղումով ես ձեռք բերեցի բոլոր հնարավոր ձայնագրությունները, այդ թվում՝ Թոմաս դե Հարտմանի, Քիթ Ջարեթի, Ռոզենթալի, Կրեմսկու, ընդհուպ՝ Գուրջիևի իսկ կատարումները հարմոնիումով և նրա Արևելեյան սյուիտը: Ներշնչված այս ամենով, սկսեցի փոխադրել Գուրջիևի մեղեդիները ավանդական գործիքների համար, զգալով ուժեղ պահանջ էˊլ ավելի խորը հասկանալու նրա երաժշտությունը: Սա հանգեցրեց Գուրջիև անսամբլի հիմնադրմանը՝ նշված փոխադրումները կատարելու նպատակով: Մեր առաջին համերգները Հայաստանում գրավեցին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ուշադրությունը, ով ներկայացրեց մեր տեսանյութերը Մանֆրեդ Այխերին, ECM Records-ի հիմնադրին: Այսպես ծնվեց մեր առաջին ալբոմը՝ The Music of Georges I. Gurdjieff: Դեռ այն ժամանակ միտք ունեի ապագայում ներգրավել այլ աշուղների երաժշտությունը նույնպես: Գուրջիևի հայրը աշուղ էր, և առհասարակ Գյումրու աշուղական միջավայրը մեծ ազդեցություն է թողել իր հետաքրքրությունների ու որոնումների վրա: Ի դեպ, հենց առաջին ալբոմի բուկլետում ներառել եմ Աշուղ Ջիվանու լուսանկարը: Հիմա, «Զարթիր»-ով վերջապես կարողացանք միավորել Գուրջիևի և աշուղների երաժշտությունը:

Լեոպոլդո Սիանո- Գուրջիևի և դե Հարթմանի դաշնամուրային ստեղծագործությունները հատկապես հայտնի են դարձել այնպիսի երաժիշտների մեկնաբանությունների շնորհիվ, ինչպիսիք են Ալեն Կրեմսկին, Քիթ Ջարեթը և Հերբերտ Հենքը: Դու մի ռիսկային գործ ես խիզախել՝ «վերաթարգմանել» այս երաժշտությունն ավանդական գործիքների համար՝ մոտեցնելով այն սկզբնական վիճակին, որպիսին, ինչպես ասում են, Գուրջիևը լսել և հավաքել է: «Բնօրինակին» վերադարձը թերևս ուտոպիա է։ Իհարկե, այստեղ «բանասիրական» խնդիր չէ։ Բնօրինակի այս որոնումը (սա նաև «Ծագման» որոնում է, եթե կարելի է ասել) նաև ներառում է քո սեփական հնչյունային երևակայությունը որպես կոմպոզիտոր: Ի՞նչ ես կարծում, որքանո՞վ է մեծ քո սեփական «ձեռագրի» ազդեցությունը:

Լևոն Էսկենյան-  Ճիշտ ես նկատել, երաժշտությունն օրիգինալ հնչյուններին մոտեցնելու առումով, այն հնչյուններին, որոնք Գուրջիևը պետք է լսած լիներ իր ճամփորդությունների ընթացքում: Կարևոր է նշել, որ այս ստեղծագործություններից մի քանիսը Գուրջիևին զուգահեռ բանավոր փոխանցվել են նաև այլ մարդկանց միջոցով, իսկ որոշ մեղեդիներ նույնիսկ գրել են նրա ժամանակի այլ կոմպոզիտորներ, օրինակ՝ Կոմիտասը: Այնուամենայնիվ, այս ստեղծագործություններում մենք առաջին հերթին գտնում ենք Գուրջիևի կոմպոզիտորական երևակայությունը և ճշմարտության որոնումները, որոնք նրան տարել են Արևելքից Արևմուտք, և այս ամենը առկա է նրա երաժշտության մեջ: Նրա գործերը վերագործիքավորելու իմ մոտեցումը օբյեկտիվության վարժություն է: Ես ուշադիր ուսումնասիրել եմ այն ​​գործիքների համակցությունը, որ տարբեր ժողովուրդներ ունեցել են կամ ունեն այսօր: Օրինակ՝ հայկական երգեր, հունական հին մեղեդիներ, արաբական ու մերձարևելյան երաժշտությանը նմանվող սայիդներ, քրդական հովիվ մեղեդիներ և այլն։ Ազգագրական առումով աուտենտիկ վերամշակումներ ստեղծելու համար հաշվի եմ առնում նաև մարդաբանական մոտեցումը: Ես չեմ ձգտել ստեղծել գեղեցիկ կոմպոզիցիաներ. իմ որոնումները օբյեկտիվությանն էին ուղղված: Այնուամենայնիվ, ճիշտ է նաև, որ այն, ինչ մենք անում ենք, անշուշտ մեր երևակայության հետքն է կրելու:

Zartir-Gurdjieff Ensemble-Levon Eskenian. Baghdasar Dpir

Լեոպոլդո Սիանո- «New York Times»-ին տված հարցազրույցում ասացիր, որ Գուրջիևը պլանավորում էր համերգներ տալ՝ օգտագործելով «քառասուն գործիք, որը հավաքել էր իր ճանապարհորդությունների ժամանակ»։ Ի՞նչ կասես դրա մասին։ Կա՞ հստակ տեղեկություն, թե որոնք էին այս գործիքները:

Լևոն Էսկենյան-  Այո, այդ մասին հայտարարվեց 1923 թվականին Champs-Élysées-ում Գուրջիևի ու Թոմաս դե Հարթմանի համերգներից հետո: Այդ ժամանակ Գուրջիևը վարձել էր նաև մեծ սիմֆոնիկ նվագախումբ՝ նվագելու իր երաժշտության մի մասը, որը գործիքավորել էր դե Հարթմանի հետ միասին։  Ծրագրի մեջ նշվում էր, որ նրա երաժշտությունը կհնչի քառասուն գործիքով, որոնք հավաքել էր իր ճամփորդությունների ընթացքում։ Ցավոք, մենք մանրամասն տեղեկություններ չունենք, թե կոնկրետ որ գործիքներն են եղել դրանք։ Սակայն, ելնելով քանակից և տեսականուց, կարող ենք եզրակացնել, որ դրանք բավականին բազմազան էին։ Գուրջիևի ճանապարհորդությունները նրան տեղափոխել են Հայաստանից մինչև Մերձավոր Արևելք և Ասիա, ուստի, ամենայն հավանականությամբ, նա գործիքներ է հավաքել հենց այդ տարածաշրջաններից:

Մեր անսամբլը ներառում է մոտ տասնվեց գործիք, որոնք օգտագործվում են Հայաստանում, Մերձավոր Արևելքում և Ասիայի որոշ մասերում։ Կարծում եմ, Գուրջիևն ուներ նմանատիպ գործիքներ իր հավաքած քառասունի մեջ: Նրա նվագախմբային կոմպոզիցիաներում ես կարող եմ հասկանալ, թե ինչպես է նա օգտագործում դասական գործիքները` ավանդականներին ընդօրինակելու համար, օրինակ` օգտագործելով կլարնետն ու հոբոյը` դուդուկի փոխարեն, ֆլեյտան` նայի, ալտը` քամանչայի և այլն…

Շուշան Հյուսնունց- Գուրջիևից Կոմիտաս և հետ դեպի Գուրջիև: Նրանք մեկ ընդհանուր բան ունեն՝ երկուսն էլ ավանդական մեղեդիներ են հավաքել ոչ միայն Հայաստանից, այլ նաև հարևան երկրներից։ Եվ երկուսն էլ դրանք փոխադրել են դաշնամուրի համար։ Բայց մինչ Կոմիտասը ձգտում էր արտահայտել «հայկականությունը» իր ամենաէական և «մաքուր» վիճակում, մենք տեսնում ենք, որ Գուրջիևը չի հրաժարվում արաբականից, պարսկականից, կովկասյանից ամենալայն իմաստով և նույնիսկ հունական տարրերից: Նույն հակասությունը կարող ենք տեսնել նրանց հոգևոր կյանքում։ Մի կողմից Կոմիտասի՝ որպես քահանայի քրիստոնեական ուղղափառությունը, մյուս կողմից՝ Գուրջիևի միստիկական սինկրետիզմը։ Միաժամանակ գիտենք, որ Գուրջիևին գրավել է Կոմիտասի կերպարը և նույնիսկ պլանավորում էր այցելել նրան։ Արդյո՞ք նրանք իսկապես հանդիպել են: Եվ ինչպե՞ս ես տեսնում կապը այս թվացյալ տարբեր աշխարհների միջև:

Լևոն Էսկենյան- Թվում է, թե նրանք գալիս են տարբեր աշխարհներից, բայց իրականում ունեն ընդհանրություններ: Ե՛վ Կոմիտասը, և՛ Գուրջիևը նշանակալի ներդրում են ունեցել էթնոերաժշտագիտության մեջ՝ պահպանելով և ստեղծելով դաշնամուրային ստեղծագործություններ՝ հիմնված ավանդական մեղեդիների վրա՝ անգնահատելի պատկերացումներ տալով Հայաստանի, Մերձավոր Արևելքի և նույնիսկ Ասիայի երաժշտական ​​ժառանգության մասին: Արմատավորվելով ավանդույթի մեջ՝ նրանք այս մեղեդիները արտահայտել են նորարարական ձևերով. Կոմիտասի ստեղծագործություններն ընդգծում են հայ երաժշտության մոդալ և ռիթմիկ նրբությունները՝ ստեղծելով եզակի երաժշտական ​​լեզու դասական երաժշտության մեջ, որը բխում է հայկական ռիթմիկ օրինաչափություններից և մոդալ կառուցվածքներից: Գուրջիևի փոխադրումները, մյուս կողմից, ներառում են ոճական բազմազան տարրեր, ինչը հանգեցնում է յուրահատուկ և բազմատարր երաժշտական ​​լեզվի: Կոմիտասի, որպես Վարդապետ, հոգևոր գործերը սերտորեն կապված են Հայ առաքելական եկեղեցու հոգևոր ավանդույթների հետ։ Մյուս կողմից, Գուրջիևի միստիկական սինկրետիզմը բխում էր հոգևոր ավանդույթների լայն տեսականուց՝ ներառյալ արևելյան ուղղափառ քրիստոնեությունը, սուֆիզմը, բուդդիզմը, հինդուիզմը, հնագույն ծեսերը և էզոթերիկ ուսմունքները: Այս էկլեկտիկ ոգեղենությունն արտահայտվում է նրա երաժշտական ​​ազդեցությունների բազմազանության մեջ։ Իրականում ես պետք է ուսումնասիրեի Կոմիտասի երաժշտությունը և կարդայի նրա հոդվածներն ու ուսումնասիրությունները՝ Գուրջիևի երաժշտությունը գործիքավորելու համար։ Գուրջիևի երաժշտությունը սովորելը և անսամբլի հետ աշխատելը ինձ օգնեցին Կոմիտասի երաժշտությունը կատարել: «Կոմիտաս» ծրագրի մեր պրեմիերայից հետո անսամբլի որոշ երաժիշտներ ասացին. «Պատկերացնու՞մ եք, թե ինչպես կկատարեինք Կոմիտասի երաժշտությունը, եթե մեր առաջին ծրագիրը չլիներ Գուրջիևինը»: Թ. դե Հարթմանից գիտենք, որ Գուրջիևն իրեն ուղարկել է Երևան՝ Կոմիտասի երաժշտությունը ուսումնասիրելու համար, հասկանալու, թե ինչպես են գրված նրա գործերը: Գուրջիևը Ֆրանսիայում էր, երբ Կոմիտասը հոգեբուժարանում էր, և նա կարող էր այցելել Կոմիտասին: Ենթադրում ենք, որ նա այդպես էլ արել է, քանի որ երկուսն էլ հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մտերիմ ընկերներն էին եղել։ Իսահակյանի որդին փաստագրել է նրանց այցելությունները Գուրջիևին և Ֆոնտենբլոյում նրա հետ անցկացրած ժամանակը: Սակայն Կոմիտասի և Գուրջիևի միջև հանդիպման կոնկրետ ապացույց չունենք։

Լեոպոլդո Սիանո- Դու հաճախ ես նշում Գուրջիևի հոգևոր ուսմունքների կարևորությունը: Ի՞նչն էր քեզ համար առաջնայինը: Երաժշտության միջոցո՞վ բացահայտեցիր նրա փիլիսոփայությունը, թե՞ հակառակը:

Լևոն Էսկենյան-  Ես լսել էի Գուրջիևի և նրա ուսմունքների որոշ հետաքրքիր կողմերի մասին, բայց իմ առաջին հանդիպումը նրա երաժշտության միջոցով էր: Այդ նույն ժամանակահատվածում Երևանում սեմինարներ էին կազմակերպվում Նյու Յորքի Գուրջիևյան հիմնադրամի կողմից, այդ թվում՝ Լիլիան Ֆայրսթոունի և աշխարհի տարբեր երկրներում գործող մասնաճյուղային խմբերի անդամների կողմից: Ես հանդիպեցի նրանց և հնարավորություն ունեցա սկսել ուսումնասիրել նրա մեթոդները։

Կարծում եմ՝ որպես մարդիկ, մենք ծնվում ենք բնությանը մոտ, բայց աստիճանաբար ճնշվում ենք ունայնություններով, որոնք ձևավորում են մեր անձնական կյանքը: Ժամանակի ընթացքում մենք դառնում ենք մեխանիկական, և ինքնադիտարկման միջոցով սովորությունները կոտրելը ինքնազարգացման բանալին է: Շատ կարևոր է հիշել, որ մեր միտքը, զգացմունքները և ֆիզիկական կենտրոնները պետք է միասին ներդաշնակորեն աշխատեն: Այս հայեցակարգը հատկապես կարևոր է երաժիշտների համար, քանի որ երաժշտություն ստեղծելը կամ կատարելը պահանջում է նման մոտեցում, և առանց դրա, այնուամենայնիվ, երաժշտություն չեք ստանա:

Բացի այդ, ես ընդգծում եմ ցանկացած կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարելիս նրանց համատեքստը, ժամանակաշրջանը և պատմությունը ուսումնասիրելու կարևորությունը՝ այդ դեպքում ներըմբռնումը կսկսի գործել ավելի խելացի կերպով:

Շուշան Հյուսնունց- Ի տարբերություն Ֆրանսիայի, Իտալիայի և արևմտյան որոշ այլ երկրների, Գուրջիևի փիլիսոփայությունը կարծես այդքան էլ հայտնի չէ իր հայրենի Հայաստանում: Գիտե՞ս Հայաստանում Գուրջիևի որևէ դպրոցն կամ ընթերցանության խումբ, որ զբաղվում է նրա գաղափարներով։

Լևոն Էսկենյան-  Հետաքրքիր է, որ վերջերս Գուրջիևի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում աճում է: Նրա գրքերից մի քանիսը թարգմանվել են հայերեն, հավանաբար մեր ձայնագրություններն էլ են օգնել ծանոթացնել մարդկանց նրա գաղափարներին։ Կան նաև խմբեր, որոնք ուսումնասիրում են նրա մեթոդները. մի դպրոց, որը ես գիտեմ, ստեղծվել է 2007 թվականին Լիլիան Ֆայերսթոունի կողմից և գործում է Նյու Յորքի Գուրջիևի հիմնադրամի ներքո:

Շուշան Հյուսնունց- Այս ձայնասկավառակով անսամբլն ընդլայնում է իր նվագացանկը՝ Գուրջիևի երաժշտությունից բացի՝ հայ աշուղների չորս այլ ստեղծագործություններ կատարելով։ Մի գործ Պաղտասար Դպիրից (1683-1768), մյուսը Աշուղ Ջիվանիից (1846-1909 թթ.), ևս երկու ստեղծագործություն Սայաթ-Նովայից (1712-1795)։ Այս գործերը բացառություն են ձեր անսամբլի ողջ նվագացանկում, քանի որ դրանցում առկա է երգեցողությունը, այսինքն՝ մարդկային ձայնը։ Բացի այդ, դրանք «փոխադրություններ» չեն, քանի որ դարերի ընթացքում ստեղծվել և կատարվել են քիչ թե շատ նման գործիքավորմամբ՝ մենակատար, թառ, դափ, բլուլ և այլ ավանդական գործիքներով։ Այնուամենայնիվ, այս ձայնագրության մեջ այս աշուղական հայտնի ստեղծագործություններն առանձնահատուկ, նույնիսկ «գուրջիեվյան» աուրա ունեն։ Արդյո՞ք նրանց հարազատությունն ընդգծելու համար որոշեցիք աշուղների երաժշտությունը համադրել Գուրջիևի երաժշտության հետ:

Լևոն Էսկենյան- Գուրջիևի հայրը աշուղ էր, և Գուրջիևը պատմում էր Գյումրիում լսած աշուղական երգերի խորը ազդեցության մասին: Արդյունքում նրա երաժշտության վրա անժխտելիորեն ազդել են այդ աշուղները: Աշուղական երգերի մեր կատարումներում մենք նպատակ ենք ունեցել վերստեղծել մի միջավայր, որն արտացոլում է նրանց ավանդական գործիքավորման հնչողությունը: 20-րդ դարի սկզբի ձայնագրությունները, համույթային կազմավորումների լուսանկարները և բանավոր փոխանցման ավանդույթները արժեքավոր պատկերացումներ տվեցին մեզ: Սակայն Պաղտասար Դպիրի «Զարթիր» երգի իմ մշակումն ու գործիքավորումը սեփական երևակայությանս արդյունքն են՝ ելնելով մի մեղեդիից, որի միայն վոկալ մասը գոյություն ունի։ Չնայած դրան, կատարման և մեկնաբանության նմանությունը կարող է առաջանալ այս տեսակի երաժշտության իմ ըմբռնումից և ընկալումից:

Լեոպոլդո Սիանո- Այս ձայնասկավառակի շապիկի պատկերն ունի շատ մեծ երևակայական ուժ: Այն ֆրագմենտ է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»  ֆիլմից: Ինչու՞ ընտրեցիք հենց այս պատկերը:

Լևոն Էսկենյան-  ECM-ի արտադրության շապիկները հիմնականում ընտրում է նրա հիմնադիրը՝ Մանֆրեդ Այխերը: Ես առաջարկեցի այս նկարը Մանֆրեդին, և նա որոշեց օգտագործել այն. դա հիանալի ընտրություն էր մի քանի պատճառներով՝  ոգեշնչող կերպար է, որը հիշեցնում է Սայաթ-Նովային ֆիլմում և փոխանցում է նաև Գուրջիևի երաժշտության և ընդհանրապես աշուղների էությունը:

Լեոպոլդո Սիանո- Գուրջիևն ու Փարաջանովը երկուսն էլ որոշակի առումով չարաճճի կամ խորամանկ կերպարներ էին։ Երկուսն էլ լինելով հայ մշակույթի գլխավոր ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, քիչ ժամանակ են անցկացրել հայրենի երկրում: Դու տեսնու՞մ ես որևէ նմանություն նրանց միջև։

Լևոն Էսկենյան- Գուրջիևն ու Սերգեյ Փարաջանովն իսկապես ինտրիգային դեմքեր են հայկական մշակույթի մեջ: Ե՛վ Գուրջիևը, և՛ Փարաջանովը նորարար էին և ունեին ոչ կոմֆորմիստական ​​մոտեցումներ, երկուսն էլ իրենց ստեղծագործություններում ունեն միստիկ, էզոթերիկ տարրեր։ Գուրջիևի փիլիսոփայությունը պտտվում է ինքնադիտարկման և ներքին աշխատանքի միջոցով գիտակցության ավելի բարձր մակարդակի հասնելու գաղափարի շուրջ: Փարաջանովի ֆիլմերը տոգորված են սիմվոլիզմով և միստիկ տարրերով, որոնք հաճախ կապված են հոգևորության, դիցաբանության և տրանսցենդենտալիզմի հետ: Փարաջանովի վիզուալ պատումը հաճախ առաջացնում է առեղծվածային և այլաշխարհիկ զգացողություն: Գուրջիևն իր ուսմունքների մեջ ներառել է տարբեր հոգևոր ավանդույթներ, ներառյալ սուֆիզմը, քրիստոնեությունը, բուդդիզմը և այլն: Նրա ստեղծագործությունները գերազանցում են մշակութային և կրոնական սահմանները: Փարաջանովի ֆիլմերում հաճախ միախառնվում են տարբեր ավանդույթների մշակութային մոտիվներ: Նրանք երկուսն էլ կիսում են սովորականի դեմ ապստամբության ոգին և իրենց ստեղծագործությունների մեջ տարբեր մշակութային տարրեր սինթեզելու, իրենց երևակայությունը ձևավորելու խորը կարողությունը: Երկուսի աշխատանքն ընդհանրապես ողջ մարդկության համար է։

Լեոպոլդո Սիանո- Այս ալբոմը վերնագրող ստեղծագործությունը երաժիշտ, փիլիսոփա և գիտնական Պաղտասար Դպիրի «Զարթիր» տաղն է։ Տաղի տեքստը բավականին խորհրդավոր է. այն սկսվում է «Ի նընջմանեդ արքայական զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր...» տողով։ Բայց ո՞ւմ է ուղղված։ Արդյո՞ք դա ողբ է սիրելիի մահվան համար: Թե՞ աղաչանք է սիրելի կնոջն ընդունել իր սերը: Մենք գիտենք, որ Գուրջիևի հոգևոր ուսմունքի առանցքն արթնացումն է: Նա պնդում է, որ մարդիկ սովորաբար քնած են, նույնիսկ երբ կարծում են, որ արթուն են։ Նրա վերջին գրքի վերնագիրն է՝ «Կյանքն իրական է միայն այն ժամանակ, երբ «ես եմ»: Ի՞նչ է քեզ համար նշանակում այս «արքայական քունը»:

Լևոն Էսկենյան-  «Արքայական քունը» «Զարթիր» տաղում կարելի է հասկանալ որպես բազմակողմ փոխաբերություն։ Անձնական մակարդակում այն ​​կարող է վերաբերել սիրո և կորստի թեմաներին, մինչդեռ փիլիսոփայական և հոգևոր մակարդակներում այն ​​խորապես արձագանքում է արթնացման մասին Գուրջիևի ուսմունքներին: Այն կոչ է անում վերափոխվել անգիտակից վիճակից դեպի ուժգնացված գիտակցություն և ներկայություն՝ հորդորելով և՛ անհատներին, և՛ համայնքներին ճանաչել իրենց կարողությունները, պատասխանատվությունն իրենց «ես»-ի և ինքնազարգացման նկատմամբ և ընկալել իրենց դերը գոյության ողջ շղթայում, կենտրոնանալ ինքդ քեզ ամենուր հիշելու վրա, հիշելու նրա մասին, որ պետք է կոտրել սովորությունները, արթնանալ մեխանիկական ապրելակերպից, գործելակերպից։ Մարդ կարող է օգնել ինքն իրեն հիշել ինքնադիտարկման միջոցով: Թեև դա դժվար է, «Զարթիր»-ի նման գործերը կարող են լինել այն բաներից մեկը, որոնք օգնում են հիշել:

Լեոպոլդո Սիանո- Ավանդական երաժշտություն նվագելուց բացի, Գուրջիև անսամբլը նաև պատվիրել է մի քանի կոմպոզիտորների ստեղծագործություններ գրել, ինչպես օրինակ, սիրիացի կոմպոզիտոր Կինան Ազմեին կամ Հայաստանի այսօրվա առաջատար կոմպոզիտորներից մեկին՝ Տիգրան Մանսուրյանին: Հնարավո՞ր է, որ առաջիկայում ավելի շատ ստեղծագործություններ պատվիրեք ժամանակակից կոմպոզիտորներին։ Իսկ ինչպիսի՞ հնարավորություններ եք տեսնում նման համագործակցություններ ունենալու համար։

Լևոն Էսկենյան-  Դա հատուկ նախագիծ էր՝ համագործակցություն Morgenland Festival-ի, Elbphilharmonie-ի, Boulez Hall-ի և Holland Festival-ի միջև: Մեր նախաձեռնությամբ այս փառատոներն ու դահլիճները պատվիրեցին հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և սիրիացի կոմպոզիտոր Իսամ Ռաֆեայի ստեղծագործությունները Գուրջիև անսամբլի և Hewar համույթի համար միասին հանդես գալու՝ օգտագործելով մեր անսամբլի նվագած բոլոր ավանդական գործիքները՝ գումարած ձայնը, կլարնետը, ալտը և թավջութակը: Այս միաձուլման արդյունքում ստացվեց հնչյունների հետաքրքիր համադրություն: Ապագայում ես կանխատեսում եմ շարունակական համագործակցություն Գուրջիև անսամբլի և տարբեր երգչախմբերի, դասական նվագախմբերի և այլ գործիքային խմբերի միջև: Սպասվում է նոր գործերի ստեղծում, նոր հնչողությունների բացահայտում: Այնուամենայնիվ, ամեն ինչում, որ անում ենք, մենք պահպանում ենք Գուրջիևի գեղագիտությունը։ Նա ձգտում էր կամրջել Արևելքի ներքին հոգևոր պրակտիկաների և Արևմուտքի ռացիոնալ գիտելիքների միջև եղած անջրպետը: Նրա գաղափարներին վերագրվում է մի աֆորիզմ. «Վերցրու Արևելքի ընկալումը և Արևմուտքի գիտելիքը, և հետո փնտրիր»: Դա այն է, ինչ մենք փորձել ենք անել:

Լեոպոլդո Սիանոն (1982) երաժշտության փիլիսոփա և հնչյունային ակցիոնիստ է: 2012-2022թթ. դասավանդել է Քյոլնի համալսարանի երաժշտագիտության ամբիոնում: Այստեղ համակազմակերպել է նաև էլեկտրոնային երաժշտությանը նվիրված Raum-Musik համերգաշարը: Հեղինակել է մի շարք գրքեր՝ Կարլհայնց Շտոկհաուզենի, Հերման Նիչի, Ֆրանսուա Բելի և այլոց մասին: Իր վերջին գիրքը՝ Musica Cosmogonica. Von der Barockzeit bis heute, լույս է տեսել Königshausen & Neumann հրատարակչատան կողմից (2021): Շուշան Հյուսնունցի հետ միասին հիմնադրել է theatrum phonosophicum ստեղծագործական նախագիծը, ինչպես նաև համանուն տարազգացական միջոցառումների շարքը, որը սկիզբ է առել 2022թ.-ին Առնո Բաբաջանյան համերգասրահի «Ներքնահարկ»-ում: 2023թ.-ից բնակվում է Նեապոլում որպես researcher in residence՝ Հերման Նիչի թանգարան-լաբորատորիային կից (Fondazione Morra):

Շուշան Հյուսնունցը (1989) երաժշտագետ է և հնչյունային պերֆորմեր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսումն ավարտելուց հետո շարունակել է այն Քյոլնի համալսարանում՝ գրելով ավարտական թեզ Ջիաչինտո Շելսիի հնչյունային փիլիսոփայության մասին: 2017-2020թթ. դասավանդել է նույն համալսարանում, այնուհետև շարունակել դասախոսական գործունեությունը Երևանի պետական կոնսերվատորիայում:

Ներկայիս ուսումնասիրության հիմքում է Լ. Սիանոյի հետ համահիմնադրած theatrum phonosophicum նախագիծը, այդ թվում՝ երաժշտագիտական և փիլիսոփայական գիտելիքի պերֆորմատիվ փոխանցման մեթոդների որոնումը: 2022թ.-ից սկսած աշխատում է Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի հետ՝ համակազմակերպելով theatrum phonosophicum տարազգացական միջոցառումների շարքը:

2023թ.-ից բնակվում է Նեապոլում որպես researcher in residence՝ Հերման Նիչի թանգարան-լաբորատորիային կից (Fondazione Morra):

Հեղինակներ՝ Շուշան Հյուսնունց, Լեոպոլդո Սիանո

Անգլերենից թարգմանեց Ալեքսանդր Չոբանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter