HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 9-ին այց է իրականացրել Գեղարքունիքի մարզ: Անահիտ Մանասյանը Գավառում հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ: Այս մասին հաղորդում է ՄԻՊ-ի աշխատակազմը։

«Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրների, որոնք առնչվում են ջրամատակարարմանը, բժշկական օգնության տրամադրմանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը։ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը, կանանց զբաղվածությանը: 

Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը: 

Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել ՄԻՊ աշխատակազմի կողմից կազմակերպված «Կանանց իրավունքների պաշտպանություն և խթանում գործարարության ոլորտում» թեմայով քննարկմանը, որին մասնակցել է մարզում բիզնես ոլորտում տարբեր գործունեություններ իրականացնող ավելի քան 40 կին, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բռնի տեղահանված անձինք: 

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր ուղղություններից է։ Այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմում գործում է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժինը։ 

Քննարկման շրջանակներում Անահիտ Մանասյանն ընդգծել է իրավահավասարության երաշխավորման կարևորությունը, գոյություն ունեցող կարծրատիպերը հաղթահարելու անհրաժեշտությունը: 

«Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը»,- ասել է Պաշտպանը: 

Քննարկման մասնակիցները ներկայացրել են գործարարության ոլորտում հանդիպող մարտահրավերները, հանդես եկել առաջարկներով: 

Հատուկ անդրադարձ է կատարվել  բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը և այդ ուղղությամբ Պաշտպանի իրականացրած աշխատանքներին:

Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էլլադա Հակոբյանն էլ ներկայացրել է ստորաբաժանման գործառույթներն ու նպատակները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել նաև «Գավառի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի սաների և ուսուցչական անձնակազմի հետ։ 

Պաշտպանն ընդգծել է, որ նման հանդիպումների միջոցով հնարավորություն է ստեղծվում երեխաներից լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները: 

Դպրոցականներին ներկայացվել են Պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը: 

Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի մի շարք հարցերի: 

Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:

Այցի շրջանակներում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է նաև Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում:

Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման  աշխատանքային  մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ»,- ասվում է ՄԻՊ գրասենյակ տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter