
36 երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի․ ԱՆ
Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության։ 8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն»,- նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Բեռնատարից և ավտոբուսից առկա է վառելիքի արտահոսք:
Ճշտված տվյալների համաձայն 17 տուժած տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական կենտրոններ. մի քանի տուժածի փրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
Մեկնաբանել