HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

«Տերյան մշակութային կենտրոն»-ը՝ Եվրոպա Նոստրայի մրցանակակիր

Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգու տարածքում անց է կացվում «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնը, որի նպատակն է ազգային հագուստի, մշակույթի, ավանդույթների զարգացումը, ներկայացումը և հանրահռչակումը: Փառատոնի գաղափարը «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ինն է, որը 2002 թվականից հայկական մշակութային ժառանգության պահպանման ու տարածման ծրագրեր է իրականացնում, մասնավորապես՝ ավանդական հագուստի և զարդանախշերի ուսումնասիրման, դրանց նորաձևության մոդելավորման և մատուցման ասպարեզում։

Փառատոնի առաջին օրը նշանավորվեց «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին «Եվրոպա Նոստրա» եվրոպական մշակութային ժառանգության պաշտպանության մրցանակի պաշտոնական հանձնման արարողությամբ։ «Եվրոպա Նոստրա»-ի խորհրդի անդամ, իտալահայ ճարտարապետ Գայանե Կազնատին, որը Կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանին փոխանցեց մրցանակը, իր խոսքում ընդգծեց, որ Կենտրոնի գործունեությունը ժառանգության պահպանության և գիտելիքի փոխանցման ոլորտում բարձր է գնահատվել մրցանակաբաշխության «Կրթություն, ուսուցում և հմտություններ» անվանակարգի ժյուրիի կողմից՝ հաշվի առնելով վերջին տարիներին տեղահանված արցախահայերի համար իրականացված մասնագիտական և կրթական ծրագրերը։

2016 թվականից ի վեր «Տերյան մշակութային կենտրոնը» Սմիթսոնյան ինստիտուտի հետ համագործակցությամբ իրականացվող «Իմ Հայաստան» նախագծի շրջանակներում վերապատրաստել է 55 հայ արհեստավորների Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից՝ հնարավորություն տալով նրանց ներկայացնել իրենց արհեստագործական ստեղծագործությունները տեղական և միջազգային լսարանին: Հենվելով այս փորձի վրա՝ Կենտրոնը մարդասիրական աջակցության նոր ծրագիր մեկնարկեց 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով բռնի տեղահանված հայերի համար։ Իրականացված միջոցառումները նպատակ ունեին մասնակիցներին վերապատրաստել և գործնական հմտություններ փոխանցել՝ օգնելով նրանց սկսել սեփական բիզնեսը մշակութային ժառանգության և արհեստագործության ոլորտներում: Կենտրոնի «Արցախի համն ու հոտը» ծրագիրն աջակցում է մասնակիցներին՝ ավանդական սննդի բիզնես հիմնելու, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին բնորոշ սննդամթերքի վաճառքի գործում։ 

Վերապատրաստման ծրագիրը հետագայում ընդլայնվեց՝ ներառելով նաև այլ մասնագիտություններ, ինչպես օրինակ՝ դիմահարդարում, վարսահարդարում և կերամիկական արվեստ՝ այդպիսով ապահովելով հմտությունների և հնարավորությունների ավելի լայն շրջանակ՝ տեղահանված անձանց օգնելու նպատակով: Ամենամյա դարձած այս ծրագրերում ներգրավվում է 40-55 մասնակից, մեծամասնությունը՝ կանայք: Բացի այդ, միջոցառումները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց՝ տրամադրելով տարածք, որտեղ մարդիկ կարող են և՛ սովորել, և՛ աշխատել՝ ուսումնառության հիման վրա:

Արձագանքելով 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայաթափման հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրներին՝ «Տերյան մշակութային կենտրոնն» իրականացնում է նաև սննդի, հիգիենայի պարագաների և հագուստի, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրում, աջակցում կրթության և աշխատանքի հասանելիության հարցերում։

Կենտրոնի հաջորդ նպատակն է հզորացնել ներկա և նախկին ուսանողներին՝ դասընթացն ավարտելուց հետո դառնալու ուսուցիչներ և դաստիարակներ նոր ուսանողների համար:

«Տերյան մշակութային կենտրոնը օրինակելի է նրանով, որ պահպանում և վերակենդանացնում է հայկական մշակութային ժառանգության ավանդույթները, որոնք ընդմիշտ կորչելու վտանգի տակ են՝ օգտագործելով արհեստագործական հմտությունները՝ հնարավորություններ ստեղծելով (բռնի տեղահանվածների համար), ովքեր նոր կյանք են կառուցում իրենց ընտանիքների համար։ Օրգանապես զարգանալով՝ ի պատասխան այս հրատապ կարիքների, կենտրոնը դուրս է գալիս սովորական ժառանգության գործունեության շրջանակներից և շարունակական ջանքեր է գործադրում՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հայերին և նրա մշակութային ժառանգությանը՝ հարկադիր վտարումից հետո», - նշված է «Եվրոպա Նոստրա»-ի ժյուրիի տարածած պաշտոնական հաղորդագրության տեքստում։

Մրցանակաբաշխության արդյունքներն այսքանով դեռևս չեն ամփոփվում․ մինչ սեպտեմբերի 22-ն ընթանում է նաև առցանց հանրային քվեարկություն, որի արդյունքում «Հանրության ընտրության» անվանակարգում հաղթած մասնակիցը կարժանանա 10,000 եվրո դրամական մրցանակի և գավաթի: Այստեղ Հայաստանը ներկայացնող «Տերյան մշակութային կենտրոնի» հետ մրցակցում են մշակութային ժառանգության պահպանության գործում նշանավորված այլ ծրագրեր և նախաձեռնություններ Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Հունաստանից, Իսպանիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Նիդերլանդներից, Խորվաթիայից և Նորվեգիայից։ 

«Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությունը եվրոպական ժառանգության պահպանման ամենամեծ անկախ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ։

------

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի շրջանակներում տեղի է ունենում արհեստագործ վարպետների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ ցուցահանդես-վաճառք։ Փառատոնի երկրորդ մասում իրականացվում է «Տերյան մշակութային կենտրոն»-ի, տեղացի եւ միջազգային դիզայներների տարազային եւ հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող հագուստների անհատական հավաքածուների ցուցադրություն։

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, «Վիքթորի պարկ» ՍՊԸ-ի («Հաղթանակ» զբոսայգի) գործընկերությամբ:

------

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter