Ուկրաինայի վերահսկողության տակ է անցել ռուսական 28 բնակավայր
Կուրսկի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ տարածաշրջանում առկա իրավիճակը «բարդ» է անվանել։ Այդ մասին փոխանցում է Медуза-ն: Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Ռուսաստանի Կուրսկի մարզի 28 բնակավայր։
«Կուրսկի մարզի տարածք ներթափանցման խորությունը 12 կիլոմետր է, լայնությունը՝ 40 կիլոմետր»,- հայտարարել է Սմիրնովը։
Նա հավելել է, որ տեղի իշխանությունները տեղյակ չեն մոտ 2000 մարդու ճակատագրի մասին, որոնք գտնվում են Կուրսկի մարզի՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում:
Սմիրնովի տվյալներով՝ Կուրսկի մարզի վրա ուկրաինական բանակի հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 121-ը, այդ թվում՝ 10 երեխա: Մինչ այժմ մարզի սահմանամերձ շրջաններից տարհանվել է շուրջ 121 հազար բնակիչ: Նահանգապետի պաշտոնակատարը հավելել է, որ ընդհանուր առմամբ, տարհանման ենթակա է 180 հազար մարդ։
Սմիրնովը նաև նշել է, որ խնդիրներից մեկը ռազմաճակատի հստակ գծի բացակայությունն է, ինչը դժվարացնում է Ուկրաինայի զինված ուժերի գտնվելու վայրի տեղորոշումը:
Լուսանկարը՝ Belkin Alexey/NEWS.ru/Global Look Press
Մեկնաբանել