
Իրանը կարող է առաջիկա ժամերին Իսրայելին հարվածելու որոշում ընդունել
Իրանը կարող է առաջիկա ժամերին Իսրայելին հարված հասցնելու մասին որոշում կայացնել: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը:
«Որոշումը կարող է կայացվել առաջիկա օրերին կամ նույնիսկ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»,- ասել է Աբբասը՝ նշելով, որ Պաղեստինը դեմ է պատերազմին։ Աբբասի խոսքով՝ դեռևս չի կարելի կանխատեսել, թե կոնկրետ ինչ տեղի կունենա, սակայն Պաղեստինը դեմ է իրավիճակի սրմանը:
Մերձավոր Արևելքում իրավիճակի հերթական սրումը սկսվեց հուլիսի վերջին, երբ հայտնի դարձավ, որ իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել են Հեզբոլահի զինված կազմավորումների հրամանատար Ֆուադ Շուքերը, ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամեդ Դեյֆը:
Իրանը մտադիր է Իսրայելի վրա հարձակվել մի շարք խմբավորումների, այդ թվում՝ Հեզբոլահի և Եմենի հութիների հետ։ Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրուլան հայտնել է, որ Իսրայելին հարվածներ կհասցվեն Իրանից, Եմենից և Լիբանանից։ Նրա խոսքով՝ Հեզբոլահն ունի հրթիռային զենքեր, որոնք «մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում» կոչնչացնեն իսրայելական մի քանի ռազմական գործարաններ։
Լուսանկարում՝ Իսմայիլ Հանիայի դիմանկարը/Majid Asgaripour/WANA/Reuters
Մեկնաբանել