HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Սահակյան

20-րդ դարի հայ ճարտարապետի առանձնատունը դարձել է ճարտարապետության գրադարան

20-րդ դարի հայ ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանի մահից մոտ մեկ դար անց` 2023 թվականին, Երևանում գտնվող նրա առանձնատանը հիմնադրվել է ճարտարապետության գրադարան։ Չնայած վայրը խորհրդանշական է՝ գրադարանի համահիմնադիր Արսեն Կարապետյանը նշում է, որ տարածքը գտել են պատահաբար։ Հավանել են առանձնատան միջավայրն ու դիրքը, որոշել են հենց դա վարձակալել։

Ճարտարապետության գրադարանը միայն գրքերի շտեմարան չէ, այն նաև արհեստանոց է։ Երբեմնի արվեստագետների փողոցում հիմնադրված գրադարանը օժանդակում է հայ ճարտարապետական համայնքին՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ, աշխատարաններ և քննարկումներ։ Գրքերի պաշարը հիմնականում համալրվել է նվիրատվություններով՝ համահիմնադիրների և նրանց ընկերների անձնական հավաքածուներից։

Գրադարանի հիմնադրման պատմության և նշանակության մասին զրուցել ենք համահիմնադիր, ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ։

«Կարեն Միրզոյանը ինձ վաղուց առաջարկել էր իր լուսանկարչական գրադարանի կողքին ավելացնել նաև ճարտարապետականը, պարզապես տեխնիկական խնդիրներ կային, ու չէր ստացվում»,- նշում է նա։ Գրադարանի ստեղծման գաղափարն իրագործելու գործընթացը սկսել է Մոսկվայի «Մեգանոմ» ճարտարապետական ընկերությունից Յուրի Գրիգորյանի հետ քննարկումներից հետո։ Այս պահին ունեն 12 հիմնադիր-մասնակից։

Կարապետյանը նշում է, որ չնայած իրենց գաղափարը ռիսկային էր՝ որոշել են փորձել ու հասկանալ արդյոք հայ ճարտարապետական համայնքն ունի՞ այսպիսի վայրի պահանջը, թե՞ ոչ։ Մեկամյա գործունեության ընթացքում համոզվել են, որ ճիշտ են վարվել։

Ճարտարապետը պիտի ունենա հումանիտար կրթություն

«Ճարտարապետի կրթությունը պետք է շատ հումանիտար լինի: Մենք չունենք տեքստ գրող ճարտարապետներ ու դրա պատճառով ունենք բովանդակության պակաս»,- ասում է Կարապետյանը և հավելում, որ ոլորտում ճանապարհ գծողները տեքստ գրող ճարտարապետներն են, որոնք 1% են կազմում, իսկ մնացած 99%-ը գնում է նրանց գծած ճանապարհով։

Գրադարանը երիտասարդ ճարտարապետներին հնարավորություն է տալիս զարգացնել ճարտարապետության հիմքը կազմող կարևորագույն հմտությունները՝ աշխատանք տեքստի և ֆորմայի հետ։

«Մտքի զարգացմամբ զբաղվում է գրադարանը, իսկ ֆորմայի հետ աշխատելու հմտությունները զարգացնում է արհեստանոցը»,- նշում է Կարապետյանը։

Գրադարանի հիմնադիրները ծրագրում են ապագայում ստեղծել հետազոտությունների հարթակ՝ ճարտարապետության մասին հայերեն գրականության բացը լրացնելու համար։ Մտածում են նաև թարգմանել ոլորտի ժամանակակից գրքերի նախաբաններ ընթերցողների շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար։

Եղածին բովանդակությամբ արժեք ավելացնել

Արսեն Կարապետյանի մոտեցումը ճարտարապետության մեջ պարզ է․ նվազագույն փոփոխություններ կատարելով՝ ավելացնել արդեն իսկ գոյություն ունեցող կառույցի արժեքը։

«Որպես ստեղծագործող ինձ հետաքրքիր չէ կառույցը քանդելու ու դրա տեղը նորը կառուցելու մոտեցումը։ Ես նախընտրում եմ փոփոխություններ կատարելով՝ մեծացնել կենսագրություն ունեցող կառույցի արժեքը, որի վրա արդեն իսկ ծախսվել է էներգիա ու փող»,- ասում է նա։

Նման մոտեցումներից առանձնացնում է ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի տան պատմությունը։ Նրա ժառանգները, վատ վիճակում գտնվող առանձնատունը վաճառելու փոխարեն այն վերակառուցել են ու դարձրել ռեստորան՝ պահպանելով ճարտարապետի աշխատասենյակը։

Խոստովանում է, որ դժվարանում է ասել, թե ճարտարապետական տեսանկյունից շենքի արժեքը որն է։ «Շենքին արժեք տալիս է իր կենսագրությունը, պատմությունը»,- ասում է նա։ Որպես օրինակ նշում է պորտուգալական փոքր տները, որոնք արտաքինից գուցե տպավորիչ չեն, բայց արժեքավոր են, քանի որ փոխել են մարդկանց կյանքը։

Կարապետյանի համար գրադարանի շենքը Երևանի եզակի արժեքավոր շենքերից է, քանի որ քաղաքի պատմության անբաժան մասն է։

Ճարտարապետի խոսքով՝ հայ ժամանակակից ճարտարապետությունը կարելի է փոխարինել արհեստական բանականությամբ, քանի որ այնտեղ արդեն իսկ պակասում է ճարտարապետության անփոխարինելի մասը՝ մարդկային ինտելեկտը։

«Բոլորը հիմա վախենում են, որ արհեստական բանականությունը կարող է իրենց գործը անել։ Այն մեթոդը, որով հայ ճարտարապետների մեծ մասը աշխատում է, լրիվ հնարավոր է փոխարինել արհեստական բանականությամբ ու մեկ շաբաթվա փոխարեն նախագիծ ներկայացնել 5 վայրկյանում»,- ասում է նա։

Լուսանկարները՝ Հայկ Մակիյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter