
Ռուսաստանը Կալինինգրադից զորքերը տեղափոխում է Կուրսկի մարզ. Լիտվայի պաշտպանության նախարար
ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը ստիպում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը Կալինինգրադից զորքեր տեղափոխել Ուկրաինայի հետ սահմանակից այդ մարզի տարածք։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Լիտվայի պաշտպանության նախարար Լաուրինաս Կաշյունասը։
«Ես ասում եմ լիտվացի ժողովրդին։ Դուք կտեսնեք, թե ինչպես են ուկրաինացիները պայքարում ձեզ համար, քանի որ նրանց պայքարի պատճառով Ռուսաստանը պետք է զորքերը դուրս բերի Կալինինգրադից: Մենք դա նույնիսկ անվանում ենք Կալինինգրադի «ապառազմականացում», որը տեղի է ունենում ձեր զինվորականների քաջության, ձեր որոշումների շնորհիվ»,- Լիտվայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։
Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ, զորքերի «Տավրիա» օպերատիվ-ռազմավարական խմբավորման խոսնակ Դմիտրի Լիխովին Politico-ի հետ զրույցում նշել է, որ Կուրսկի մարզը պաշտպանելու համար Ռուսաստանը վերատեղակայել է իր ստորաբաժանումների մի մասը Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիեի և Խերսոնի մարզերի գրավված տարածքներից: Ընդ որում, նա հստակեցրել է, որ խոսքը համեմատաբար փոքր թվով ստորաբաժանումների մասին է։
ՌԴ պաշտպանության նախարարությունը Կալինինգրադից կամ Ուկրաինայի գրավված հատվածներից զորքերի տեղափոխման մասին պաշտոնապես չի հայտնել:
Լուսանկարը՝ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության
Մեկնաբանել