
Ռուսաստանը Բելգորոդի մարզում հայտարարել է տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրության ռեժիմ
Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի տարածքում հայտարարվել է տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրության ռեժիմ։ Այդ մասին հայտարարել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Մեր Բելգորոդի մարզում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց բարդ և լարված։ Ամենօրյա հրետակոծություններ Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Ավերված տներ, վիրավորներ և զոհված խաղաղ բնակիչներ»,- հայտարարել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը մտցվել է «բնակչության պաշտպանության և տուժածներին օգնություն տրամադրելու համար»։
Գլադկովը հավելել է, որ մարզային իշխանությունները կդիմեն նաև կառավարական հանձնաժողովին՝ դաշնային մակարդակի արտակարգ դրության ռեժիմի մասին հայտարարելու համար:
Բելգորոդի մարզը հարավից և արևմուտքից սահմանակից է Ուկրաինային, իսկ հյուսիսում և հյուսիս-արևմուտքում՝ Կուրսկի մարզին, որտեղ օգոստոսի 6-ից ընթանում է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։
ՌԴ Կուրսկի մարզում տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրության ռեժիմը մտցվել էր օգոստոսի 7-ին, իսկ օգոստոսի 9-ից այդ տարածաշրջանում գործում է դաշնային մակարդակի արտակարգ դրության ռեժիմ: Коммерсант-ը հիշեցնում է, որ Ռուսաստանում դաշնային բնույթի արտակարգ իրավիճակ են հայտարարում այն ժամանակ, երբ տուժածների թիվը գերազանցում է 500-ը, կամ վնասի չափը գերազանցում է 500 միլիոն ռուբլին:
Լուսանկարը՝ Алексей Белкин / TACC
Մեկնաբանել