
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պաշտոնավարման ժամկետից հետո վերընտրվելուց հրաժարվելու մասին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հաջորդ ամիս իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի ընտրություններում չի առաջադրվի երկրորդ ժամկետով:
«Ես կշարունակեմ վարչապետի պաշտոնում անել հնարավորը, մինչև իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ սեպտեմբերը»,- օգոստոսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կիսիդան՝ նշելով իր հրաժարականի որոշման մասին։
Կիսիդան պարզաբանել է, որ «այդ ծանր որոշումը պայմանավորված է երկրում քաղաքական բարեփոխումներն առաջ մղելու» ցանկությամբ: «Թափանցիկ և բաց ընտրությունները, ազատ և եռանդուն բանավեճերն այժմ ավելի կարևոր են, քան երբևէ։ Առաջին ամենաակնհայտ քայլը՝ ցույց տալու, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կփոխվի, իմ հեռանալն է»,- Տոկիոյում լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի վարչապետը։ Միևնույն ժամանակ, ճապոնական կառավարության ղեկավարի խոսքով, նա մտադիր է մնալ քաղաքականության մեջ և աջակցել կուսակցության նոր ղեկավարին:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Ճապոնիայի վարչապետի նկատմամբ հանրային վստահությունը վաղուց անկում է ապրում, ինչը պայմանավորված է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներսում ծավալված մի քանի սկանդալներով։
Մասնավորապես, խոսքը «Միավորման եկեղեցի» կիսակրոնական կազմակերպության կողմից որոշ կուսակցականների ֆինանսավորման մասին է, որի դեմ Ճապոնիայում շորթման և խարդախության մեղադրանքներով քրեական մի քանի գործ է բացվել։ Բացի այդ, շրջանառվել է նաև կուսակցությանը քաղաքական նվիրատվությունների մի մասի՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կազմում գործող խոշորագույն խմբակցության անդամների կողմից յուրացման մասին սկանդալը, որը կենդանության օրոք գլխավորում էր նախկին վարչապետ Շինզո Աբեն: Կիսիդան քննադատության է ենթարկվում նաև Ճապոնիայում առկա գնաճի պատճառով:
67-ամյա Կիսիդան Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ էր ընտրվել 2021 թվականին, իսկ նրա պաշտոնավարման եռամյա ժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերին: Կուսակցության առաջնորդի պաշտոնում վերընտրվելուց հրաժարվելը նշանակում է, որ նոր առաջնորդը, որը կհաղթի կուսակցական քվեարկության արդյունքում, Կիսիդային կփոխարինի նաև վարչապետի պաշտոնում, քանի որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը վերահսկում է ճապոնական խորհրդարանի երկու պալատները: Կուսակցությունը գրեթե անընդմեջ իշխանության ղեկին է 1955 թվականից ի վեր։
Լուսանկարը՝ Japan Pool/Kyodo News via AP
Մեկնաբանել