
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը ցանկանում է հրադադարի համաձայնության հասնել Իսրայելի հետ. Hürriyet
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը ցանկանում է Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքել, որպեսզի Գազայի հատվածում վերջ դնի պատերազմին: Այդ մասին հայտնում է թուրքական Hürriyet պարբերականը։
Վերջինիս տվյալներով՝ Եգիպտոսի և Կատարի միջնորդներն այդ մասին տեղեկացրել են Իսրայելին։ Ինչպես նշում է պարբերականը, Անկարայում կարծում են, որ Գազայում կրակի դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումը հնարավոր է որոշ պատճառներով: Hürriyet-ը գրում է, որ հրադադարի մասին պնդում են ամերիկացիները, իսկ տեքստը, որը կլինի բանակցությունների սեղանի վրա, հիմնված է ամերիկա-իսրայելական փոխզիջման վրա։
Թուրքական պարբերականի պնդմամբ՝ բանակցային գործընթացում ՀԱՄԱՍ-ը ցուցաբերում է կառուցողական դիրքորոշում։ Հարցը, որը մտահոգում է բանակցությունների մասնակիցներին, այն է, թե որքան արագ բանակցություններն առաջ կընթանան ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի նոր առաջնորդի պարագայում:
«Չպետք է մոռանալ նաև Անկարայի ջանքերի մասին, որոնք ուղղված են նրան, որ ՀԱՄԱՍ-ը դառնա բանակցային գործընթացի մասնակից և առանց նրա որոշում չկայացվի: Ուստի կարևոր է, որ Սինվարը, որը գալիս է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևից, չխախտի հաստատված հավասարակշռությունը»,- գրում է Hürriyet-ի քաղաքական մեկնաբան Հանդե Ֆըրաթը։
Օգոստոսի 9-ին Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների ղեկավարները համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ էին արել օգոստոսի 15-ին վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները: Միջնորդները նաև հայտնել էին համաձայնագրի վերջնական նախագիծը ներկայացնելու պատրաստակամության մասին, որը հիմնված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջ քաշած և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևով հավանության արժանացած սկզբունքների վրա:
Միջնորդների հայտարարության հրապարակումից մեկ ժամ անց Իսրայելի իշխանությունները պատրաստակամություն հայտնեցին պատվիրակություն ուղարկել՝ օգոստոսի 15-ին կայանալիք բանակցություններին մասնակցելու համար: Փոխարենը, ՀԱՄԱՍ-ը օգոստոսի 11-ին կոչ արեց միջնորդներին իրենց ներկայացնել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման կոնկրետ ծրագիր և պարտավորեցնել Իսրայելին կատարել այն:
Լուսանկարը՝ Adel Hana / Associated Press
Մեկնաբանել