HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանացի հայասեր՝ Արմանդո Ֆերնանդես

Այս տարի ևս իր հանգիստն անցկացնելու համար Հայաստան էր շտապել իսպանացի հայասեր Արմանդո Ֆերնանդեսը: Մի առիթով նրա մասին գրել եմ արդեն, և հոդվածիս համար «Մարդ, որին պետք է ճանաչենք» վերնագիրն ընտրել: Խոսքն աստուրիացի մեր բարեկամի մասին է, որն իր գրադարանում ավելի քան 600 գիրք ունի՝ մեր Նաիրյան երկրին նվիրված, ով հարազատ իր Աստուրիայում Եղեռնի օրվա կապակցությամբ հրաշալի մի երեկո էր կազմակերպել...

Ինքն իրեն «հասարակ քաղաքացի» բնորոշումն է տալիս, թեև երբ հարցը գիտելիքներին և օրվա նորությունների վերլուծություններին է վերաբերվում, այդ թվում հատկապես հայ իրականության հետ կապ ունեցող, պարզվում է, որ բնավ հասարակ չէ նա, ինչպես ինքն իրեն է ներկայացնում:

Նրա հետ հանդիպած և ինչպես գրեթե բոլորը, նրանով հիացած ու տպավորված հայաստանաբնակ երիտասարդներից մեկը ընդարձակ մի նյութ էր նվիրել ոչ սովորական այս մարդուն, որտեղ, մասնավորապես, նշում էր. «Ինքն իր ճամփան ունի գնալու, և նա ուղղակիորեն գնում է այդ ճանապարհով՝ առանց մեզ, բայց և մեր, այլ ոչ թե հենց իր համար»:

Այս պարագայում փոքր ինչ այլ է երևանցի մեր համահայրենակից Նարինե Ադամյանի կարծիքը. «Երբ կրկին կխոսեք նրա հետ, խնդրում եմ փոխանցել անպայման, որ մենք հիացած ենք նրանով, որ նա մեր հոգում, մտածելակերպի մեջ, մեր կյանքի ճանապարհի վրա խոր հետք է թողել»:

Ասեմ, որ փոխադարձ է դա, և իբրև այդպիսին շատ կարևոր նշանակություն ունի հետևյալ հանգամանքը. Ա.Ֆերնանդեսի պես մարդիկ Թուրքիայի հետ ի սկզբանե սերտ հարաբերություններ հաստատած իրենց այս երկրում վաղուց էին արդեն Հայաստանի դեսպանները դարձել, երբ մեր երկիրը տակավին ձեռք չէր բերել անկախություն:

Հապա, ամեն անգամ, երբ նա հիացմունքով է վերադառնում Երևանից, դա շուտով իր արձագանքն է ունենում այն միջավայրում, որն իրենն է, իր համար հարազատ է, և որտեղ հաճախակի է շոշոփվում «Արմենիա» անունը:

Իսկ դրա դերակատարության էական առավելությունների մասին դեռևս մի քանի տարի առաջ հայտնի իսպանացի մտավորական Խոսե Անտոնիո Գուռիարանն էր արտահայտվել. «Երկու գիրք՝ ես, երեքը՝ գրող Գոնսալո Գուարչը, մի քանի խոսք՝ Արմանդո Ֆերնանդեսը, և կտեսնեք, թե ինչպես են իսպանացիներն օրեցօր ավելի ու ավելի շատ տեղեկանում Հայաստանի մասին, երբ առայժմ քչերը նրա մասին ինչ-որ բան գիտեն»:

Նկատի ունենա՞նք այս դիտողությունը: Ցանկալի է ու ...պետք է: Պարտավորենք, ի վերջո, մեր բարեկամներին ճանաչել, որոնց շնորհիվ ու ներկայությամբ նաև մեր դիվանագիտությունն է իր համար մի հավելյալ օգնություն ստանում:

Արթուր Ղուկասյան
Իսպանիայի Լրագրողների միությունների ֆեդերացիայի անդամ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter