HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հինգ եւ տասը հազար դրամանոց նոր թղթադրամներ կթողարկվեն

2024 թ․ օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները։ ՀՀ տարածքում դրանք հանդիսանում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների: Այս մասին հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկը։

Ստորեւ՝ ԿԲ հաղորդագրությունը թղթադրամների շրջանառության մասին։

2024 թ. թողարկման 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամների վրա կատարված փոփոխությունները 2018 թ. թողարկման նույն անվանական արժեքի թղթադրամների համեմատ հետևյալն են՝

Թղթադրամների դիմերեսներին.

  • Վերևի աջ անկյունում՝ թղթադրամների թողարկման տարեթիվը` «2024»
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները

Թղթադրամների դարձերեսներին.

Ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանները տպագրված են օպտիկապես փոփոխական ներկով:

1999-2018 թթ. թողարկման 5000 դրամ և 2003-2018 թթ. թողարկման 10000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Ստորև ներկայացվում են 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամների նմուշները և վերջիններիս նկարագրությունները:

5000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ​Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը

5000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը

Թղթադրամի չափերն են՝ 140 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Վիլյամ Սարոյանի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ վարդագույնը:

Դիմերես.

Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 5000 ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի ձախ հատվածում Վիլյամ Սարոյանի դիմանկարն է և «ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «5000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԳԲ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է նռան պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։

Վիլյամ Սարոյանի դիմանկարի ֆոնին՝ հատվածներ իր «Նռնենիներ» պատմվածքից և գրքերի նկարազարդումներ։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 5000» տպագրված է ներքևի աջ մասում:

Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կանաչից կապույտի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «5000» ապամետաղականացված գրառումը։

Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ նռան հստակ պատկերով։

Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը՝ «2024», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի գծեր:

Դարձերես.

Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 5000 ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ նռան հստակ պատկերով, իսկ մեջտեղի հատվածում՝ Վիլյամ Սարոյանի նախնիների ծննդավայր Բաղեշի 20-րդ դարի սկզբի համապատկերն է և երկգույն մարգարտափայլ ժապավեն։

Թղթադրամի աջ մասում Վիլյամ Սարոյանի արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «5000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։

Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «5000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» (միագույն):

10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը

10000 հազար դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը

Թղթադրամի չափերն են՝ 145 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Կոմիտասի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ մոխրագույնը:

Դիմերես.

Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 10000 ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի ձախ հատվածում Կոմիտասի դիմանկարն է և «ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «10000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԴԲ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է քնարի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։

Կոմիտասի դիմանկարի ֆոնին՝ իր ձեռագիր նոտագրությունների թերթերն են, դաշնամուր, քնար և բնապատկեր։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 10000» տպագրված է ներքևի աջ մասում: 

Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կարմիրից կանաչի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «10000» ապամետաղականացված գրառումը։

Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ քնարի հստակ պատկերով։

Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը՝ «2024», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի գծեր:

Դարձերես.

Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 10000 ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ քնարի հստակ պատկերով, իսկ մեջտեղի հատվածում Գևորգյան ճեմարանի պատկերն է, ճեմարանի դահլիճի որմնանկարներից հատվածներ և երկգույն մարգարտափայլ ժապավեն։

Թղթադրամի աջ մասում Կոմիտասի արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «10000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։

Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «10000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» (միագույն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter