HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսավարողներին փոխհատուցում կտրամադրվի

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած աղետի գոտիների տարածքներում գործունեություն իրականացնող և աղետից տուժած տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիրը: Դրա անհրաժեշտությունն առաջացել է 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած տնտեսավարողների դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը պահպանման նպատակով։ Ստորեւ՝ կառավարության աշխատակազմի հաղորդագրությունը աջակցության ծրագրի մանրամասների մասին։

Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսավարողների շրջանակը և պատճառված վնասները գույքագրել է Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը։ Հեղեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսավարողների ցանկերը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տնտեսավարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեն, իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեն, ըստ որի առանձնացվել են 3 չափի վնաս կրած տնտեսավարողները։ Որոշմամբ առաջարկվում է հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական օգնության ձևով սոցիալական աջակցություն տրամադրել նաև բնակության համար չնախատեսված շինությունների վնասման համար՝

  1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի դեպքում՝ ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 200 000 դրամի չափով, բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով:
  2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝

ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 150 000 դրամի չափով,

բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով։

Ընդ որում, որոշման շրջանակում բնակության համար չնախատեսված շինություն է համարվում տնային տնտեսությունների կենսաապահովման և կենսագործունեության համար նախատեսված շինությունը՝ ավտոտնակները, այգետնակները, խորդանոցները, անասնագոմերը, մառանները, ջերմոցները, տաղավարները, խոզաբունները, հավաբունները, վագոն-տնակները և այլն։ Որոշմամբ առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն միանվագ դրամական աջակցության միջոցով թեթևացնել տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստել բնականոն գործունեության, մարզերում համաչափ տնտեսական ակտիվության վերականգնմանը։

Թեմայի շրջանակում վարչապետն անդրադարձել է ստվերային շրջանառության և հարկերը չվճարելու խնդրին և նշել. «Ես չգիտեմ՝ այս աջակցությունից ստացող քանի տնտեսվարող, մասնավորապես՝ հարկերի մասով իրեն տրվող աջակցությունը կհամարի արդարացի, որ մասը չի համարի արդարացի, բայց կարծում եմ, որ միանշանակ արդարացի է, որ մենք դա կապում ենք վճարված հարկերի հետ, որովհետև հարկերը պետական բյուջե հավաքագրվում են նաև նրա համար, որ, իհարկե, նման ճգնաժամային իրավիճակների դեպքում Կառավարությունն աջակցություն ցուցաբերելու հնարավորություն ունենա: Սա այն դեպքն է, երբ շատ կոնկրետ է, երբ մենք մարդկանց ասում ենք, որ գիտեք՝ այդ վճարած հարկերը մի ընկալեք որպես ձեր աշխատած գումարն ուրիշին տալու պրոցես, այլ ընկալեք որպես ձեր մի գրպանից հանել և մյուս գրպանը դնել: Հիմա, այն տնտեսվարողները, ովքեր այս աջակցությունն ստանալու են, ստանալու են այնքանով, ինչքանով իրենք մի գրպանից հանել են և դրել են մյուս գրպանը, կոպիտ ասած, սև օրվա համար: Եվ կարծում եմ՝ սա շատ արդարացի և կարևոր մոտեցում է: Իհարկե, ծրագրերը երբեք այն կանխավարկածով չեն եղել, որ մեր ընդունած որոշումներն ու ծրագրերն իդեալական են, կատարյալ են: Իհարկե կլինեն արձագանքներ, մենք այդ արձագանքները կդիտարկենք, և ծրագրի պրակտիկ ընթացքը լավարկելու մասին կմտածենք:

Ես մտածում էի նաև, թե մենք ինչքանով ենք արագ գործել. ըստ էության, համարյա երեք ամիս անց ենք մենք այս որոշումը կայացնում, չեմ կարող ասել, թե մենք ամենահնարավոր մեծ արագությամբ ենք աշխատում, բայց մյուս կողմից էլ օբյեկտիվ խոչընդոտներ կան, այդ թվում՝ այդ ամեն ինչը հաշվառելու և տեղում հականալու, որովհետև մենք շատ դեպքում այստեղ այս դահլիճում բանաձև ենք ընդունում, ասում ենք՝ այս ինչ լավ բան արեցինք, հետո գնում ենք տեղում տեսնում այդ բանաձևը չի աշխատում: Այս դեպքում, մենք գնացել ենք, փորձել ենք տեղում իրադրությանը ծանոթանալով՝ դուրս բերել բանաձևը և հետո բերել Կառավարության նիստ: Հիմա մեր խնդիրն է, որ հնարավորինս արագ այս աջակցությունը տեղ հասցնենք»:

Ինչ վերաբերում է այն իրավիճակին, երբ վճարված հարկերը կարող են ամբողջությամբ չարտացոլել տնտեսվարողի ապրանքային պաշարները, որոնց մասին տեղեկատվությունը հնարավոր էր ներկայացնել հարկային հաշվետվության մեջ, Կառավարության ղեկավարն ընդգծել է. «Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք հնարավոր համարել փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձևով չի երևում: Դա բացառված է»:

Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին փոխհատուցում կտրամադրվի

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի մայիսի 25-26-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ։

Սույն կարգով վնասի փոխհատուցման շահառու է հանդիսանում՝

1. համայնքների տնտեսությունների գրքերում (բացառությամբ ծիածանափայլ իշխանի մայրական կազմի, որի դեպքում պետք է լինի համայնքում հաշվառված, ջրօգտագործման և ջրահեռացման թույլտվություն ունեցող, արդյունագործական ձկնաբուծական գործունեություն իրականացնող տնտեսություն) հաշվառված (խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում՝ նաև «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված) և 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման (գույքագրման) համայնքային հանձնաժողովների (այսուհետ՝ համայնքային հանձնաժողովներ) կողմից կազմված, արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովներում (այսուհետ՝ մարզային հանձնաժողովներ) քննարկված, արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանրապետական հանձնաժողով) կողմից հաստատված տվյալներով անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է Աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 100 տոկոսի չափով։

2. համայնքների տնտեսությունների գրքերում չհաշվառված (բացառությամբ խոշոր եղջերավոր կենդանիների և ծիածանափայլ իշխանի մայրական կազմի), սակայն համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է Աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 50 տոկոսի չափով։

3. տնամերձ հողամասի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունք ունեցող կամ սեփականատիրոջ կողմից չօգտագործման դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայությամբ հողամասը օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով այդ հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է մեկ հողամասի (անկախ տնամերձ հողամասի մակերեսից) հաշվով՝ 150 000 դրամի չափով։

4. գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունք ունեցող կամ սեփականատիրոջ կողմից չօգտագործման դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայությամբ հողամասը օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով այդ հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է Աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 100 տոկոսի չափով։

5. գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի բացակայության պայմաններում հողամասը օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով օգտագործվող հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է Աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 30 տոկոսի չափով։

Տարերային աղետի հետևանքով անկած, կորսված գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և մեղվաընտանիքների արժեքի և փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման համար կիրառվել են հետևյալ սկզբունքները․

  • Խոզերի արժեքը հաշվարկելու համար յուրաքանչյուր սեռահասակային խմբի համար հաշվարկվել է միջին կենդանի զանգվածը և հաշվի առնելով սպանդային ելքը (խոզերի համար 60%), որոշվել է մսեղիքի զանգվածը։ Ապա մսեղիքի զանգվածը բազմապատկվում է 1 կգ խոզի մսի իրացման գնով և որոշվում 1 գլուխ կենդանու միջին արժեքը։
  • Խոշոր եղջերավոր կենդանիների արժեքը հաշվարկելու համար յուրաքանչյուր սեռահասակային խմբի համար հաշվարկվում է միջին կենդանի զանգվածը և հաշվի առնելով սպանդային ելքը (տավարի համար՝ 50%), որոշվում է մսեղիքի զանգվածը։ Ապա մսեղիքի զանգվածը բազմապատկվում է 1 կգ տավարի մսի իրացման գնով և որոշվում 1 գլուխ կենդանու միջին արժեքը։
  • Մանր եղջերավոր կենդանիների արժեքի հաշվարկման համար հիմք է հանդիսացել 1 գլխի հաշվով ստացվող մսեղիքի իրացման արժեքը։
  • Մեղվափեթակի, ճագարների, թռչունների արժեքը հաշվարկելու համար հիմք է ընդունվել 1 միավորի միջին շուկայական արժեքը։

Հաշվի առնելով, որ ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի կորուստը արձանագրվում է ըստ ծառի քանակի, նախագծով փոխհատուցումը դիտարկվել է ըստ տնկանյութի արժեքի, ծառի տնկման և հողախառնուրդի արժեքի և խնամքի ծախսերի (տնկանյութի արժեքը` շուրջ 800 դրամ, տնկում և հողախառնուրդ՝ շուրջ 200 դրամ, 1 տարվա խնամքի ծախսեր՝ շուրջ 1500 դրամ, 5 տարվա համար՝ 7500 դրամ), որը կկազմի շուրջ 8500 դրամ 1 ծառի հաշվով, իսկ վնասվածի դեպքում՝ շուրջ 1500 դրամ 1 ծառի հաշվով: Ինչ վերաբերում է միամյա բույսերին, ապա փոխհատուցումը դիտարկվել է ըստ մշակաբույսերի տեսակների 1 հա-ի վրա կատարվող աշխատանքների համար նախատեսված ծախսերի հաշվով։ Այսպես, համաձայն օպերատիվ տեղեկատվության, բանջարային մշակաբույսերի համար 1 հեկտարի հաշվով կատարվող ծախսերը կազմում են շուրջ 1,7 մլն դրամ, կարտոֆիլինը՝ 1,5 մլն դրամ, եգիպտացորենը՝ 500 000 դրամ և այլն։ Հաշվի առնելով, որ վնասված տարածքները հիմնականում փոքր հողատարածքներ են, ապա փոխհատուցվող գումարի հաշվարկը կատարվել է հիմնականում քմ-ի հաշվով։ Տնամերձ հողամասերի համար հաշվարկը կատարվել է ընդամենը 700 քմ մակերեսով տնամերձ այգու հիմնման, առաջին տարվա խնամքի և 1 տարվա ակնկալվող բերքից ստացված 50% եկամուտի հաշվով։

Անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, որ փոխհատուցումը պետք է իրականացվի ծխամատյաններում հաշվառված անասնագլխաքանակին համապատասխան, իսկ եթե հաշվառված չեն, ապա փոխհատուցումը կիրականացվի կիսով չափ: Այս առումով նույնպես վարչապետը նշել է, որ սահմանված կարգերը պահելը շատ կարևոր է, այդ թվում՝ այսպիսի օրերի համար:

Լուսանկարը՝ primeminister.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter