Առաջին անգամ կազմակերպվել է համահայկական բնագիտական օլիմպիադա
Այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպել է համահայկական բնագիտական օլիմպիադա «ֆիզիկա», «մաթեմատիկա» և «ինֆորմատիկա» առարկաներից:
Առաջին բնագիտական օլիմպիադային, բացի ՀՀ-ից և Արցախից, մասնակցում են 5 երկրի (Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Վրաստան, Ռուսաստան, Էստոնիա) 8 համայնքի ներկայացուցիչներ: Օլիմպիադան անցկացվում է 3 փուլով՝ նախապատրաստական և 2 մրցութային:
Նախապատրաստական և առաջին մրցութային փուլերն անցկացվել են հեռավար կարգով: Նախապատրաստական փուլում օլիմպիադայի կազմակերպիչները www.olymp.am կայքում 2 անգամ հրապարակել են առաջադրանքներ և խնդիրներ՝ առաջարկելով աշակերտներին երկու շաբաթվա ընթացքում աշխատել դրանց լուծման ուղղությամբ:
Առաջին փուլում մրցութային առաջադրանքներն ուղարկվել են կազմակերպիչ-համադրողներին, ովքեր սահմանված ժամկետում կազմակերպել են մրցույթը և փոխանցել հաղթող մասնակիցների ցուցակը:
Երկրորդ մրցութային փուլը կազմակերպվում է Հայաստանում, որին մասնակցում են առաջին փուլի հաղթողները:
Համահայկական բնագիտական օլիմպիադայի նպատակն է խրախուսել բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, սփյուռքում և Հայաստանում հայտնաբերել տաղանդավոր պատանիների, նաև ընդլայնել սփյուռքի հետ կատարվող աշխատանքների սահմանները:
«Համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացումը մի մեծ գործընթացի սկիզբ է, որը բերելու է կրթական համահայկական նոր ավանդույթի ձևավորման: Երկու տարին մեկ անցկացվող համահայկական փառատոներն այսուհետև կընդլայնեն իրենց առարկայացանկը՝ ավելացնելով նաև «քիմիա» և «կենսաբանություն» առարկաների մրցույթները: Վստահեցնում եմ, Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել թե մեր երկրում կրթության որակի բարելավման, թե Հայաստան-սփյուռք-Արցախ եռամիասնության մեջ կրթական ոլորտի ծրագրերն առաջնահերթություն դիտարկելու տեսանկյունից»,- օլիմպիադայի մասնակիցներին ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Օլիմպիադայի մասնակիցներին իր օրհնությունն է հղել Սուրբ էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը:
Օլիմպիադան կտևի մեկ շաբաթ: Փակման արարողությունը կկայանա հուլիսի 27-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել