HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«ԷՖԵՍ»-ի խոշոր գործարքը. 940 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանից

Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին պատկանող, մեկ տարի առաջ գրանցված «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ 940 մլն դրամի (939 627 220  ՀՀ դրամ) պայմանագիր է կնքել։ 

Պայմանագիրը, ըստ Armeps համակարգի, կնքվել է երկու շաբաթ առաջ՝ 2024 թվականի օգոստոսի 1-ին։ 

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն 796 մլն դրամի առողջապահական ծառայություններ պետք է մատուցի Երևանի քաղաքապետարանի (ներառյալ՝ Երևանի վարչական շրջանները) և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողներին։ Ծառայությունները մատուցվելու են «Առողջապահության ապահովագրության» փաթեթով։

Փաթեթը ձեռք է բերվել հրատապ բաց մրցույթով։ 

Ծառայությունների մատուցումն ու դրանց համար վճարումները պետք է կատարվեն հինգ ամսվա ընթացքում՝ 2024-ի օգոստոս-դեկտեմբերին։ Ապահովագրության այս փաթեթը նախատեսված է 16 534 մարդու համար։ 

Մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը մանրամասն թվարկված է՝ տարեկան կանխարգելիչ հետազոտություններից մինչև շտապ և անհետաձգելի բուժօգնություն, ամբուլատոր բուժօգնություն և այլն։ 

Պայմանագրի գնի մնացած՝ 144 մլն դրամի վերաբերյալ մանրամասներ չկան։ Միայն նշված է, որ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կկնքվի լրացուցիչ համաձայնագիր։ Սա կարող է նշանակել, որ նշված գումարը դեռևս առկա չէ կամ դեռևս չի հաստատվել  քաղաքապետարանի բյուջեով։

 940 մլն դրամը ներառում է նաև հարկերն ու տուրքերը։ 

Armeps-ի պայմանագրերից երևում է, որ Երևանի քաղաքապետարանի հետ նշված 940 մլն դրամի պայմանագիրը «ԷՖԵՍ»-ի առաջին խոշոր գործարքն է պետական մարմնի հետ։  Գրանցումից ի վեր «ԷՖԵՍ»-ը պայմանագրեր է կնքել նաև Ներքին գործերի նախարարության, «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հետ։ Սակայն նրանց պարագայում խոսքն անհամեմատ ավելի փոքր գումարների մասին է։ 

«ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը (ԱՓԲԸ) 2023 թվականի հուլիսին է Հայաստանի ապահովագրական շուկա մտել։ Այն ուղղակիորեն կապված է շուկայի հին և խոշոր խաղացողներից մեկի՝ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի բաժնետիրոջ և ղեկավարների հետ։ Առանցքային դերը առողջապահության նախկին նախարար (2016-2018), ապահովագրական շուկայի հնաբնակ Լևոն Ալթունյանինն է։

​​«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի միակ ուղղակի բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ինթելլիջենք մենեջմենթ» ՍՊԸ-ն, որն էլ իր հերթին հավասարապես պատկանում է Լևոն Ալթունյանին (50%) և ապահովագրական շուկայում հայտնի մասնագետ Արևշատ Մելիքսեթյանին (50%):

Արևշատ Մելիքսեթյանը նաև «ԷՖԵՍ»-ի գլխավոր գործադիր տնօրենն է։ Տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև «Ինգո Արմենիա»-ում։

«ԷՖԵՍ»-ի գլխավոր ռազմավարական ուղղությունը, կարծես, առողջապահության ապահովագրությունն է։ Ալթունյանին փոխկապակցված «Վարդանանց» բժշկական կենտրոնը, որը մինչև «ԷՖԵՍ»-ի բացումը սպասարկում էր «Ինգո Արմենիա»-ում ապահովագրված հաճախորդներին, այժմ նաև «ԷՖԵՍ»-ի հետ է սերտ համագործակցում։

Ինչպես ավելի վաղ նշել ենք, չի բացառվում, որ առաջիկայում շուկան այնպես դասավորվի, որ «ԷՖԵՍ»-ը առողջապահության ապահովագրության ոլորտում փոխարինի «Ինգո Արմենիա»-ին, իսկ «Ինգո Արմենիա»-ի հիմնական գործառույթը շուկայում մնան ապահովագրության մյուս դասերը, այդ թվում՝ ԱՊՊԱ-ն։

Երևանի քաղաքապետարանը նախկինում ևս իր աշխատակիցների համար առողջապահության ապահովագրության պայանագրեր է կնքել ապահովագրական ընկերությունների հետ։ 2022 թվականին «Սիլ ինշուրանս»-ից 460 մլն դրամի առողջապահության ապահովագրության փաթեթ է ձեռք բերել։ 2023-ին 810 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter