HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոն կոչ է անում Ուկրաինային եւ Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ և դադարեցնել պատերազմը, քանի որ այն պետք չէ «ոչ ուկրաինացի ժողովրդին, ոչ ռուսներին, ոչ էլ բելառուսներին»: Այդ մասին БелТА գործակալության փոխանցմամբ նա հայտարարել է ռուսական Россия հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Լուկաշենկոյի կարծիքով՝ պատերազմը պետք է միայն «ամերիկյան ծագում ունեցող բարձրաստիճան մարդկանց»։ 

«Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ և ավարտենք այդ կռիվը։ Այն ոչ ուկրաինացի ժողովրդին, ոչ ռուսներին, ոչ բելառուսներին պետք չէ։ Դա նրանց է պետք: Ես չեմ կարող այդ փաստերը բերել, դրանք բացարձակապես փակ ինֆորմացիա են, որտեղ բացահայտ ասում են՝ այդ բարձրաստիճան մարդիկ։ Բառացիորեն. «Թող իրար ծեծեն՝ ուկրաինացիները, ռուսները, թող այս կաթսայում բոլորը մեռնեն»։ Այդ մասին բարձրաստիճան պաշտոնյաներն են խոսում։ Ամերիկյան ծագում ունեցող, ես ձեզ մի փոքրիկ գաղտնիք կբացեմ: Դա ի՞նչ է, նորմա՞լ է: Նրանք ուզում են, որ մենք իրար ոչնչացնենք»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ չէ կիրառել Բելառուսի տարածքում տեղակայված ռուսական միջուկային զենքը, քանի դեռ չեն խախտվել Միութենական պետության սահմանները:

«Երբ այստեղ հայտնվեց մարտավարական միջուկային զենքը, ես նրանց՝ արևմտյան գործիչներին ասացի. «Մենք չենք պատրաստվում որևէ զենք կիրառել, քանի դեռ դուք ոտք չեք դրել մեր պետական սահմանի վրա: Այն մեր Միութենական պետության սահմանն է»»,- նշել է նա։

Լուկաշենկոն հավելել է, որ ներկայիս պայմանավորվածությունների համաձայն՝ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանն իր զորքերը կմտցնի՝ ռազմական աջակցություն ցուցաբերելու համար: Նրա խոսքով՝ բելառուսական բանակը «ընդունում է առաջին հարվածը, իսկ հետո պահեստազորում մեզ ապահովագրում է Ռուսաստանը»։ 

Ուկրաինական զորքերի՝ Կուրսկի մարզի տարածք ներխուժման ֆոնին Լուկաշենկոն հրահանգել է Գոմելի և Մոզիրի ուղղություններում ուժեղացնել զորքերի խմբավորումները՝ «ցանկացած հնարավոր սադրանքի արձագանքելու նպատակով»: Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի խոսքով՝ Ուկրաինայի հետ սահմանին կտեղակայվեն «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ:

Լուսանկարը՝ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter