Վարչապետը խոստացել է հետեւել, որ քննությունը լինի արագ, համակողմանի եւ թափանցիկ
Երեկ դիմեցինք վարչապետի օգնական Արամ Անանյանին` խնդրելով տրամադրել ՀՀ վարչապետի խորհրդական, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի հետ կնքած պայմանագիրը։ Համաձայն մեզ տրամադրած պայմանագրի` Սերոբ Տեր-Պողոսյանը (պայմանագրում` Սերոփ-Գորիոն Դեր–Բողոսյան) պարտավորվում է անհատույց իրականացնել Վարչապետի խորհրդականի պարտականությունները։ Նա իրականացրել է նաև 2009 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ ստեղծված հասարակական տրանսպորտի և երթևեկության համալիր զարգացմանն աջակցող աշխատանքային խմբի ղեկավարի աշխատանքները։
Սերոբ Տեր-Պողոսյանի հետ պայմանագիրը կնքվել է 2009թ.-ի մայիսի 20-ին` մինչև դեկտեմբերի 31-ը: Փաստաթղթում կատարվել է նաև փոփոխություն, համաձայն որի` Պողոսյանի պարտականությունների ավարտման ժամկետ է նշվել 2010 թվականի դեկտեմբերի 31-ը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում անդրադարձել է «Հետքի» հրապարակմանը. «Բարեկամներ, այսօր ինձ փոխանցեցին hetq.am կայքում հրապարակված հոդվածը, որտեղ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ, «Համագործակցության համար» մեդալի մեդալակիր և հասարակական հիմունքներով իմ նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է ծանր, անբարո հանցագործության մեջ: Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. հետևելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի և թափանցիկ: Վստահ եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել