HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի վերաբերյալ

2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի նախաքննությունը ավարտվել է 2012 թ. հուլիսի 19-ին:

Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Ժորայի Միքայելյանին՝ «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս» հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մաս):

Նախաքննության նյութերը ներկայացվել են Հ. Խաչատրյանի իրավահաջորդի՝ Մ. Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանին: Այսօր՝ 2012 թ. հուլիսի 23-ին, փաստաբան Մ. Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժին, որով բարձրացնում է մի շարք էական խնդիրներ, քանի որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից և գործով որպես մեղադրյալ չեն ներգրավվել անձինք, որոնց մեղադրանք առաջադրելու համար առկա են բավարար ապացույցներ:

Նախաքննության ընթացքում Մինաս Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Սակայն նախաքննության մարմինը նախաքննության ավարտից մեկ շաբաթ առաջ՝ 2012 թ. հուլիսի 12-ին, որոշում է կայացրել վերացնելու «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» մեղադրանքը՝ անտեսելով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները:

Ըստ էության, նախաքննության մարմինը Հ. Խաչատրյանի մահվանը հանգեցրած ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ առաջադրում է այնպիսի մեղադրանք, որը կարելի է գնահատել հովանավորչություն և քրեական գործի կոծկում:

Փաստաբան Մ. Շուշանյանն իր միջնորդությամբ պահանջում է բժիշկների նկատմամբ մեղադրանքն առաջադրել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածներով, ինչպես նաև քննության առնել Հայկ Խաչատրյանի պարեկային ծառայության կարգի խախտմամբ պարեկային ծառայության նշանակած անձանց՝ պարզելու և նրանց նկատմամբ քրեական պատասխանատվություն ենթարկելու նպատակով:

Քանի որ Հ. Խաչատրյանի մահվան հիմքով քրեական գործը չի մտել դատական փուլ, պահանջում ենք ՀՀ պաշտպանության նախարարից և ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանից օրենքով սահմանված իրենց գործառույթները լիարժեք իրականացնել, որպեսզի ապահովվի ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնի կողմից բազմակողմանի քննության իրականացումը:

Պարոն նախարար և պարոն զինդատախազ, այս պահին «դատարանը կպարզի»՝ պատճառաբանությանը հղում անելու որևէ հիմք չկա, որովհետև այս պահին դուք եք պատասխանատու գործի պատշաճ քննության համար, և մենք ահազանգում ենք աղաղակող ապօրինության մասին, որի չվերացման համար անմիջական պատասխանատվությունը կրում եք դուք:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
23 հուլիսի, 2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter