
Մեկնարկել է Պուտինի պետական այցը Ադրբեջան. կքննարկվեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-ի երեկոյան ժամանել է Բաքու։ Նա Ադրբեջանի մայրաքաղաք է եկել երկօրյա պետական այցով: Ինչպես փոխանցում է ռուսական կողմը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում Պուտինը կքննարկի երկկողմ փոխգործակցության առկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը։
Բաքվի օդանավակայանում Պուտինին դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը։ ՌԴ նախագահին դիմավորող պատվիրակության կազմում են եղել նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:
Putin flies to Baku, Azerbaijan for a two-day official visit
— NEXTA (@nexta_tv) August 18, 2024
How does Aliyev feel about hosting a war criminal? pic.twitter.com/CleyW84Soq
Ռուսաստանի առաջնորդի պաշտոնական և աշխատանքային հիմնական հանդիպումները նախատեսված են այսօր՝ օգոստոսի 19-ին: Սակայն նախորդ երեկոյան Պուտինը ոչ պաշտոնական ընթրիք է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա կնոջ, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ։ Արարողակարգի համաձայն՝ Պուտինը կայցելի նաև Հեյդար Ալիևի գերեզման ու կլինի «Շեհիդների պուրակում»։
🇷🇺 #Russia president Putin hugs 🇦🇿 #Azerbaijan president Aliyev & his wife during his official visit to Baku. pic.twitter.com/RZBdNE9hYi
— sam (@sammartirosyan9) August 19, 2024
Նախատեսված է, որ Ալիևը Ռուսաստանի նախագահին պաշտոնապես կդիմավորի «Զաղուլբա» նստավայրում, որը գտնվում է Բաքվից դուրս՝ Կասպից ծովի ափին։ Այս հանդիպումը կդառնա 2024 թվականին Պուտինի և Ալիևի երրորդ տետատետ հանդիպումը։
Երկու պետությունների ղեկավարները նախ կշփվեն նեղ ձևաչափով, այնուհետև ռուս-ադրբեջանական բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Բանակցությունների երկու փուլերի արդյունքում կընդունվի երկու երկրների նախագահների համատեղ հայտարարությունը, ինչպես նաև կստորագրվեն մի քանի միջկառավարական և այլ փաստաթղթեր: Ստորագրման արարողության ավարտին Պուտինն ու Ալիևը լրագրողներին կտեղեկացնեն բանակցությունների արդյունքների մասին:
Ինչպես փոխանցում է ռուսական կողմը, Ալիևը Պուտինին կներկայացնի նաև Baku White City նախագիծը, որը նպատակ ունի վերականգնել և զարգացնել Ադրբեջանի մայրաքաղաքի արևելյան հատվածը։ Պուտինը կայցելի նաև Սուրբ մյուռոնակիր կանանց մայր տաճար։
Ինչպես արդեն նշվել է, բանակցությունների կարևոր կետերից է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Կրեմլը փոխանցում է, որ երկու երկրների նախագահները «կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդիական հարցերի, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմաների շուրջ»։
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Առանցքային խնդիրներ են մնում խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղումը, տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի ապաշրջափակումը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասված է Պուտինի Բաքու այցից առաջ Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության
Մեկնաբանել