HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ պտուտակը սկսում է իրեն շարժիչ երևակայել

Վարդան Ղուկասյանն այլևս Գյումրու տեր ու տնօրենը չի լինելու՝ ոչ թե այն պատճառով, որ գյումրեցիները դա չեն ուզում, այլ որովհետև նա իշխանություններին՝ որպես քաղաքապետ և որպես ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավար, այլևս պետք չէ: Վարդան Ղուկասյանի ժամանակը Գյումրիում սպառվել է, թեև ոչ նա, ոչ էլ նրա ընտանիքն ու հատկապես որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ով երկրի երկրորդ քաղաքում բացահայտ ու անարգել տեռորով էր զբաղված, այդ մտքի հետ ոչ մի կերպ համակերպվել չեն ցանկանում: Սակայն ինչու է Գյումրիում տեղի ունենում այս փոքրիկ հեղաշրջումը:

Վարդան Ղուկասյանն իրեն Գյումրիում համարում էր իշխանությունների համար անփոխարինելի: Նա անգամ սկսել էր լրջորեն մտածել, որ այս քաղաքում ոչ թե ինքն է կախված իշխանություններից, այլ վերջիններս՝ իրենից, հետևաբար իշխող կուսակցությունը պարտավոր է ցանկացած դեպքում համակերպվել իր կամակորությունների հետ և պաշտպանել իր բոլոր նախաձեռնությունները: Դրա մասին է խոսում երեք իրողություն:

Նախ, նա, լինելով ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը, բացարձակապես իրեն պատասխանատու չէր զգում խորհրդարանական ընտրություններում այս մարզի բոլոր մեծամասնական ընտրատարածքներում ՀՀԿ-ի կրած խայտառակ պարտության համար: Եթե այդքանը նա ըմբռներ, ապա ոչ թե այս օրերին, այն էլ միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Գյումրի կատարած այցից հետո հրաժարական կտար կառույցի ղեկավարի պաշտոնից, այլ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Դա գոնե դեմքը փրկելու հնարավորություն կտար:

Երկրորդ՝ երբ Ղուկասյանը տեղեկացավ Գյումիրիում սպասվող քաղաքապետի ընտրություններում իշխանությունների կողմից այլ թեկնածուի պաշտպանելու մտադրության մասին, իր խոսնակի միջոցով հայտարարեց, թե անպայման առաջադրվելու է, և որ երբեք չի առաջնորդվել կուսակցական որոշումներով: Այս կերպ նա փորձեց փաստի առաջ կանգնեցնել ՀՀԿ-ին ու երկրի նախագահին՝ ելնելով այն անհիմն համոզումից, որ այդ դեպքում նրանք ստիպված են լինելու կանգնել իր թիկունքին: Այս հաշվարկները սխալ դուրս եկան առաջին հերթին այն պատճառով, որ Ղուկասյանին իշխանությունները ոչ թե ընկալում էին որպես անփոխարինելի ֆիգուր՝ ազդեցության հսկայական ռեսուրսով, ինչում համոզված էր ինքը՝ Ղուկասյանը, այլ ընդամենը որպես սովորական պտուտակ, որին տրված էր ազատ տեղաշարժվելու որոշակի տիրույթ: Սակայն Ղուկասյանի այս հայտարարությունն արդեն դուրս էր սովորական պտուտակի շառավղից:

Եվ երրորդ՝ հուլիսի 21-ին, փաստացի ի պատասխան Հովիկ Աբրահամյանի այցելության, Վարդան Ղուկասյանը Գյումրիի կենտրոնում կազմակերպել էր բողոքի ակցիա՝ թերևս ցույց տալու համար, թե գյումրեցիների սերն ու հավատարմությունն իր նկատմամբ որքան մեծ են, և որքան են իշխանությունն ու մասնավորապես Սերժ Սարգսյանը սխալվել իր ծառայություններից հրաժարվելու և ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի վրա խաղադրույք կատարելու որոշումը կայացնելիս: Անփոխարինելիության այս համոզումը Ղուկասյանին ներշնչել է, սակայն, ներկայում նրան մի կողմ շպրտող իշխանությունը, որը, փաստորեն, ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ Ղուկասյանը ոտնձգություն կատարեց արդեն իշխանական համակարգում հաստատված խաղի կանոնների նկատմամբ, և երբ, կորցնելով իրականության զգացողությունը, սկսեց աշխատել ոչ թե համակարգի օգտին, այլ փորձեց համակարգը օգտագործել իր օգտին:

Բացի դրանից՝ նրան փոխարինելով ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանով՝ Սերժ Սարգսյանը փորձում է նախագահական ընտրություններին ընդառաջ այստեղ ամրապնդել իր դիրքերը: Համաձայնելով Բալասանյանի քաղաքապետ դառնալուն՝ նա, որպես փոխհատուցում, ակնկալելու է այս մարզում ԲՀԿ-ի անվերապահ աջակցությունն իրեն: Եթե անգամ ԲՀԿ-ն դա չանի էլ, Բալասանյանը հետայսու սկսելու է աշխատել ոչ թե ԲՀԿ-ի կամ Գագիկ Ծառուկյանի համար, այլ Սերժ Սարգսյանի, ում է միմիայն պարտական լինելու քաղաքապետ դառնալու համար: Այս իմաստով, փաստորեն, Բալասանյանի համար գալիս է ճակատը նոր տիրոջ համար մաքրելու ժամանակը:

Նախագահական ընտրությունների նախօրեին Գյումրին ազատելով տարիներ շարունակ բնակչությանը կեղեքող ու ահաբեկող կլանից՝ նախագահը նաև հույս ունի հանդես գալ «փրկարար հոր» կերպարով և վերադարձնել իր ու իր քաղաքական թիմի նկատմամբ նաև Ղուկասյանի «շնորհիվ» այս մարզում կորսված վստահությունը: Այսինքն՝ Վարդան Ղուկասյանի հեռացումն ասպարեզից նաև նախընտրական և քարոզչական նպատակներ է հետապնդում:

Ամեն դեպքում Վարդան Ղուկասյանի ժամանակն արդեն հաշված է: Եվ հիմա խնդիրն այն է, թե այս իրավիճակում ինչ քայլեր ու հակաքայլեր են անելու թե նա, և թե իշխանությունը: Ղուկասյանն իհարկե, առայժմ իր կողքին մնացած հավատարիմ մարդկանց միջոցով, որոնք կորցնելու բան ունեն, կարող է Գյումրիում «դեբոշներ» հրահրել, նաև խոչընդոտել նոր տեղական իշխանության ձևավորումը: Դրանք ավելի շուտ սադրիչ նպատակներ կունենան՝ ապացուցելու, թե որքան են իրենք հզոր այս տարածաշրջանում անգամ իշխանությունը կորցնելուց հետո, և որքան անզոր են լինելու նորընտիր տեղական իշխանությունն ու նոր քաղաքապետը իրավիճակն իրենց վերահսկողության տակ առնելու համար:

Սակայն նման քայլերի դիմելը կնշանակի, որ Ղուկասյանը վա բանկ է գնում, ինչը քիչ հավանական է, որովհետև դրա արդյունքում Ղուկասյանը կարող է վերջնականապես զրկվել այն ամենից, ինչի հասնել է պաշտոնավարման անցած տարիներին՝ դրա համար վճարելով նույնիսկ իր առողջությամբ:

Իշխանության հետագա քայլերը պայմանավորված կլինեն Ղուկասյանի կլանի ակտիվությունից: Սակայն ցանկացած դեպքում նոր քաղաքապետն իսկապես խնդիր է ունենալու Գյումրին ղուկայսանական թայֆայի ազդեցությունից ձերբազատելու տեսանկյունից՝ հաշվի առնելով նրանից հանրության ահաբեկվածության աստիճանը: Ըստ այդմ, նոր քաղաքապետը՝ ամենայն հավանականությամբ, հենց Սամվել Բալասանյանը, ունենալու է մեկ ընտրություն. կամ ղուկասյանական կլանին չեզոքացնելու և իր ազդեցությունը մեծացնելու համար ստեղծել սեփական կլանը, կամ փորձել օրինականություն հաստատել՝ ապավինելով թե հանրային ու քաղաքական օժանդակությանը և թե իրավապահ համակարգի աջակցությանը:

Առաջին տարբերակը բխում է իշխանության և անձամբ նոր քաղաքապետի շահերից: Մեծ հաշվով իշխանության համար կապ չունի՝ ով է քաղաքապետը և ինչ միջոցով է կարողանում ձեռք բերել հեղինակությունն ու ազդեցությունը: Էականը դրանից ակնկալվող օգուտն է: Եթե Բալասանյանը կարողանա այս ճանապարհով ծառայել իշխանությանը, նույնքան պաշտպանված կլինի նրա կողմից, որքան էին մինչև հիմա Վարդան Ղուկասյանն ու նրա զավակն իր շրջապատով:

Մինչդեռ օրինականություն հաստատելու և Գյումրիում առկա անպատժելիության մթնոլորտը վերացնելու ուղին ընտրելու համար նախ անհրաժեշտ է լինելու, որ նոր քաղաքապետն ընտրվի լեգիտիմ ընտրությունների միջոցով, ինչը իրական հնարավորություն կտա հետագա ձեռնարկումներում ապավինել հանրության աջակցությանը: Սակայն սրա համար լավատեսության հիմք գրեթե չկա: Խնդիրն այն է, որ նոր քաղաքապետը ոչ թե ընտրվելու է, այլ փաստացի նշանակվելու, ու քանի որ արդեն պարզ է՝ ով է իշխանության թեկնածուն, ակնհայտ է, որ նա ավելի շատ պարտադրվելու է գյումրեցիներին, քան առաջարկվելու: Իսկ պարտադրված քաղաքապետը երբեք չի կարող ապավինել հանրային աջակցությանը:

Մեկնաբանություններ (1)

hay_mard
Prn.Vardan Ghukasyan, duk vor arajin angam entrvetsik asetsik vor joghovurde xndrets. u erevi da aydpes er inch vor mi tegh, helnelov jamanaki pahanjits. bayts mite edkan kaghtsr e anter pashtone vor chek karogh hamozvel vor joghovurde el chi uzum kam popokhutyun e uzum. ete chek havatum vardsek ankakh kazmakerputyun ev togh hetazoti, ev kimanak ankeghts pataskhane. inchi hamar ek uzum bardatsnel dser, dser entaniki ev ayl mardkants kyanke. arevi tak voch mi ban mshtakan chi, aveli lava heranak haghtanakats ev parkov kan partvats. haskatsek dser shrjapate dsez chi karogh ughigh ev ankeghts baner asel u ete inch vor ban sksvi apa arajine nrank ktoghen dses miaynak. Heratsek parkov ev sandsek hamapataskhan mardkants. petk chi joghovrdi hamberutyune pordsel ev eghbayraspan gortsoghutyuneri drdel.dser karike eghela, shnorakalutyun dser katarats ashkhatanki hamar. toghek dser anune Gyumrii patmutyan mej vorpes lav kaghakapet, ayl voch te atoraser byurokrat. Kam ete gtnum ek vor jamanakakits demokratik orenknere dser ev dser karavarats kaghaki hamar chi, ughik asek mez joghovrdis menkel dimenk petutyan ghekavarnerin mez teghapokhen urish kaghak kam erkir, duk dser shrjapatov mnatsek, aprek, vaylek.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter