
Ավազակային հարձակում՝ ընտանիքներով
Ամբաստանյալի նստարանին հայտնվածները ամուսնական զույգեր են՝ 1992թ. ծնված Հովհաննես Վարդանյանն ու իր կինը՝ 20-ամյա Աշխեն Եղոյանը, 1988թ. ծնված Գարիկ Տոնոյանը և իր անչափահաս կինը՝ 1995թ. ծնված Աննա Վարդանյանը: Ավազակային հարձակման մեջ մեղադրվող զույգերն իրականում ծրագրել էին գողություն կատարել Հովհաննես Վարդանյանի ծանոթներից մեկի տատի՝ 84-ամյա Ռոզա Վարդազարյանի բնակարանում: Կողոպտելու մտադրությամբ բնակարանում հայտնվածները, հայտնաբերվելով տանտիրուհու կողմից, ստիպված էին եղել դիմել սպառնալիքի և ուժի: Գողությունը վերածվել էր ավազակային հարձակման:
Ամբաստանյալներից Գարիկ Տոնոյանին մեղադրանք էր առաջադրվել քր.օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով: Անչափահաս Աննա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել քր.օր-ի 38-175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով:
Հանցավոր արարքը կատարելուց հետո ամուսիններ Հովհաննես Վարդանյանը և Աշխեն Եղոյանը թաքնվել էին նախաքննական մարմիններից: Գյումրու ոստիկանության բաժնի աշխատակիցները նրանց հայտնաբերել և քննության էին ներկայացրել հունիսի 4-ին: Նրանցից Հովհաննես Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով, իսկ Աշխեն Եղոյանին՝ քր.օր.-ի 38-175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, գործի քննության հենց սկզբում ամբաստանյալներից Աշխեն Եղոյանը հայտարարեց, որ մեղքն ընդունում է մասնակի: Ամբաստանյալը նշեց, որ ինքը չի ընդունում անչափահասին՝ այս դեպքում Աննային, ծրագրվածի մեջ ներգրավելու իրեն և ամուսնուն առաջադրված մեղադրանքը, քանի որ տվյալ փաստն իմացել է միայն ավազակային հարձակումից հետո: Մնացած երեք ամբաստանյալներն իրենց մեղքն ընդունեցին լիովին, թեպետ Հովհաննես Վարդանյանը ևս դատարանում տված իր ցուցմունքի ժամանակ անընդհատ պնդում էր, որ թեև մոտ են եղել ընտանիքներով, սակայն ինքը չի իմացել, որ Աննան 16 տարեկան է: «Ես ընձի թույլ չէի տա աղջկան տարիք հարցնել, ընկեր դատավոր»,- պարզաբանեց ամբաստանյալը:
Հովհաննես Վարդանյանը դատարանում տված իր ցուցմունքում նշեց, որ շատ լավ է ճանաչում տուժող Ռոզա Վարդազարյանին: Ամբաստանյալը տուժողի թոռան՝ Արկադիի հետ ծանոթացել է, երբ աշխատել է Գյումրու կենտրոնական շուկայում: Նրա հետ մի քանի անգամ եղել է ծեր կնոջ բնակարանում: Արկադիի՝ բանակ զորակոչվելուց հետո երբեմն այցելել է տուժողին, նրա համար փայտ կոտրել, մանր-մունր կենցաղային հարցերում օգնել, որի դիմաց Ռոզա տատը ծխախոտի գումար է տվել:
Ամբաստանյալ Գարիկ Տոնոյանի հետ ընկերություն արել է մոտ 1,5 տարի առաջ: 2011թ. թե ինքը, թե Գարիկն ամուսնացել են և դրանից հետո սկսել շփվել ընտանիքներով: Գարիկի ծնողները չեն ընդունել Աննային, և նրանք հեռանալով տնից մի շաբաթ ապրել են Հովհաննեսի և Աշխենի տնակում, հետագայում «Անի» թաղամասում բնակարան են վարձել ու տեղափոխվել: Հովհաննեսն իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ իրենք ունեցել են ջերմ, մտերմական հարաբերություններ, մանավանդ որ Աննայի և Աշխենի միջև եղել է բարեկամական կապ: Չնայած այս ամենին՝ թե Աշխենը, թե Հովհաննեսը դատարանում պնդեցին, որ չեն իմացել Աննայի անչափահաս լինելու հանգամանքը: Ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանը մեկ տարի առաջ գողության համար դատապարտվել էր 500 հազար դրամի չափով տուգանքի, սակայն գումարն ամբողջությամբ չէր կարողացել մարել: Պարտքեր ունեցել էր նաև Գարիկը, միայն թե խանութներին:
Պարտքերը փակելու այլ տարբերակ չունենալով՝ Հովհաննեսը միտք է հղացել կողոպտել Ռոզա տատին: Իր մտադրությունը նա նախ քննարկել է կնոջ՝ Աշխենի հետ, այնուհետև զանգել և իրենց տուն է կանչել Գարիկին ու Աննային: Փետրվարի 12-ի ցերեկը ամուսնական զույգերը հավաքվել են Հովհաննեսենց տանը: Գարիկը գինովցած է եղել, քանի որ զոքանչի տանը մինչ այդ նշել են կնոջ հղիության լուրը: Հովհաննեսի առաջարկն ընդունվել է միաձայն: Վերջինս որպես լուրջ փաստարկ հայտնել է, որ տատի հարազատները նրան արտերկրից մշտապես ուղարկում են գումարներ, որոնք նա պահում է տանը, բացի դրանից՝ ինքը տեսել է ոսկյա զարդեր, որոնք կրում է Ռոզա Վարդազարյանը:
Ըստ դերաբաշխման՝ տուն պիտի մտնեին Գարիկն ու Հովհաննեսը, իսկ կանայք պիտի մնային դրսում և հարկ եղած դեպքում շեղեին տուժողի տուն պատահական այցելողի ուշադրությունն ու զանգեին իրենց: Որոշվում է Արկադիի անունից կեղծ նամակ գրել տատին: Աշխենը թուղթ ու գրիչ է տալիս Աննային, և տղաների միահամուռ ջանքերով բանակում ծառայող թոռան «անունից» մի սրտառուչ նամակ է գրվում սիրելի տատին:
Երեկոյան՝ ժամը 18-ի կողմերը, ամբաստանյալները ոտքով «Նորավան» թաղամասից ուղևորվել են «Գծի հետև» կոչվող թաղամաս, որտեղ բնակվում է Ռոզա Վարդազարյանը: Տղաները մտնելով բակ թաքնվել են, իսկ Աննան թակել է բակը եզրագծող պարսպի դուռը: Ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանի ասելով՝ այդպես իրենք կկարողանային աննկատ տուն մտնել, մինչ տատը, դուրս գալով տնից, կմոտենար դռանը: Ծրագրածի համաձայն՝ ներակայանալով որպես Սիրուշ՝ Աննան տատիկին է հանձնել թոռան անունից գրված կեղծ նամակը:
Ծեր կինը, սկզբում ոչինչ չկասկածելով, աղջկան ներս է հրավիրել, ընթերցել նամակը: Միայն տարակուսել է, թե ինչպես կարող էր Սոչիում մեծացած ու ռուսական դպրոց հաճախած թոռն այդքան կարճ ժամանակում հայերեն գրել սովորել: Ամեն դեպքում խոստացել է թոռան խնդրած իրերը գնել և ճշտել է, թե արդյոք Սիրուշը՝ նույն ինքը Աննան, երկու օրից կգա և կվերցնի դրանք: Տուժողը Աննային սուրճ է առաջարկել, որից աղջիկը հրաժարվել է և շտապել է հեռանալ:
Աղջկա հեռանալուց հետո ոչինչ չկասկածող տանտիրուհին գնացել է հարևանի տանից դույլով ջուր բերելու: Վերադառնալուց հետո դուռը կրկին թակել են: Այս անգամ տիկին Ռոզայի հյուրը Աշխենն էր, ով, անհանագստանալով ամուսնու և Գարիկի ուշացումից, Աննային թողնելով փողոցում, գնացել էր տուժողի տուն: Քանի որ Ռոզա Վարդազարյանը ճանաչել է Աշխենին, ներս է հրավիրել և հարցրել գալու նպատակը: Վերջինս էլ հայտնել է, որ եկել է Հովհաննեսի հետևից: Ռոզան տեղեկացրել է, որ ահագին ժամանակ է, տղային չի տեսել, Աշխենին ուղեկցել է խոհանոց, որտեղ սուրճ է պատրաստել, ապա գնացել հյուրասենյակ՝ կոնֆետ բերելու:
Հյուրասենյակի և ննջասենյակի բաժանարար վարագույրի հետևում էլ հենց հայտանաբերել է տղաներին: Հովհաննեսի գլխին կնոջ զուգագուլպա է եղել, Գարիկը դեմքը փակել էր շարֆով: Վախից կինը գոռացել է՝ մտածելով, թե Աշխենը կգա օգնության: Կնոջ գոռոցից անակնկալի եկած՝ Գարիկը ձեռքին եղած խաղալիք ատրճանակն ուղղել է կնոջ կրծքին՝ պահանջելով փող և ոսկեղեն, իսկ Հովհաննեսը փակել է բերանը՝ լռեցնելու նպատակով: Եղել է քաշքշուկ: Կինը ընկել է գետին, իսկ ամբաստանյալները վերցնելով գողոնը փախել են տնից:
Դատական հաջորդ նիստում շարունակվելու է ամբաստանյալների և վկաների հարցաքննությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել