HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի փոխադարձ տարածքային պահանջներին վերադառնալու ռիսկերը. Ջեյհուն Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի ապագայում երկրների միջև տարածքային խնդիրներին վերադառնալու բոլոր հնարավոր ռիսկերը։ Այդ մասին ռուսական Известия-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մեզ համար հիմնական հարցն այն է, որ տարածքային բոլոր պահանջները, որոնք առկա են, պետք է ամբողջությամբ վերացվեն և փաստաթուղթը, իդեալական պայմաններում՝ խաղաղության պայմանագիրը, պետք է վերացնի բոլոր հնարավոր ռիսկերը, ապագայում այդ հարցին հնարավոր վերադարձը»,- ասել է Բայրամովը։

Բայրամովը դարձյալ կրկնել է ադրբեջանական քարոզչական այն թեզը, որ «գործընթացի ավարտի հիմնական խոչընդոտն այն է, որ Հայաստանի անկախության հռչակագրում և Սահմանադրության մեջ առ այսօր առկա են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ, ինչը Ադրբեջանի համար անընդունելի է»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը տված հարցազրույցում Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը բաց է Հայաստանի հետ բանակցային գործընթացին, իսկ Ռուսաստանը միշտ էլ ընդունելի հարթակ է եղել նման բանակցությունների համար։

«Բուն բանակցային գործընթացի անցկացման ձևաչափի առումով՝ մենք բաց ենք դրան։  Մենք դրա համար օգտագործում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև անմիջական երկկողմ ձևաչափը։ Նաև մենք երբեք չենք հրաժարվել տարբեր հարթակներից։ Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ էլ ընդունելի է եղել»,- ասել է Բայրամովը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն Երևանի «բոլոր չհիմնավորված պահանջները պետք է վերացվեն ոչ թե խոսքով, այլ՝ իրավաբանորեն հիմնավորված ձևով»։

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այն է, որ մենք միտված ենք Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց մենք լիովին այն գծի մեջ ենք, որ բոլոր այն անհիմն պահանջները, բոլոր այն չհիմնավորված դիրքորոշումները, որոնք Հայաստանի Հանրապետությունը երկար տասնամյակներ հայտարարել է, դրանք պետք է ամբողջությամբ վերացվեն։ Եվ դա պետք է տեղի ունենա ոչ թե հայտարարությունների և հռչակագրերի մակարդակով, այլ դա պետք է իր արտացոլումը գտնի իրավաբանորեն հիմնավորված ձևով»,- եզրափակել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter