
Ռուսաստանը Ուկրաինայից շուրջ 5000 զինծառայող է տեղափոխել Կուրսկի մարզ. WSJ
Ռուսական ռազմական հրամանատարությունն Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտուց Կուրսկի մարզ է տեղափոխել շուրջ 5 հազար զինծառայողի։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրին, որը տեղյակ է գործողության մանրամասներին։
Պարբերականի զրուցակցի տվյալներով՝ Կուրսկի մարզ տեղափոխված ուժերի թվում են Դոնեցկի մարզից մի բրիգադ, որտեղ ՌԴ զորքերը հարձակողական գործողություններ են իրականացնում։ Կուրսկի մարզ տեղափոխված մյուս զորքերը դուրս են բերվել ռազմաճակատի՝ այս պահին ՌԴ-ի համար պակաս կարևոր հատվածներից։
WSJ-ի աղբյուրը, սակայն, կարծում է, որ նման ուժեղացումը բավարար չէ, որպեսզի ուկրաինական զորքերը հետ քաշվեն Կուրսկի մարզից։ Պարբերականի զրուցակցի գնահատականներով՝ դրա համար Ռուսաստանը ստիպված կլինի գործի դնել ավելի քան 20 000 լավ պատրաստված զինծառայողի։
The Wall Street Journal-ը, հղում անելով արևմտյան փորձագետներին, նշում է, որ Ուկրաինան էլ, իր հերթին, Կուրսկի մարզ է ուղարկել մինչև 6000 զինծառայողի։ Ուկրաինայի զինված ուժերի ևս 4 հազար զինվորականներ էլ տեղափոխվել են Ռուսաստանին սահմանակից Սումիի մարզ՝ գործողությանն աջակցելու խնդիրների համար:
WSJ-ն նշում է, որ շփման գծում ուժերի թուլացումից խուսափելու համար Կուրսկի մարզում ընթացող գործողությանն ուկրաինական հրամանատարությունը պահեստազորից զգալի քանակությամբ զորքեր է ներգրավել, որի կազմավորմամբ ուկրաինական կողմն զբաղվել է վերջին մի քանի ամիսներին, այդ թվում՝ արևմտյան դաշնակիցների աջակցությամբ։
Լուսանկարը՝ Vitaly Nevar/Reuters
Մեկնաբանել