
Վենսը Թրամփի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է անվանել Չինաստանին զսպումը
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփի հաղթանակի պարագայում Չինաստանին հակազդելը կլինի նրա արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունը:
«Դոնալդ Թրամփը և ես մտադիր ենք կենտրոնանալ ամերիկյան արտադրության վերականգնման, Չինաստանից ԱՄՆ աշխատատեղերի վերադարձի վրա, որպեսզի թույլ չտանք ՉԺՀ-ին մեր հաշվին կառուցել իր միջին դասը։ Եթե մենք հաղթահարենք դա, ապա առաջիկա 50 տարիների ընթացքում կարող ենք հաջողությամբ դիմակայել Չինաստանին։ Պետք է կենտրոնանալ դրա վրա, սա ամենակարևոր արտաքին քաղաքական խնդիրն է»,- Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վենսը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար կարգավորել հարաբերությունները Չինաստանի հետ: ԱՄՆ նախկին նախագահի կարծիքով՝ դրա համար Վաշինգտոնին առաջին հերթին անհրաժեշտ է հասնել Պեկինի հարգանքին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին: Սկզբում ակնկալվում էր, որ Դեմոկրատական կուսակցությունից մրցապայքարի մեջ կմտնի գործող նախագահ Ջո Բայդենը, սակայն Թրամփի հետ հունիսյան բանավեճում Բայդենի ձախողումից հետո դեմոկրատները սկսեցին նոր թեկնածուներ որոնել։ Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց նախագահական մրցավազքից իր դուրս գալու մասին և աջակցեց փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը: Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու է առաջադրվել Դոնալդ Թրամփը։
Կոլաժը՝ CNN-ից
Մեկնաբանել